Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկիր մոլորակից ավելի շատ վառոդի, քան վարդի հոտ է գալիս»

Մարտ 25,2014 13:47

Դանիել Երաժիշտը՝ կոմպոզիտորական վարդերգության մասին
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում, տնօրեն Նարինե Թուխիկյանի նախաձեռնությամբ եւ Դանիել Երաժշտի ղեկավարած «Շարական» անսամբլի մասնակցությամբ, 2007թ. նշվեց Գյոթեի «Վայրի վարդը» բանաստեղծության թումանյանական թարգմանության 100-ամյակը: Մեզանում հայտնի է Ռոմանոս Մելիքյանի երաժշտությամբ, Գյոթեի բանաստեղծությամբ «Վարդը» ռոմանսը (1911թ.):

Այսօր  Ազգային օպերային թատրոնում «Համերգ ճեմասրահում» նախագծի (հեղինակ՝ Շմավոն Գրիգորյան) հերթական երեկոյի առանցքում դարձյալ գերմանացի գրողի երկուսուկես դար առաջ գրված հանրահայտ բանաստեղծությունն է «հրամցվելու»: Այս անգամ Դանիել Երաժիշտը կներկայացնի շուրջ 10 կոմպոզիտորների, այդ թվում՝ Յ. Ռայխարդ, Պ. Գրյոնլանդ, Ֆ. Շուբերտ, Յո. Բրամս, Ռ. Շուման եւ այլն, որոնք ժամանակին տպավորված Գյոթեի հիշյալ բանաստեղծությամբ, այն վերածել են վոկալ ստեղծագործության:  Կատարումներով հանդես կգան երգիչներ Անահիտ Պապայանը, Սոֆյա Թումանյանը, Արման Նիկոլյանն ու Զոհրաբ Զոհրաբյանը՝ կոնցերտմայստեր Լյուդմիլա Խորոզյանի նվագակցությամբ: Վերջին ակորդը կհնչի նշյալ երգիչների եւ օպերային թատրոնի՝ փայտյա փողային քառյակի ընկերակցությամբ: Դանիել Երաժիշտը համադրել է տարբեր ժամանակներում Շումանի եւ Վերների «Վայրի վարդը» բանաստեղծության հիման վրա գրված երգչախմբային երկերը:

«Առավոտի» հետ զրույցում Դանիել Երաժիշտը նշեց, որ Գյոթեի «Վայրի վարդը» բանաստեղծությունը վոկալ երկ են դարձրել ավելի քան 100 կոմպոզիտորներ, դրանք ներկայացնելով իբրեւ քնարական մանրապատում, եւ միայն Ռոմանոս Մելիքյանն էր, որ այդ բանաստեղծության մեջ տեսել է պոետի ողբերգությունը:

«Հայ պոեզիայում վարդի խորհրդանիշը մեծ տեղ է գրավում, օրինակ՝ Պետրոս Ղափանցու (18-րդ դար) մոտ վարդը հայրենիքի խորհրդանիշ է, իսկ իմ «Վարդը», որ գրել եմ 14-րդ դ. պարսիկ բանաստեղծ Հաֆեզի խոսքերով, որին Գյոթեն համարում էր իր ուսուցիչը, սիրո խորհրդանիշ է: Ընդհանրապես վարդը՝ իբրեւ խորհրդանիշ, լայն շառավիղ ունի. Մարիամ Աստվածածնից, Քրիստոսից մինչեւ սիրո, գեղեցկության սիմվոլ: Ի դեպ, 20-րդ դարի հունգարացի անվանի կոմպոզիտոր Ֆրանց Լեհարն իր հայտնի «Ֆրեդերիկա» օպերետում, որտեղ Գյոթեի եւ նրա սիրած աղջկա՝ Ֆրեդերիկայի սիրո պատմությունն է, դարձյալ օգտագործել է նաեւ «Վայրի վարդը» բանաստեղծությունը»,- ասաց մեր զրուցակիցը: Երաժիշտը հավելեց, որ Գյոթեն միշտ երազում էր, որ ներդաշնակվեն Արեւելքն ու Արեւմուտքը, այլ ոչ թե հակադրվեն: «Մինչդեռ, ցավոք, այսօր Երկիր մոլորակից ավելի շատ վառոդի, նավթի, ծխի հոտ է գալիս, քան վարդի բույր: Այս երեկոն մի կողմից յուրօրինակ վարդերգություն է՝ նվիրված մեր կանանց, մյուս կողմից էլ՝ այն նպատակ ունի: Կարեւորում եմ նմանօրինակ համերգները, քանի որ համոզված եմ, որ աշխարհին է անհրաժեշտ վարդի բույրը»,- հայտնեց Դանիել Երաժիշտը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31