Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ դաստիարակությունը թույլ չտվեց ինձնից ավագին պատասխանել». «Իրատես de facto»

Մարտ 25,2014 12:31

ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)

Երեկ «քառյակը» ԱԺ-ի արտահերթ քննարկմանը ներկայացրեց մի նախագիծ, որն առնչվում էր «ՀՀ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ 2012-13 թվականների ընթացքում արագաչափերի և տեսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման, Երևանի ուղևորափոխադրումների ուղեվարձի հնարավոր թանկացման, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքների գործադրման ազդեցությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով» ստեղծելուն։ Նախագիծը ներկայացնում էր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ով առաջին իսկ հարցից հետո «պիտակավորեց» ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանին, ում հարցը նրան հիմք տվեց ասելու, որ պատգամավորը երիտասարդ է, և «քաղաքական դաստիարակության» խնդիր կա։ Իսկ «երիտասարդ» պատգամավորն այսպիսի դիտարկում էր արել. «Ինձ մոտ տպավորություն է, որ իմ օրինաստեղծ գործընկերները ստանձնում են հանձնաժողովաստեղծ պարտականությունը։ Տպավորություն է, որ մեր գործընկերները խոսում են խոսելու համար, շահարկումներ անելու համար, կրակի վրա յուղ լցնելու համար։ Ձեր նշած ոլորտներում, իհարկե, խնդիրներ կան, սակայն պետք է առաջարկներ ներկայացնել խնդիրների լուծման ուղղությամբ»։

– Պարոն Զաքարյան, այնպիսի հարցերի բարձրացումը, որոնք նաև հասարակության ճնշող մեծամասնությանն են հուզում, Ձեր կարծիքով, ընդդիմությունը շահարկման թեմա՞ է դարձնում։

– Հանձնաժողով ստեղծելու միջոցով անընդհատ անօգուտ քննարկումներ իրականացնելու նպատակը հանրային միջավայրն ավելի սրելն ու լարվածություն առաջացնելն է։ Սա անընդունելի երևույթ է, որն ավելի է նվազեցնելու քաղաքական գործունեության արդյունավետությունը, այդ թվում՝ ընդդիմության։ Ընդդիմությունը շարունակաբար խոսում է կառուցողական գործունեության մասին, իսկ դա այլընտրանքներ առաջարկելն է։ Եթե ներկայացվում է որևէ կոնկրետ օրենսդրական նախաձեռնություն, մենք շատ ուշադիր ուսումնասիրում ենք նաև ընդդիմության առաջարկները, կառավարությունն էլ դրանց տալիս է հստակ պատասխաններ։ Հետևաբար, անընդհատ հանձնաժողովներ ստեղծելը ոչ մի երաշխիք չի տալիս, որ վաղը, մյուս օրը այլ հանձնաժողովներ ևս չեն ստեղծվի։ Այսպես կխոչընդոտվի նաև ԱԺ օրինաստեղծ գործունեությունը, և խորհրդարանի ամբիոնը կդառնա անպտուղ, անօգուտ զրույցների, քննարկումների հարթակ, ինչն անընդունելի է։

– Ռուբեն Հակոբյանը Ձեր դիտարկումներից հետո նկատեց, որ Դուք դեռ «երիտասարդ եք, և քաղաքական դաստիարակության խնդիր կա»։

– Ես երիտասարդ եմ և իմ դաստիարակությունն ուղղակի թույլ չտվեց ինձնից ավագին պատասխանել այնպես, որ իրականում արժեր։ Չգիտեմ ինչ նկատի ուներ պարոն Հակոբյանը դա ասելով, բայց կարող եմ վստահ ասել, որ քաղաքական գործընթացները շատ ավելի լավ եմ հասկանում կամ տեսնում, քան իրենք կարող են դրա մասին ենթադրություններ անել:

Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31