Լրահոս
Օրվա լրահոսը

Քոքոբելյանը Ծառուկյանի հետ հանդիպումն անիմաստ է համարում. «Ժողովուրդ»

Մարտ 25,2014 12:21

«Ազատ դեմոկոստներ» կուսակցության ղեկավար, ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե ԱԺ 4 ոչ իշխանական ուժերի՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅՅ-ի եւ «Ժառանգության» կողմից առաջիկայում ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը կողմ է, բայց կներկայացնի նաեւ իր վերապահումները։

– Պարոն Քոքոբելյան, ԱԺ 4 ոչ իշխանական ուժերն արդեն հայտարարել են, որ ապրիլին կայանալիք քառօրյայի ժամանակ անվստահություն են հայտնելու ՀՀ կառավարությանը։ Դուք «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել էիք, որ եթե նշված ուժերը կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ հանդես չգան, ապա Դուք եք ձեռնամուխ լինելու այդ գործընթացին։ Որո՞նք են լինելու Ձեր հետագա քայլերը, Դուք միանալո՞ւ եք այդ նախաձեռնությանը։

– Ես կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր տեսնում են, թե ինչպիսի մարտահրավերների առաջ է կանգնած ՀՀ-ն (չեմ ցանկանում այդ վիճակը նկարագրել, քանի որ բոլորը դրա մասին գիտեն), անհրաժեշտ են համարում, առնվազն կառավարության փոփոխությունը։ Նախ եւ առաջ կառավարության հրաժարականը պետք է բերի փոփոխությունների, այս կառավարությունը եւ ԱԺ մեծամասնությունը, որը գտնում է, որ ՀՀ-ն պետք է մտնի Մաքսային միության կազմի մեջ, բնականաբար ինձ համար ընդունելի չէ։ Բայց միակ պատճառը դա չէ, քանի որ այսօր ավելի կենսական խնդիրներ գոյություն ունեն, որոնց լուծումն այս կառավարությունն ի զորու չէ տալ։ Այսինքն՝ այդ ամենից բխում է, որ մենք կողմնակից ենք ՀՀ կառավարության հրաժարականին։ Բայց այսօր նշված ուժերի կողմից ներկայացված պահանջում ինձ համար եւս կա անորոշություն։ Այսօր, կարծես թե, ՀՀ կառավարության հրաժարականը դարձել է ուղղակի ընդդիմադիր
քաղաքական գործունեության բաղկացուցիչ մասը, բայց կրկնում եմ՝ պետք է ավելի կոնկրետ գործել։ Կես կատակ-կես լուրջ նշեմ, որ եթե այսպես շարունակվի, լրագրողներն ու հ/կ-ներն ավելի շուտ կկարողանան ինչ-որ բանի հասնել, քան այս ձեւաչափով կառավարության հրաժարականի մասին խոսողները։

– Իսկ Դուք, որպես ԱԴԿ ղեկավար, ի՞նչ ձեւաչափով եք Ձեր մասնակցությունն ունենալու, կոնկրետ ի՞նչ եք անելու։

– Ես, բնականաբար, քվեարկելու եմ կառավարության հրաժարականի համար, բայց միեւնույն ժամանակ, երբ կգա այդ օրը, ես կներկայացնեմ իմ մոտեցումները, թե, ի վերջո, մենք ինչ ենք ուզում ստանալ։ Եթե մենք ռեալ բան կստանանք՝ շատ լավ, եթե ոչ՝ ապա պետք է տղամարդավարի ասել, որ, ցավոք սրտի, այդ ամենը եւս մեկ անգամ կտանի փոշիացման ու հույսերի անկման։ Հուսանք, որ այդպիսին չի լինելու այս ամենի ավարտը։

– Իսկ Եթե Գ. Ծառուկյանի կողմից հրավեր լինի, կմերժե՞ք։

– Ես անիմաստ եմ համարում մեր մասով որեւիցե քննարկում։ Այս իրավիճակն անտանելի է, այլ հարցերով քննարկում հնարավոր է, բայց արտաքին քաղաքականության հետ կապված մենք մեր մոտեցումներն ունենք, ու ցավում եմ, որ մեր մոտեցումներին չեն հետեւում մեր գործընկերները, մյուս քաղաքական ուժերը, կամ էլ շատ ընտրովի մոտեցում են ցուցաբերում:

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31