«Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում, հնարավորություններ եւ մարտահրավերներ» խորագիրը կրող համաժողովի ընթացքում «Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնության եւ «Անպատասխանատու հանքարդյունաբերությունը Հայաստանում» ալտեր կոնֆերանսի ակտիվիստները ներխուժեցին համաժողովի սրահ` բացականչելով «Բնապահպանության նախարարությունը գերեզմանոց է» արտահայտությունը: Ակտիվիստները պաշտոնյաներին հյուրասիրում էին այն գետերի ջրերով, որոնք աղտոտվել են հենց հանքարդյունաբերության թափոններից:
Նշենք, որ համաժողովը նպատակ ունի հանքարդյունաբերության ժամանակակից եւ միջազգային փորձի մասին շահագրգիռ խմբերին տեղեկացնելու միջոցով Հայաստանում այդ ոլորտի շահակիցների միջեւ երկխոսության դյուրացնելը: Դրան աջակցում են Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Կանադայի դեսպանությունները:
Ակտիվիստները պնդում են, որ այն երկրները, որոնք մասնակցում են համաժողովին՝ մասնավորապես ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Կանադայի ներկայացուցչությունները, պլանավորում են շահագործել հանքեր Հայաստանում. «Մասնավորապես անգլիական «Լիդիան Ինթերնեշնլ» կազմակերպությունը շարունակում է փորձեր կատարել Հայաստանում ԱմուլՍարի ոսկու հանքի շահագործման ուղղությամբ»:
«Անպատասխանատու հանքարդյունաբերությունը Հայաստանում» ալտեր կոնֆերանսի ակտիվիստները միջազգային այդ կոնֆերանսը գնահատեցին որպես Հայաստանում օտարերկրյա կորպորացիաների կողմից իրականցվող հանքարդյունաբերության արդարացման քայլ. « Այն համարում ենք ներկայում բնական պաշարների անխնա թալանի «տնտեսավարման մոդելի» լեգիտիմացմանը եւ շրջակա միջավայրի եւ մարդկանց առողջության վրա հանքարդյունաբերության աղետալի սքողմանն ուղղված քայլ»:
Կարդացեք նաև
Համաժողովից առաջ ներս մտած «Փրկենք Թեղուտը» նախաձեռնության ակտիվիստներից Աննա Շահնազարյանը այս խնդիրները առաջ քաշելուց հետո, դիմելով բնապահպանության նախարարի, ասաց. «Դուք բնավիրման նախարար եք, դուք ընդամենը ասֆալտ գցող եք: Բնապահպանությունը թողեք մասնագետներին, Բնապահպանության մասին խոսելու իրավունք չունեք: Դուք ընդամենը կարողանում ենք ավիրել»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Ակտիվիստները մեղադրում են բնապահպանության նախարարին այն բանում, որ վերացրել են Ջերմուկի ազգային պարկը: Նաեւ ակտիվիստները մեղադրում են բնապահպանության նախարարին եւ այլ պաշտոնյաների՝ հանքերի սեփականատեր լինելու մեջ:
Մանրամասն՝ տեսանյութում
Այս խոսքերին ի պատասխան նախարարը պնդեց, որ այս ամենը պարզապես հերյուրանքներ են, եւ նման բան չի կարող տեղի ունենալ: Նրա խոսքերով լավ կլիներ, որ նման հայտարարությունների հիմքերը տրամադրեն իրավապահ մարմիններին. «Ես չունեմ որեւիցե հանք, եւ որեւիցե մի տեղ փայ չեմ մտել»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ապրեն ջահելները: Հայաստանում ակտիվ միակ մարդիկ, ովքեր ամեն ինչ կոչումն են իր անունով ու իրականում պայքարում են Հայաստանի ապագայի համար:
Հայաստանում առկա միակ օգտակար ուժն է, որին կտիվորեն կմասնակցեմ: