Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանը թանկ քաղաք է դարձել. «Հայկական ժամանակ»

Մարտ 25,2014 11:10

Նախօրեին Իրանում եւ իսլամական այլ երկրներում մեկնարկել է Նովրուզը, եւ դրա հետ կապված մի քանի օր առաջ սկսվել են իրանցի զբոսաշրջիկների այցելությունները Հայաստան։

Նովրուզը նշվում է գարնանային գիշերահավասարի օրը՝ մարտի 21-ին եւ տեւում 13 օր։ Ամեն տարվա այս շրջանում Հայաստանն ընդունում է բազմահազար իրանցի զբոսաշրջիկների, միջինը՝ թվով 20-25 հազար, ովքեր նախընտրում են այդ տոնն անցկացնել հայրենիքի սահմաններից դուրս։ Բանն այն է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում շատ արգելքներ կան, մասնավորապես՝ արգելվում է ալկոհոլի օգտագործումը եւ, այդ երկրի օրենսդրության համաձայն, ալկոհոլ օգտագործել թույլատրվում է միայն քրիստոնյաներին, այն էլ միայն տանը։ Պարսիկներին ալկոհոլի օգտագործումը խստիվ է արգելվում, անգամ կախաղան է հասնում։ Իրանում նաեւ գիշերային ակումբներ չկան, եւ այս է պատճառը, որ Նովրուզի օրերին պարսիկները գալիս են Հայաստան՝ զվարճանալու։

Այս տարի Նովրուզը նշելու համար Հայաստանում են ավելի փոքրաթիվ իրանցիներ, քան նախորդ տարիներին։ Խոսքը տարեցտարի արձանագրվող բացասական դինամիկայի մասին է։ Պարսիկ զբոսաշրջիկներին սպասարկելու փորձ ունեցող տուրօպերատորների, հյուրանոցների գիդ-թարգմանիչներն արդեն արձանագրել են, որ այս տարի անհամեմատ քիչ տուրիստներ են այցելել Երեւան։

Մի քանի տուրօպերատորների տնօրեններ մեզ հետ զրույցում ասացին, որ իրանցի տուրիստներ տարեցտարի շատ քիչ են ունենում։ «Տաթեւ–Տ.Տ.Տ.» ընկերության միջոցով Նովրուզը Հայաստանում անցկացնող իրանցի զբոսաշրջիկների թիվը նվազել է 100 տոկոսով՝ այսինքն այս տարի ոչ մի իրանցի չի դիմել օպերատորին։ Թե քանիսն են նախորդ տարի օգտվել ընկերության ծառայություններից, «Տաթեւ Տ.Տ.Տ.»-ից հրաժարվեցին հայտնել: «Իրենք ձեւերը գիտեն։ Գալիս են Շահումյանի հրապարակում կամ կենտրոնական ավտոկայանում իջնում, եւ զբաղվում իրենց օթեւանի հարցերով։ Շատերը «Շիրակ» հյուրանոցում են իջեւանում»,- մեզ հայտնեցին «Ռիմա թրավել» ընկերությունից։ Ընկերության տնօրեն Ռիմա Խաչատրյանը ասաց, որ իրանցիները Հայաստան են գալիս կամ սեփական ավտոմեքենաներով, կամ իրանական տուրօպերատորների միկրոավտոբուսներով։ Նրանք արդեն սովորել են, թե փոքրիկ Երեւանում ինչն ինչպես է, սեփական ջանքերով վարձով բնակարան են գտնում, փոքրիկ տուրեր կազմակերպելու համար էլ դիմում են Երեւանի կենտրոնական փողոցներում իրենց ծառայություներն առաջարկող գիդ– թարգմանիչներին։ «Շիրակ» հյուրանոցում միշտ էլ մեծ թվով իրանցիներ են իջեւանել։ Սակայն, հյուրանոցի ադմինիստրացիայից ի պատասխան մեր հարցի, թե ինչպիսի դինամիկա կա այս տարի, պատասխանեցին. «Ոչ մի դինամիկա էլ չկա»։ Մեր հարցին աճ չկա՞, ադմինիստրատորը պատասխանեց. «Ոչ աջ կա, ոչ էլ ձախ։ Իրանցիները սենյակներ են վարձակալում, բայց նախորդ տարիների նման չեն գալիս։ 2012-ին վիճակը լավ էր։ Իսկ նախորդ տարի մենք 3 ավտոբուս էինք սպասում, բայց 1-ն եկավ»։
Պատճառների մասին զրուցեցինք հենց զբոսաշրջիկների հետ, որոնց ամեն քայլափոխի կարելի է հանդիպել Երեւանի կենտրոնում։ Նրանք ասում են՝ Երեւանը թանկ քաղաք է, եւ զուտ ֆինանսական տեսանկյունից նախընտրելի է Թբիլիսին:

Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Հայկական տարբերակ է՝մեկին թալանելը ավելի քիչ ծախսատար է,քան մի քանիսին էժան սպասարկելը:Հաջորդ տարիների համար ոչ մի պարարտ հող չեք ստեղծում և ահա արդյունքը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31