Լրահոս
Օրվա լրահոսը

Համերգ՝ քրեակատարողական հիմնարկում

Մարտ 25,2014 14:10

«Քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող դատապարտյալները հանրության լիարժեք անդամներ են եւ չպետք է անմասն մնան արտաքին աշխարհին եւ մշակութային արժեքներին հաղորդակցվելուց»: Այս գաղափարին իր հավատարմությունը լրագրող-հաղորդավար Մանան Հովակիմյանը (լուսանկարում) հավաստում է պարբերաբար՝ կազմակերպելով համերգներ հանրապետության քրեակատարողական հիմնարկներում: 2013թ. օգոստոսին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում կայացավ առաջին համերգը՝ հայտնի երգիչ-երգչուհիներ Ալիկ Գյունաշյանի, Գայանե Սերոբյանի, հարմոնահար Գագիկ Ստեփանյանի, դհոլահար Վարդան Նազարյանի եւ այլ երաժիշտների մասնակցությամբ, ինչը մեծ ուրախություն եւ ոգեւորություն պարգեւեց դատապարտյալներին:

Հիմնվելով առաջին հաջողված փորձի վրա՝ որոշվեց համերգաշարը դարձնել շարունակական, ինչը դրական արձագանք գտավ ՀՀ քրեակատարողական ծառայությունում: Եվ քանի որ այս օրերին նշվում է կանանց միամսյակը, համերգը կազմակերպվեց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, ուր իրենց պատիժն են կրում կին դատապարտյալները: Մարտի 21-ին կայացած համերգին իրենց մասնակցությունը բերեցին Վարդան Նազարյանի եւ Հովհաննես Գալոյանի գործիքային համույթը, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը, երգիչներ Խաչիկ Խաչատրյանը, Մանուկ Աղազարյանը, Ալեքսանդր Պոլոյանը, երգիչ-երգահան Հայկ Գեւորգյանը: Դատապարտյալների արձագանքը ոգեւորիչ էր, ինչի ապացույցն է այն, որ համերգը պլանավորված 1,5 ժամվա փոխարեն տեւեց ավելի քան 3,5 ժամ:

«Շատ կարեւոր է ուշադրության կենտրոնում պահել հանրությունից մեկուսացված մարդկանց: Նրանց պետք է հիշեցնել, որ անկախ որեւէ հանգամանքից, իրենց սպասում են: Դատապարտյալներից պետք է ոչ թե խուսափել, այլ նմանատիպ միջոցառումների օգնությամբ ստեղծել անմիջական կապ», – գտնում է Մանան Հովակիմյանը: Իսկ դհոլահար, գործիքային խմբի ղեկավար Վարդան Նազարյանի կարծիքով, համերգի հանդիսատեսը շատ ջերմ էր ու անմիջական: «Մենք միշտ պատրաստ ենք մեր կատարումներով ուրախացնելու մեր հանդիսատեսին՝ անկախ նրանց կարգավիճակից եւ գտնվելու վայրից», – ասաց նա:

Առաջիկայում համերգաշարի մասնակիցները կհյուրընկալվեն նաեւ այլ քրեակատարողական հիմնարկներում:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31