Լրահոս
Օրվա լրահոսը

Ով է այն տղամարդը

Մարտ 25,2014 14:15

Գեղեցիկ է գարունը Հայաստանում, երբ Արարատյան դաշտը լցվում է ծիրանի ծաղիկների անուշահամ բույրով, իսկ Երեանի փողոցները՝ հարեւան երկրից ժամանած բազմաթիվ զբոսաշրջիկներով:

Այդ պահերին մարդ համակվում է անհասկանալի ու անբացատրելի լավատեսությամբ եւ սկսում է հավատալ, որ Սահմանադրական դատարանը մի քանի օրից անպայման կվերացնի կուտակային կենսաթոշակային նոր համակարգի «պարտադիր» բաղադրիչը, իսկ մեր ներկայացուցիչը հաղթող կճանաչվի «Եվրատեսիլի» մրցույթում: Ավելին, սկսում ես հավատալ, որ ոչ միայն Հենրիխ Մխիթարյանի «Բորուսիան» եվրոպական թիմերի առաջնության քառորդ եզրափակիչում կջախջախի Մադրիդի «Ռեալին», այլեւ մեր ոչ իշխանական ուժերի քառյակը կհասնի կառավարության հրաժարականին:

Այո, մենք՝ հայերս, գարնանային ժողովուրդ ենք: Գարնանն ունակ ենք վերականգնել դարեր առաջ կորսված պետականությունը, Շուշի ու Քելբաջար մտնել… Ասում են՝ ունակ ենք նույնիսկ իշխանափոխություն իրականացնել, եթե, իհարկե, գարնան հենց առաջին օրը մեր ազնիվ գարնանային պոռթկումները չկասեցնեն «չերյոմուխայով», ռետինե փամփուշտներով ու մահակներով…

Բայց, բացի գարնանային ազգ լինելուց, մենք նաեւ ծայրահեղական ժողովուրդ ենք: Չգիտեմ՝ ինչպես եք դուք վերաբերվում մեր կառավարության տնտեսական նվաճումներին, բայց մի բանում վարչապետի հետ չի կարելի չհամաձայնել՝ ուզում ենք կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ:

Իսկ պետք է իրատեսական լինենք: Օրինակ, երբ ասում եք, թե Սահմանադրական դատարանը մարտի 28-ին որոշում կկայացնի հօգուտ «Դեմ եմ» շարժման, կարո՞ղ եք հիշել գեթ մի դեպք, երբ դատական այդ վերին ատյանը դեմ-ին կողմ է քվեարկել:
Այդ դատարանն իր ստեղծման օրվանից աչքի է ընկնում նախանձելի կայունությամբ, եւ որքանով ես եմ հիշում, իր մոտ քսանամյա պատմության ընթացքում ընդամենը մեկ անգամ է անասելի զարմանք պատճառել հայաստանյան հանրությանը՝ որոշում կայացնելով Վստահության հանրաքվե անցկացնելու մասին:

Հիմա էլ մեկ-մեկ երեւանյան փողոցներում ու սրճարաններում կհանդիպես մարդկանց, որոնք, չգիտես ինչի՝ գարնա՞ն, թե՞ մի քանի գավաթ սառը գարեջրի ազդեցության տակ համոզված պնդում են, որ այս անգամ էլ Սահմանադրական դատարանը կարող է առաջարկել «պարտադիրի» հարցը դնել համաժողովրդական հանրաքվեի: Այն էլ այն դեպքում, երբ ամենաբարձր մակարդակով արդեն ասված է, որ հայաստանցիների 80 տոկոսը դեմ է կենսաթոշակային նոր համակարգին: Հետո՞ ինչ: Դա բոլորովին խնդիր չէ: Արդյո՞ք կա դեռ Հայաստանում գոնե մեկ միամիտ քաղաքացի, որը կասկածում է, որ եթե այս հարցով հանրաքվե անցկացվի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ի վերջո կփաստի, որ ընտրողների 80 տոկոսը կողմ է «պարտադիրին»: Հանրահայտ է, որ հայաստանցի ընտրողը բոլորովին էլ Սահմանադրական դատարանի կայունությամբ աչքի չի ընկնում եւ վերջին մի քանի ընտրություններում դա ապացուցել է՝ բոլոր հնարավոր վայրերում՝ Ազատության հրապարակում, երթուղային եւ ոչ երթուղային տաքսիներում, խոհանոցներում ու ընդդիմադիր մամուլում անընդհատ հայհոյում է իշխանությանը, իսկ քվեարկության օրը հանգիստ գնում ու իր ձայնը անկեղծորեն նվիրում է այդ նույն իշխանություններին:

Եկեք չշեղվենք ու լավ բաներից խոսենք: Օրինակ, կառավարության հրաժարականից:
Այս դեպքում էլ, ինչպես միշտ, կան հոռետեսներ եւ ավելի հոռետեսներ: Ավելի հոռետեսները պարզապես փաստում են, որ այսպես կոչված ոչ իշխանական քառյակի ձայները չեն բավականացնի, այսինքն՝ հանրահավաքներում այնքան բարձր են խոսում հրաժարականի մասին, որ մինչեւ ապրիլի վերջը նրանց ձայներն այդքան մեծ լարվածությունից ի վերջո կկտրվեն, իսկ շշուկով հո չե՞ս կարող պահանջել կառավարության հրաժարականը: Կառավարությունը պարզապես չլսելու տեղ կդնի ու չի էլ արձագանքի: Մինչեւ հիմա գոնե արձագանքում էր՝ ինչ-որ «խալաթի» անուն էր տալիս:

Իսկ պարզապես հոռետեսները, որոնց տեղ-տեղ նույնիսկ կարելի է լավատես հոռետես անվանել, այնուամենայնիվ, չեն բացառում կառավարության հրաժարականը, հիշելով, որ իշխանական խմբակցության շարքերում կան բազմաթիվ մարդիկ, որոնց համար մի ճամբարից մյուսը տեղափոխվելը վաղուց արդեն խաղ ու պար է դարձել: Եվ եթե ժողովրդական գործիքների այդ համույթը ողջ կազմով անցնի ընդդիմության կողմը, վարչապետը կարող է կառավարության հաշվապահությունում վերջնահաշվարկ պահանջել եւ հանգիստ զբաղվել օֆշորային իր գործերով:

Բայց լավատես հոռետեսները, որոնք ի վերջո սրտի խորքում միշտ հավատարիմ են մնում իրենց հոռետեսական էությանը, հարցնում են՝ իսկ արդյո՞ք այդ ոչ իշխանական ուժերն ավելի լավ վարչապետացու ունեն: Համաձայնեք՝ տվյալ դեպքում մեզ բոլորիս կարելի է անվանել լավատես հոռետես՝ հոռետեսական թեքումով, որովհետեւ բոլորիս էլ այդ հարցը հետաքրքրում է՝ ո՜վ է այդ տղամարդը:

Միանգամից ասեմ՝ կա այդպիսի մարդ: Նա մի շարք առավելություններ ունի գործող վարչապետի նկատմամբ: Վարչապետը բոյով է, իսկ նա ավելի բոյով է: Վարչապետը կիթառ է նվագում, իսկ նա ոչ միայն կիթառ, այլեւ դաշնամուր: Վարչապետը երգում է, իսկ նա ավելի լավ է երգում: Վարչապետի հրաժարականն են պահանջում, իսկ նա բոլորի սիրելին է, աղջիկները նույնիսկ գժվում են…

Վերջապես այդ մարդու անունն իսկ վկայում է, որ նա պետք է անպայման վարչապետ դառնա: Բոլորս էլ գիտենք, որ անգլերեն վարչապետին երկու գլխատառով են անվանում՝ այդ երկու տառն էլ նրա անվան մեջ կա…

Բայց ամենակարեւորը՝ նույնիսկ վաչապետը չգիտի, թե իրեն առաջիկայում ինչ է սպասում, իսկ այս մարդու առջեւում՝ թու, թու, թու, փայլուն հաղթանակ է…

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31