Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ հարցում համանախագահների մոտեցումները կարող են փոխվել

Մարտ 25,2014 14:35

ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը` աշխարհաքաղաքական զարգացումների եւ Հայաստանի տեղի ու դերի մասին:

– Ինչպե՞ս կգնահատեք ուկրաինական իրադարձությունների ֆոնին ներկայումս ձեւավորված նոր աշխարհաքաղաքական իրականությունը եւ դրանում Ռուսաստանի տեղն ու դերը:

– Ուկրաինայում վերջին ամսվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները ձեւավորեցին նոր միջազգային իրավիճակ, որի պայմաններում անհրաժեշտություն է առաջացել վերանայել ԽՍՀՄ փլուզումից հետո ձեւավորված ուժերի հավասարակշռությունն ու դրանց զսպման մեխանիզմները: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այս իրադարձությունների առիթով գումարեց մի քանի նիստեր, որոնք նպատակ էին հետապնդում գտնել խնդրի խաղաղ լուծման հնարավորություններ` բացառելով ռազմական էսկալացիան, եւ միաժամանակ երաշխավորել 1994 թվականին Բուդապեշտում չորս պետությունների կողմից ստորագրված հուշագրում տեղ գտած դրույթների իրագործումը: Սույն հուշագրի մասին վերջերս շատ է խոսվել, եւ դրա բովանդակությունը հասանելի է լայն հանրությանը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին նիստի ժամանակ ԱՄՆ-ը վերջին փորձն արեց՝ պահպանելու վերը նշված հուշագրով Ուկրաինային իր եւ Միացյալ Թագավորության կողմից տրված երաշխիքները, եւ ԱԽ ներկայացվեց համապատասխան բանաձեւի նախագիծ: Քվեարկության արդյունքները ի ցույց դրեցին այն աշխարհաքաղաքական իրողությունը, որտեղ Ռուսաստանը փաստացի հայտնվում է միջազգային մեկուսացման պայմաններում:

Կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանը միակողմանիորեն փորձ է անում փոխել սառը պատերազմից հետո ձեւավորված ուժերի հարաբերակցությունը եւ ստեղծված աշխարհակարգը: Հանուն արդարության պետք է նշել, որ այս քայլին Ռուսաստանը գնում է ստիպված, քանի որ Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին Ռուսաստանի իշխանությունները դիտարկում են որպես անվտանգության սպառնալիք Ռուսաստանի համար: Ինչպես նաեւ պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանի ռազմական արդյունաբերությունը դեռեւս խորհրդային ժամանակներից մեծապես կախված էր Ուկրաինայում տեղակայված արտադրական եւ տեխնոլոգիական ձեռնարկություններից: Կարելի է հաստատապես փաստել, որ Ռուսաստանի իշխանությունները պատանդ են մնացել Խորհրդային Միության ժառանգություն թողած եւ հետագայում ավելի բյուրեղացված ու կատարելագործված ռեժիմի ձեռքում, ինչի պայմաններում ի հայտ եկած մարտահրավերներին դիմակայելու միջոցների հայեցողության շրջանակը դառնում է խիստ սահմանափակ:

– Դուք նշեցիք, որ ներկայումս ընթանում է մի գործընթաց, որի արդյունքում Ռուսաստանը կանգնած է միջազգային մեկուսացման վտանգի առջեւ: Ի՞նչ եք կարծում, Ռուսաստանում չե՞ն գիտակցում այս վտանգի առկայությունը եւ հաշվարկե՞լ են արդյոք դրա հնարավոր տնտեսական եւ աշխարհաքաղաքական հետեւանքները:

– Այստեղ առաջին հերթին պետք է հասկանալ՝ արդյոք Ռուսաստանին մեկուսացնո՞ւմ են, թե՞ Ռուսաստանը գիտակցաբար գնում է ինքնամեկուսացման: Իհարկե, Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ներկայիս քաղաքականությունը իր մեջ պարունակում է ինչպես հուզական, այնպես էլ պատմա-էթնիկական տարրեր, ինչի պարագայում մեծանում է նախօրոք կատարված հաշվարկներում սխալվելու հավանականությունը: Իսկ այն, որ այս պարագայում Ռուսաստանի արտաքին քաղաքականության նախագծողները ունեն բավարար ունակություն՝ հաշվարկելու եւ կանխատեսելու իրադարձությունների զարգացման բոլոր սցենարները, նույնպես չեմ կասկածում: Հիմք ընդունելով վերը նշվածը՝ հակված եմ կարծելու, որ Ռուսաստանը, այնուամենայնիվ, գնում է նշված ճանապարհով` աչքի առաջ ունենալով ինքնամեկուսացման հնարավորությունը, որի գաղափարական շարժառիթները նախ եւ առաջ հասարակության համախմբումն են իշխանության շուրջ եւ համընդհանուր հավանությունը վերջինիս կողմից տարվող արտաքին եւ ներքին քաղաքականությանը: Ավելի պարզ եւ հասկանալի լինելու համար պետք է նշել, որ Ռուսաստանում որոշում է կայացվել ապավինել ներքին լեգիտիմության ռեսուրսին` փոխարենը կորցնելով արտաքին լեգիտիմությունը: Ռուսական հասարակության մեջ, հատկապես երիտասարդ սերնդի մոտ, ՆԱՏՕ-ն կորցնում էր Ռուսաստանի համար որպես անվտանգության սպառնալիք լինելու ընկալումը, ինչը զրկում էր Ռուսաստանի իշխանություններին հասարակական մոբիլիզացիոն ռեսուրսից: Ռուսաստանի իշխանություններին պետք էր վերականգնել ՆԱՏՕ-ի՝ խորհրդային ժամանակների ունեցած ընկալումը, այսինքն՝ ստեղծել արտաքին թշնամու կերպար, որի դեմ հնարավոր կլիներ միավորել Ռուսաստանի բնակչությանը:

Երկրորդ պատճառը, որ Ռուսաստանի իշխանությանը ստիպեց գնալ ինքնամեկուսացման, տնտեսական վիճակն է, որ ներկայումս առկա է Ռուսաստանում: Դեռեւս անցած տարի տնտեսագետները եւ Ռուսաստանի կառավարության տնտեսության համար պատասխանատու սուբյեկտները կանխատեսում էին ծանր տնտեսական տարի 2014թ.-ին, իսկ Արեւմուտքի կողմից կիրառվելիք տնտեսական պատժամիջոցները, կարծում եմ, հիանալի առիթ են իշխանությունների համար՝ տնտեսական անկման ամբողջ պատասխանատվությունը դրանց վրա բարդելու: Կան նաեւ այլ պատճառներ, բայց բոլորի հիմքում եւ առանցքում գտնվում է այն քաղաքական ռեժիմը, որը ձեւավորված է ներկայումս Ռուսաստանում: Ռուսաստանյան հասարակությունը վերջին 20 տարիների ընթացքում ենթարկվել է որոշակի եւ արդեն տեսանելի գաղափարական փոխակերպման, ինչը գործող ռեժիմի փոփոխության եւ ազատականացման չգնալու պարագայում մեծագույն վտանգ է ներկայացնում Ռուսաստանի քաղաքական համակարգի համար: Ռեժիմն իր տեսակով, բնույթով, կառավարման մեթոդաբանությամբ եւ որակով մեծ հաշվով չի տարբերվում Ուկրաինայում Յանուկովիչի ձեւավորած ռեժիմից, իսկ դրա տապալումը Կիեւում կարող էր առաջացնել շղթայական ռեակցիա:

– Դուք զուգահեռներ անցկացրիք Պուտինի եւ Յանուկովիչի կողմից ձեւավորված ռեժիմների միջեւ, իսկ մեկ առիթով նշել էիք, որ հետխորհրդային տարածքում, հատկապես ԱՊՀ կազմի մեջ մտնող պետություններում, իշխանության գործելաոճի մեջ մեծ տարբերություններ չկան: Կարո՞ղ եք ավելի բացել այս միտքը եւ այն տեղայնացնել Հայաստանի քաղաքական իրականությանը:

– Իհարկե, մեծ հաշվով հետխորհրդային տարածքի եւ հատկապես ԱՊՀ կազմի մեջ մտնող պետություններում ձեւավորված իշխանությունները ունեն մեծ թվով ընդհանրություններ, սակայն բացարձակ նույնականացում անել թերեւս սխալ կլինի, քանի որ նշված պետություններում տարբեր են իշխանության իրացման ռեսուրսներն ու հնարավորությունները: Այդ պետությունները գտնվում են տարբեր աշխարհագրական դիրքերում եւ տիրապետում են տարբեր տնտեսական ռեսուրսների: Էապես տարբերվում են նաեւ հասարակությունները եւ դրանցում տեղ գտած տրամադրություններն ու գերակայությունները: Առկա գերակայությունները եւ դրանք իշխանության առջեւ դնելու ու ի կատար ածելու հնարավորությունները եւս անհամեմատելի են:

Հայաստանում իշխանությունները, հատկապես վերջին ժամանակահատվածում, հասել են քաղաքական համակարգի որոշակի ազատականացման, անհամեմատ ավելի հանդուրժող են իրենց ուղղված քննադատությունների նկատմամբ եւ հնարավորինս ձգտում են արձագանքել եւ լուծում տալ հասարակության կոնկրետ խմբերի կողմից առաջադրված խնդիրներին: Սա միգուցե կրում է տեղային բնույթ եւ չի հանգեցնում համակարգային փոփոխությունների, բայց պետք է ընդունել, որ Հայաստանում համակարգային փոփոխությունների գնալու համար պետք է ունենալ հզոր քաղաքական եւ հասարակական ռեսուրս եւ միջազգային բարենպաստ միջավայր: Որպես խանգարող հանգամանք պետք է ընդունել նաեւ խորհրդային ժամանակներից մնացած կառավարման ավանդույթները, որոնք կատարելագործվել են վերջին 20 տարիների ընթացքում: Խնդրի լուծումը թաքնված է քաղաքական, տնտեսական եւ ինտելեկտուալ սերնդափոխության մեջ, ինչի ճանապարհին անխուսափելիորեն ինչ-որ պահի կանգնելու են Հայաստանի իշխանությունն ու հասարակությունը: Սերնդափոխություն ասելով բնավ ի նկատի չունեմ տարիքը, այլ մտածողությունը, որը դրվում է քաղաքականության մշակման եւ իրացման հիմքում: Որքան անցնցում եւ հարթ ընթանա այս գործընթացը, այնքան արագ ու արդյունավետ կվերացվեն այն համակարգային արատները եւ հնարավորություն կտան ամբողջացնել համակարգային բարեփոխումները:

Պետք է ընդունել նաեւ, որ քաղաքական համակարգի զարգացման եւ մասնակի ազատականացման համար բարենպաստ հիմք եւ ռեսուրս է տվել Հայաստանի եւ արեւմտյան կառույցների, հատկապես ԵՄ հետ համագործակցության լայն օրակարգը, ինչը ամրապնդված է եղել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող քաղաքական, տնտեսական եւ տեխնիկական օժանդակությամբ: ԽՍՀՄ փլուզումից հետո սկիզբ առած, իսկ ավելի ակտիվ եւ արդյունավետ վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում զգալիորեն բարելավվեցին քաղաքացիական հասարակության ինստիտուտների գործունեության պայմանները, հասարակությունը ձեռք բերեց իր սեփական օրակարգը մշակելու եւ այն գործադրելու հնարավորություն, ինչը, սակայն, դեռեւս չի հաջողվել իրացնել ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով: Նշված փաստերի ֆոնին կարելի է նկատել, որ Հայաստանը փորձում է, թեկուզ դեռեւս անհաջող, ազատվել խորհրդային ժառանգությունից եւ ստեղծել 21-րդ դարի պահանջներին բավարարող պետություն եւ հասարակություն:

– Մի քանի օր առաջ Ռուսաստանը ավարտին հասցրեց Ղրիմը Ռուսաստանին միացնելու գործընթացը, ինչը մերժվեց գրեթե ամբողջ աշխարհի կողմից: Իսկ ՀՀ նախագահը ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցում փաստացի իր աջակցությունը հայտնեց Ղրիմի ժողովրդին եւ Ռուսաստանին: Ի՞նչ եք կարծում՝ ինչպիսի՞ հետեւանքներ կարող են լինել Հայաստանի համար:

– Ինչպես ես նշել էի մեկ առիթով, Հայաստանի համար գերադասելի էր ոչինչ չանելը այս իրավիճակում, այսինքն՝ ձեռնպահ մնալ որեւէ գնահատականից, որքան էլ որ ազգերի ինքնորոշման փաստը հաստատելը գայթակղիչ լինի մեզ համար: Սակայն մենք տեսանք, որ ստեղծված իրավիճակում դա հնարավոր չեղավ, եւ Հայաստանը ստիպված եղավ ճանաչել Ղրիմի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այս փաստը առաջացրեց Ուկրաինայի գործող իշխանությունների եւ Արեւմուտքի դժգոհությունը, ինչը, կարծում եմ, առաջիկայում կունենա նյութական դրսեւորում: Սա, իմ կարծիքով, Հայաստանի Մաքսային միությանը միանալու եւ Եվրասիական միություն հիմնադրելու գործընթացի տրամաբանական եւ կանխատեսելի շարունակությունն է: Եթե ուշադրություն դարձրել եք, Ադրբեջանը որդեգրեց տրամագծորեն հակառակ դիրքորոշում եւ չճանաչեց Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն` հավատարիմ մնալով պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքին, ինչը տրամաբանական է: Սա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի տեղական ու միջազգային իրավունքի բոլոր նորմերի եւ ընթացակարգերի պահպանմամբ եւ արյամբ նվաճված անկախությունը նույնացնելով Ղրիմի ոչ օրինական եւ ժողովրդավարության հիմնարար պահանջներին հակասող հանրաքվեի հետ զգալիորեն թուլացվեցին մեր դիրքերը բանակցային գործընթացում, հատկապես Մինսկի խմբի երկու` ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համանախագահների՝ այս հարցում ունեցած դիրքորոշման համատեքստում: Սա առաջիկայում կարող է իր բացասական հետեւանքներն ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում` համանախագահող պետություններից երկուսին ստիպելով հետամուտ լինել միջազգային իրավունքի տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայության հաստատմանը:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31