Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիահայերը՝ նոր հակամարտության կիզակետում

Մարտ 25,2014 14:45

Թուրքիայի կողմից հարձակում՝ հայաշատ Քեսաբի ուղղությամբ

Սիրիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող հայաբնակ Քեսաբի բնակչությունը տարհանվեց Լաթաքիա: Մարտի 21-ի վաղ առավոտյան զինված խմբավորումներն անցել էին սիրիական սահմանը եւ հարձակվել Քեսաբի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա: Ականատեսների խոսքով՝ թուրքական սահմանի կողմից Քեսաբի ուղղությամբ հրթիռներ էին արձակվում: Սիրիական բանակը դիրքավորված էր Քեսաբում եւ շրջակայքում, իսկ սիրիացի ապստամբները գործում էին թուրքական կողմից: Ինչպես պատմել էին ԶԼՄ-ներին տեղահանվածները՝ սիրիացի ապստամբների եւ թուրքական կողմից հարձակման արդյունքում վերջին հայերն էին լքել Քեսաբը։ Կիրակի օրն արդեն հայտնի էր, որ մարտի 22-ի երեկոյան Քեսաբի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ արդեն տեղահանվել էր Լաթաքիա:

Սիրիական պատերազմի ընթացքում Թուրքիան, ինչպես հայտնի է, աջակցել է նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ պայքարող սիրիացի ապստամբներին: Սիրիական ճգնաժամի երեք տարիների ընթացքում Սիրիայում ալավիները պահպանում էին վերահսկողությունը Լաթաքիայում եւ ամբողջ միջերկրածովյան հատվածի ալավիաբնակ շրջաններում՝ մինչեւ թուրքական սահման, սակայն կառավարական ուժերը կորցրել էին վերահսկողությունը Թուրքիայի հետ սահմանային անցակետերում՝ բացառությամբ Քեսաբի, որը նույնպես անցավ ապստամբների վերահսկողության տակ:

Կիրակի օրը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատեց, որ թուրքական օդուժը սիրիական օդանավ է ոչնչացրել՝ հայտնում էր Hurriyetdailynews.com-ը։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում էին նաեւ, որ սիրիական օդանավը Թուրքիայի օդային սահմանը խախտել է Սիրիայի հյուսիս-արեւմուտքում՝ հայաբնակ Քեսաբ գյուղի շրջանում:

Սիրիական հակամարտության երեք տարիների ընթացքում Քեսաբը անվտանգ ապաստան էր Սիրիայի մյուս շրջաններում բնակվող հայերի համար, սակայն մի քանի օր առաջ սիրիահայերը հայտնվեցին նոր հակամարտության կիզակետում: Արդեն տեւական ժամանակ էր, ինչ Սիրիայի հայաշատ Քեսաբը դարձել էր սիրիացի զինյալ ընդդիմադիրների թիրախը:

Ինչպես կիրակի օրը հայտնում էր «Սիվիլնեթը»` Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Անթիլիասից քահանաներ է ուղարկել Լաթաքիա, որպեսզի նրանք տեղում իրականացնեն քեսաբցի տեղահանված ընտանիքների կարիքների եւ իրավիճակի գնահատումը: Լիբանանի «Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամի տնօրեն Սերոբ Օհանյանի փոխանցմամբ՝ Հալեպի շտապ օգնության մարմինը Լաթաքիայում ենթակոմիտե է ստեղծել իրենց տները լքած Քեսաբի հայերի համար: Նախնական գնահատականներով՝ Լաթաքիայում ներկայում Քեսաբից 600 ընտանիք կա, որոնց մի մասը հանգրվանել է բարեկամների մոտ, մյուսները՝ տեղի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Իրավիճակի մասին տեղեկացվել է նաեւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին: Հայ Առաքելական եկեղեցու քահանա Հայր Միրոն Ավետիսյանը եւ Հայ ավետարանչական եկեղեցու գերապատվելի Սեւակ Թրաշյանը տեղեկացրել են, որ ֆինանսական շուտափույթ օգնության անհրաժեշտություն կա: Սերոբ Օհանյանի խոսքով՝ հայ ընտանիքներից շատերը, որոնք հարձակման հենց սկզբում են փախել Քեսաբից, ամբողջովին անպատրաստ են եկել, ոմանք անգամ անձնագրեր կամ նույնականացման փաստաթղթերը չեն հասցրել վերցնել իրենց հետ:
Երեկ պաշտոնական Երեւանը նախ ԱԳՆ մամլո խոսնակի մակարդակով հայտնեց, որ Հայաստանի իշխանություններն առայժմ հետեւում են ստեղծված իրավիճակին՝ փորձելով ուղիներ որոնել աջակցելու հայերին։ Ապա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանի հարցին, թե` ի՞նչ գործողություններ են ծրագրում անել այս խնդրի կապակցությամբ, պատասխանել էր. «Բոլորս էլ մտահոգված ենք: Մենք իրավասու չենք միջամտել այդ պետության ներքին գործերին: Իմ կարծիքով՝ դա ավելի խորը խնդիր է, եւ գտնում եմ, որպեսզի նաեւ պատգամավորները տեղյակ լինեն, մենք կազմակերպում ենք համապատասխան նախարարության հետ լսումներ»:

Ավելի ուշ Սերժ Սարգսյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ հանդես եկավ հայտարարությամբ: Նա հիշեցրեց, որ առաջին ծանր պատուհասը Քեսաբի շրջանի համար դեռեւս 1909թ. էր, երբ ապրիլին թուրքական զինված ջոկատները ներխուժեցին Քեսաբ, հիշատակեց նաեւ 1915-ը, երբ Հայոց ցեղասպանության գաղթից եւ աքսորներից եւս անմասն չմնաց Քեսաբի բնակչությունը։ «Քեսաբի հայերի այսօրվա` թվով արդեն երրորդ տեղահանությունը ազգային փոքրամասնությունների պաշտպանության 21-րդ դարի մեխանիզմներին նետված լրջագույն մարտահրավեր է: Կարծում եմ՝ բոլորը պետք է գիտակցեն, որ ինքնըստինքյան առաջ եկող զուգահեռները սթափեցնող պետք է լինեն բոլոր կողմերի համար»,- ընդգծել է Ս. Սարգսյանը` շնորհակալություն հայտնելով Սիրիայի իշխանություններին հանուն քեսաբահայության պաշտպանության ձեռնարկվող քայլերի համար: «Ես արդեն հանձնարարել եմ ՄԱԿ-ի՝ Նյու Յորքի եւ Ժնեւի գրասենյակներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին՝ հետամուտ լինել մարդու իրավունքների եւ ազգային փոքրամասնությունների հարցերով մասնագիտացված կառույցներում Քեսաբի հայության անվտանգության երաշխավորման եւ նրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի խնդիրներին»,- հայտնեց Ս. Սարգսյանը: Նախագահի հավաստմամբ` Սիրիայում ՀՀ դեսպանատունն աշխատում է քեսաբահայությանն աջակցելու համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի վրա, որն իրականացվելու է ամբողջ ծավալով:

Հատկանշական է, որ դեռեւս 2012թ. հունիսին ֆրանսիական Le Figaro-ն հայտնել էր, որ Ռուսաստանը Սիրիայի հյուսիսում` Թուրքիայի սահմանի մոտ, նոր ռադիոտեղորոշիչ կայան է կառուցել, որը հնարավորություն է տալիս սիրիական ռեժիմին ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանում հետեւել սիրիացի ապստամբներին: Պարբերականը, հղում անելով արեւմտյան աղբյուրներին, հայտնել էր, որ ՌԴ-ի համար ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայումը երկու հարց է լուծում` հնարավորություն է ունենում հետեւել ՆԱՏՕ-ի` Թուրքիայում տեղակայված օբյեկտներին, առաջին հերթին` Ադանայի ամերիկյան բազային, ինչպես նաեւ նախագահ Բաշար Ալ-Ասադին հնարավորություն է տալիս հետեւել բոլոր նրանց, ովքեր հատում են սահմանը` անցնելով Թուրքիա: «Կայանը տեղակայված է Լաթաքիա նավահանգստից 30 կմ հյուսիս` հայաշատ Քեսաբի մոտակայքում, որտեղ բնակվում են նաեւ նախագահ Բաշար Ալ-Ասադի ռեժիմին սատարող ալավի փոքրամասնության ներկայացուցիչներ: Նման իրավիճակում ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայումը կարող է կարեւոր դեր խաղալ սիրիական տարածքի` Թուրքիային սահմանակից այդ հատվածի պաշտպանության համար»,- գրել էր պարբերականը:

Փաստորեն, ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայումը այդ վայրում սպառնալիք է դարձել հայաշատ գյուղի ու գլխավոր թիրախ` սիրիացի ընդդիմադիր զինյալների համար: Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ Սիրիայի հյուսիս-արեւմուտքում բռնկված նոր լարումը միանգամայն նոր իրավիճակում` Արեւմուտք-Իրան, Արեւմուտք-Ռուսաստան փոխհարաբերությունների ֆոնին, դժվար է կանխատեսել այսօր, սակայն ռուսական ռադիոտեղորոշիչ կայանի առկայության պայմաններում Թուրքիայի կողմից Քեսաբի ուղղությամբ հարձակումն ինքնին ուշագրավ հանգամանք է…

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31