Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանի բժշկական կենտրոնում պարտքեր կան

Մարտ 25,2014 00:33

2013թ. դեկտեմբերի 28-ին Տավուշի մարզպետարանում կայացավ «Դիլիջան» բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթ: Մրցույթի արդյունքում Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Ռոստոմյանը մրցութային հանձնաժողովի կողմից մեկ միավոր ավելի ստացավ, քան գործող տնօրեն Սիլվա Պետրոսյանը: Նույն օրը Տավուշի մարզպետի հրամանով Արթուր Ռոստոմյանը նշանակվեց Դիլիջանի բժշկական կենտրոնի տնօրեն եւ Տավուշի մարզպետարանի սոցապ եւ առողջապահության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանի կողմից ներկայացվեց բուժհիմնարկի աշխատակիցներին:

Պարոն Ռոստոմյանին հարցրեցինք, թե բժշկական կենտրոնում շա՞տ են պարտքերը: «Պետական գաղտնիք է, իմ գաղտնիքն է»,-ասաց նա, չցանկանալով հայտնել պարտքի կոնկրետ չափը: Նրա խոսքերով՝ մարտի ընթացքում պարտքերը կմարվեն, կմնան միայն ընթացիկ պարտքերը:

Ա. Ռոստոմյանին հարցրեցինք, թե  վերջերս ԼՂՀ առողջապահության նախարար նշանակված Հարություն Քուշկյանին պատկանող, Դիլիջանի «Տավուշ» բժշկական կենտրոնի հետ «Դիլիջան» բժշկական կենտրոնը կարո՞ղ է մրցակցել: Նա ասաց, որ երկու բուժհիմնարկությունների  ֆունկցիաները տարբեր են, «Տավուշը» դիագնոստիկ ծառայություններ է մատուցում, իսկ «Դիլիջան» բժշկական կենտրոնը՝ ստացիոնար բուժում: Նա  գովեց «Տավուշ» բժշկական կենտրոնի տեխնիկական հագեցվածությունը, նշելով, որ այնտեղ համակարգչային տոմոգրաֆիա է կատարվում՝ Երեւանի համեմատ էժան գներով: Դիլիջան քաղաքում եւ մամուլում շրջանառված տեղեկություններով՝ «Դիլիջան» բժշկական կենտրոնը պետք է սեփականաշնորհվի: Այս մասին մեր հարցին ի պատասխան Արթուր Ռոստոմյանն ասաց, որ  սեփականաշնորհման գործընթացն ընթացքի մեջ : Հարցրեցինք ինքը լինելո՞ւ է սեփականատերերի թվում: Նրա խոսքերով՝ այդ հարցը դեռ պարզ չէ:

Արթուր Ռոստոմյանին նաեւ հարցապնդում ուղղեցինք Դիլիջանի բժշկական կենտրոնում հայտնաբերված հարկային խախտումների մասին: Ռոստոմյանը չժխտելով խախտումների առկայությունն, ասաց, որ դրանք լուրջ խախտումներ չեն: Բժշկական կենտրոնի նախկին տնօրենի վերաբերյալ էլ տեղեկացրեց , որ  վերջինս, ոչ իր հրամանով, նշանակվել է առողջապահական այդ հիմնարկի բուժվիճակագիր, սակայն մինչ հիմա արձակուրդի մեջ է, Ս. Պետրոսյանի արձակուրդը կավարտվի մի քանի օրից:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Karen says:

    Տիպիկ ռեյդերային զավթման օրինակ, իրականացված պետական պաշտոնյաների կողմից: Դիլիջանի բժշկական կենտրոնը տարիներ շարունակ պարտքեր է կուտակել, որոնց սակայն Տավուշի մարզպետն ու նրա բուժվարչության պետը, հավանաբար կանխամտածված, ոչ միայն չեն անդրադարձել, այլև բարենպաստ պայմաններ են ստեղծել դրանց ավելացման համար: Ում պատվերն է կատարել Տավուշի մարզպետը և Դիլիջանի բժշկական կենտրոնում քանի տոկոս բաժնեմաս է ունենալու: Եթե պատվեր չի կատարել, ապա ինչու իշխանությունները միանգամից որոշեցին այն սեփականաշնորհել /որքանով տեղյակ եմ, բուժհաստատությունների սեփականաշնորհման գործընթացը կասեցված եր/: Մի թե հնարավոր չեր բուժհաստատության առողջացման ուղղությամբ որևէ քայլ ձեռնարկել: Մարդկանց աչքերին թոզ եք փչում պարոնայք, կամ սկսել եք յուղ վառել:

  2. Վահե says:

    Տավուշբաշու ապաշնորհ կառավարումը և հերթական թալանը:

  3. Anna says:

    Դիլիջանի բժշկական կենտրոնը սեփականաշնորհվում է դիտավորյալ կուտակված պարտքերի հետևանքով: Իհարկե այդ պարտքերը մեկ օրում չեն կուտակվել:Սա Տավուշի ակադեմիկոս մարզպետի անպատժելիության օրինակներից է,բայց ո՞վ է տերը:Հանրապետությունում բուժհիմնարկները հանված են սեփականաշնորհումից,բայց այս բժշկական կենտրոնը սեփականաշնորհվում է,իսկ դրանում մեղավոր պաշտոնյաները իհարկե անպատիժ են:Դեռ քանի բուժկենտրոն կհայտնվի նման իրավիճակում,կարելի է միայն ենթադրել:Իսկ ,,անմահ Կոշչեյի,, կյանքի ասեղն այդպես էլ չի գտնվում…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31