Aravot.am-ի հետ զրույցում արևելագետ Արտակ Ավետիսյանը, որը մի քանի անգամ առիթ ունեցել է լինել Սիրիայի Քեսաբ գյուղում, նկարագրելով այս տեղանքն ու հայերի ապրելակերպն` ասաց, որ այն ֆանտաստիկ բնակլիմայական պայմաններ ունեցող պայծառ ու խաղաղ վայր է, որտեղ մեքենայի ազդանշանի ձայն անգամ չէր լսվում: Նրա բնութագրմամբ, այս տեղանքը Սիրիայի մեջ անկախ պետություն էր` միմիայն հայկական օրենքներով շարժվող, իսկ հայերը ապրում էին ամենաթանկարժեք առանձնատներում` արձանիկներով զարդարված, ամենաճոխ ձևով վերանորոգված:
«Քեսաբը ամառանոցային գյուղաքաղաք է` իր ենթակառուցվածքներով, ամբողջովին հայաբնակ: Հստակ տվյալներ չգիտեմ, թե քանի հայ էր բնակվում, բայց ենթադրում եմ, որ Քեսաբը` իր հարակից 4-5 գյուղերով, ուներ մոտ 10-12 հազար հայեր: Այնտեղ տարիքով մարդիկ ավելի շատ էին ապրում, երիտասարդները չէին մնում: Քեսաբը վերջին շրջանում մինչև 6 հարկանի շենքեր էլ ուներ կառուցված, ինչ-որ ժամանակից սկսած Սիրիայի հարուստ հայ շրջանակների համար դարձել էր ամառանոց: Իրեն հարգող ցանկացած հալեպահայ, և ոչ միայն, այլ տարածաշրջանի հայը` լիբանանցի, դամոսկոսցի պիտի ունենար էնտեղ ամառանոց: Քեսապում քիչ մարդիկ կային, որոնք մշտական բնակություն ունեին, որովհետև այնտեղ ինչ-որ առումով անհարմարություններ կային. կրթական, առողջապահական հաստատություններն ամենաբարձր մակարդակի չէին: Քեսաբը ընթացքում դարձավ ապաստարան ինչ-որ իմաստով բնակարան կորցրածների համար , մեկը իր առանձնատունը տվեց բարեկամին, կային նաև վարձով տրվող տարբերակներ:Միգուցե իրենք այդ մասին չխոստովանեին, բայց ես ընկեր ունեմ, որը այս պահին Երևանում է բնակվում ու իր տունը վարձով էր տվել այնտեղ:
Քեսաբը հարուստ էր նաև այն իմաստով, որ սիրական ոչ մի գյուղաքաղաք իրեն նման չէր, խաղաղ շրջան է, հայհոյանք կամ վիճաբանություն երբեք չէր լսվում: Այստեղ համարյա երբեք ձյուն չի գալիս, 15-20 տարի մեկ է ձյուն գալիս, քաղաքը շրջապատված է անտառներով, այն գերիշխող դիրք ունի շրջապատի նկատմամբ, նման է բերդի: Հալեպից միակ ճանապարհը ոլորապտույտ բարձրանում է դեպի Քեսապ, նմանատիպ մի ճանապարհ էլ գնում է դեպի Միջերկրական ծով: Այն ինչ-որ իմաստով շատ նման է Լաչինին, ձորակի փեշերին է տեղավորված գյուղաքաղաքը, նաև Գորիսին է նման իր ճարտարապետությամբ: Ինչպես որ Գորիսն է առանձնանում ամբողջ Հայաստանի մեջ իր ճարտարապետությամբ `որպես բնակավայր, այնպես էլ Քեսաբը Սիրիայում: Հայկական այս գյուղը մեր հասկացողության հեչ գյուղ չէ: Այն բառերով նկարագրել հնարավոր չէ, այնտեղ պիտի լինես, որ պատկերացնես: Այնտեղ կա 3 հայկական եկեղեցի ` իր դպրոցներով.Հայ առաքելական, Հայ կաթողիկե և Հայ ավետարանական: Այնտեղ գործում են երեք ավանդական կուսակցությունները, մարզական մշակութային միություններ, բազմաթիվ հանձնախմբեր»,- ասում է արևելագետը:
Արևելագետի կարծիքով, Թուրքիայի տարածքից զինված հարձակումը պայմանավորված է նրանով, որ թուրքերը միշտ պղտոր ջրում ձուկ որսացող են, սակայն Քեսաբի հայերն էլ իրենց հերթին չունեին հայրենիքի , հողի ու ջրի զգացողությունը, հետևաբար և այստեղ հայկական ինքնապաշտպանություն չկայացավ:
Կարդացեք նաև
Այս մասին արևելագետ Արտակ Ավետիսյանի կարծիքը` քիչ անց:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ