Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացած 2 տարեկան երեխայի գործով բուժքույրը վկայություն տվեց

Մարտ 24,2014 21:16

Այսօր՝ մարտի 24-ին՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում էր «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած մանկահասակ Լիա Միսակյանի գործով դատական նիստը:  Հիշեցնենք՝ այս գործում մեղադրվում էին «Արաբկիր» բժշկական կենտրոնի բոքսային բաժանմունքի վարիչ Լիլիթ Վարդանյանը եւ նույն կենտրոնի 1-ին մանկաբուժական բաժանմունքի մանկաբույժ Զարինե Այվազյանը ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացվողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը: Այսօր իրենց վկայությունները տվեցին «Արաբկիր» բժշկական կենտրոնի աշխատակիցները:

«Արաբկիր» բժշկական կենտրոնի բուժքույր Լարիսա Վարդանյանը իր խոսքում նշեց, որ բժշկուհին իրեն զանգել եւ տեղեկացրել է, որ շտապ օգնությամբ բարձր ջերմությամբ եւ ցնցումներով երեխա են բերել եւ հրահանգել է շտապ կատետորը դնել եւ ջերմիջեցնող տալ.

«Անմիջապես երեխային տարանք հիվանդասենյակ, նայեցի՝ երակը այդքան էլ լավ չէր, մի կերպ այդ կատետորը դրել եմ, ուզում էի արյուն վերցնել. արյունը շատ վատ էր, խտացած էր: Հետո, որ երեխայի երակը չվնասեմ, նրան ցավ չպատճառեմ, երեխայից անալիզ չեմ վերցրել»:

Տիկին Վարդանյանի խոսքերով՝ բարձր ջերմության ժամանակ նորմալ է, որ արյունը խտանում է: Նա երեխային կաթիլային է միացրել, որից հետո Լիա Միսակյանի ջերմությունը իջել է, եւ նա աշխուժացել է.

«Երեխան անընդհատ ասում էր՝ տատիկի մոտ եմ ուզում, ես ձեռքը բռնած բաժանմունքում հետս ման եմ տվել մինչեւ ժամը լրանա, այդ ընթացքում՝ էլի շատ ծանր հիվանդ եկավ Ապարանից, գնացի նրանով զբաղվեցի, հենց սենյակից դուրս եկա, եկավ փաթաթվեց ինձ, էլի նորից երեխայի ձեռքը բռնած միջանցքով ման եմ եկել»:

Լարիսա Վարդանյանը հայտարարեց, որ արյան անալիզը վերցրել է 7:30-ի սահմաններում՝ պատճառաբանելով, որ ցանկանում էր, որ երեխայի մայրը լիներ նրա կողքին: Տիկին Վարդանյանը պնդում էր, որ երեխայի վիճակը շատ լավ է եղել, եւ նա նույնիսկ խորհուրդ է տվել բժշկուհուն նրան տուն ուղարկել.

«Ասացի՝ մեղք չէ՞ երեխան, որ այս գիշերվա կեսին բերեցիք: Ջերմությունը կիջեցնեիք, թո՛ղ տանը քներ երեխան, իսկ այստեղ երեխան անհանգիստ է»:

Տուժածի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը հայտարարեց, որ իր ՀՔԱՎ-ի աշխատակցուհին ընդմիջման ընթացքում նկատել է, թե ինչպես պաշտպան Գիվի Հովհաննիսյանը խորհուրդներ էր տալիս վկային, դատավոր Լեւոն Ավետիսյանը խորհուրդ տվեց հավաստի տվյալներ ունենալու դեպքում՝ հաղորդում տալ քրեական հետապնդում իրականացնող մարմնին.

«Դատարանը քրեական հետապնդում իրականացնող մարմին չէ: Իսկ պաշտպանության կողմը իրավունք ունի օրենքով չարգելված ցանկացած մեթոդներով պաշտպանել իր պաշտպանյալին»:

Լարիսա Վարդանյանն էլ հայտարարեց, որ լեղապարկի ցավեր ուներ եւ Գիվի Հովհաննիսյանից դեղամիջոց է խնդրել:

Արթուր Սաքունցը եւ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազի տեղակալ Դավիթ Կարապետյանը միջնորդություն ներկայացրեցին հրապարակելու համար վկայի ցուցմունքները, քանի որ կարծում էին, որ նրանք չեն համապատասխանում նրա վկայությանը, մասնավորապես՝ անալիզ վերցնելու ժամանակահատվածը: Դատարանը բավարարեց միջնորդությունը:

Տիկին Վարդանյանը նշեց, որ պարզապես շփոթել էր երեխային, այդ պատճառով ցուցմունքները չեն համապատասխանում իրար: Իսկ նախաքննության ընթացքում ցուցմունքները ինքը չի գրել, քանի որ ակնոցները իր հետ չի վերցրել եւ չի բացառում շփոթությունները:

Դատական նիստը հետաձգվեց, այն կշարունակվի մարտի 27-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31