«Լոնդոն Այ» միջազգային ուսումնական կենտրոնը, որը հիմնադրվել է 2011 թ. Երևանում, հրավիրում է մասնակցելու «Կրթություն արտերկրում. բաց դռների օր» խորագրով միջոցառմանը, որը տեղի կունենա վաղը՝ Անի Պլազա հյուրանոցում:
«Լոնդոն Այ» միջազգային ուսումնական կենտրոնի հրավերով առաջին անգամ Հայաստան են ժամանել աշխարհում բարձր վարկանիշ ունեցող համալսարանների ու ուսումնական հաստատությունների պաշտոնական ներկայացուցիչները: «Լոնդոն Այ» միջազգային ուսումնական կենտրոնի գործադիր տնօրեն Գայանե Եղիազարյանի խոսքով՝ «Կրթություն արտերկրում. բաց դռների օր» հանդիպում-խորհրդատվության ընթացքում ԱՄՆ-ի, Մալթայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի վարկանիշային համալսարանների ներկայացուցիչները մասնակիցներին մանրամասն տեղեկատվություն կտրամադրեն բակալավրիական, մագիստրոսական, դոկտորոկան ծրագրերի և ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում ու Եվրոպայի մի շարք երկրներում կազմակերպվող ամառային դպրոցների ու կրթաթոշակների վերաբերյալ:
«Հայ ուսանողները հետաքրքրված են արտերկրում կրթական ծրագրերով,- ասում է Գ. Եղիազարյանը,- բայց այդ ոլորտում ապատեղեկատվություն կամ տեղեկատվության պակաս կա, այսինքն՝ նրանք չգիտեն ուր դիմել, ուր գնալ, և սա պատճառ դարձավ այս միջոցառման կազմակերպմանը, որտեղ ուսանողները, երիտասարդ մասնագետներն ու պարզապես հետաքրքրվող անձինք հնարավորություն կունենան դեմ առ դեմ հանդիպելու համալսարանների ներկայացուցիչների հետ, ստանալ խորհրդատվություն, ծանոթանալ արտերկրում ուսանելու, մասնագիտական վերապատրաստման առաջարկներին ու կրթաթոշակներին»:
«Հայ ուսանողներին թվում է, թե կրթությունն արտերկրում թանկ է,- ասում է «Գլոբ էդուքեյշնի» ներկայացուցիչ Լիլյա Հովհաննիսյանը,- բայց մենք հնարավորություն ենք ստեղծել բարձր առաջադիմություն և անգլերենի գերազանց իմացություն ունեցող ուսանողների համար բավականին մատչելի գներով սովորելու Մեծ Բրիտանիայում (զեղչեր, կրթաթոշակներ)»:
Գ. Եղիազարյանն էլ տեղեկացրեց, որ արտասահմանում սովորելու համար կարիք չկա այս կամ այն երկիրը գնալ՝ ընդունելության քննություններին մասնակցելու համար. «Ընդունելության ողջ ընթացակարգն իրականացվում է Հայաստանում: Ուսանողն անգլերենի քննությունը (IELTS կամ TOEFL) հանձնում է այստեղ, հետո նրա փաստաթղթերն ուղարկվում են տվյալ համալսարան»,- ասաց Գ. Եղիազարյանը:
Լիլյա Հովհաննիսյանն էլ Մեծ Բրիտանիայի համալսարաններ դիմել ցանկացողներին խորհուրդ է տալիս հանձնել IELTS քննություն, իսկ ամերիկյան համալսարաններ դիմողներին՝ TOEFL:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ