Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը դեմ է, որ «հայտնի մասնավոր անձը» օրական ութ միլիոն շահույթ ստանա

Մարտ 24,2014 16:20

«Տիկին Զոհրաբյան, նենց բարձր եք խոսում, չենք էլ կարողանում լսել»,- այսօր խորհրդարանում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին դիտողություն արեց նիստը նախագահող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ն. Զոհրաբյանը այդ դիտողությանն արժանացավ, երբ տեսակետ էր ներկայացնում «ՀՀ ֆիզիկական և իրավաբանական անձնանց նկատմամբ 2012-13 թվականների ընթացքում արագաչափերի և տեսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման, Երևանի ուղևորափոխադրումների ուղեվարձի հնարավոր թանկացման, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքների գործադրման ազդեցությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու» ԱԺ որոշման նախագծի վերաբերյալ:
«Այստեղ հնչեցին կարծիքներ, թե յուղ ենք լցնում կրակի վրա: Նրանք ուզում են ասել` ինչո՞ւ եք ուզում ձեր հարցադրումներով խանգարել թալանչիների, մասնավոր ռեկետի անդորրը: Բայց մենք փորձելու ենք ու խանգարելու ենք»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: Խոսելով Երևանում կարմիր գծանշումներ անելու ապօրինի որոշման մասին՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ուսումնասիրել է կարմիր գծանշումների միջազգային փորձը եւ համոզվել, որ գծանշումներից գոյացած գումարները գնում են համայնքային բյուջե, ոչ թե մասնավոր ընկերությանը: «Ավագանու նիստում ներկայացվել է, թե «Փարքինգ սիթի» ընկերությունը հինգ միլիոն դրամ է ծախսել ծառայություններ մատուցելու վրա: Ես հարցրել եմ փորձագետներին, թե որքան կարող է կազմել կարմիր գծանշումների վրա ծախսված գումարը, փորձագետներից մեկը լավ հումորի զգացում ուներ, ասաց` միայն մեկ դեպքում 5 մլն կլիներ, եթե այդ կարմիր ներկը Ռեմբրանտի կամ վերածննդի այլ հանճարի յուղաներկից լինի: Այսինքն, ակնհայտ է, որ ստում ու խաբում են, ոչ մի հինգ միլիոն դոլար չի ծախսվել: Այդ գումարի յոթանասուն տոկոսը գնում է բոլորիս հայտնի մասնավոր անձի գրպանը»: Տիկին Զոհրաբյանի հաշվարկներով, ամսեկան միջինը ութ միլիոն դոլարի եկամուտ է ունենում ընկերությունը:
Ի դեպ, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի ելույթը դուր չեկավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, որը, պարզվում է, Մինասյանից ավելի լավատեսական ելույթ էր սպասում: Ինչեւէ, հակադարձելով ՀՅԴ-ական պատգամավորի դիտարկումներին, թե մեծամասնությունը խուսափում է քննարկումներից կամ ցանկանում է ջարդել նախաձեռնությունը, ԱԺ փոխնախագահը նկատեց. «Եթե այդպես լիներ`հարցը հիմա չէր քննարկվի»:
Ավելի վաղ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հիմնական զեկուցող Ռուբեն Հակոբյանին առաջարկել էր նախագծում ներկայացված հարցադրումները խմբավորել եւ ուղարկել պատկան գերատեսչություններ: ԱԺ նախագահը խոստացավ, որ պատասխանները ստանալուց հետո ինքը հարցի վերաբերյալ լսումներ կկազմակերպի`ապահովելով պատկան գերատեսչությունների ներկայացուցիչների ներկայությունը, եւ բոլորին հուզող այդ հարցերը լայն քննարկման առարկա կդառնան:
«Մենք ձեր առաջարկը չենք մերժում. քվեարկենք`հանձնաժողով ստեղծենք, եթե դուք դեմ կլինեք ու չի ստացվի`լսումներ կհրավիրենք»,- իր ելույթում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա նաեւ անդրադարձավ մինչ այդ ՀՀԿ-ականների հնչեցրած այն հեգնանքներին, թե ինչո՞ւ է ընդդիմությունն անընդհատ ցանկանում հանձնաժողովներ ստեղծել: «Մենք ենք ուզում ստեղծենք, որովհետեւ կառավարությւոնը ձեզնից չի վախենում, մեզնից վախենում է»,-գտնում է ՀԱԿ պատգամավորը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31