Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինի թմրամիջոցներ «արտադրողները» իրավապահ մարմիններից մեկ քայլ առաջ են (Տեսանյութ)

Մարտ 24,2014 16:07

Հայաստան թմրամիջոցներ հնարավոր է ներմուծել նաեւ փոստային առաքման միջոցով. այդ տեսակի թմրամիջոցներից է «Սպայսը»:

«Այն համարվում է դիզայներական թմրամիջոց եւ անընդհատ կազմը փոփոխվում է ու նորերն են ստեղծվում»,-պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ինչպես պետք է վերահսկվի նման թմրամիջոցների ներմուծումը, ասաց Դեղերի փորձագիտական կենտրոնի թմրամիջոցների հսկման բաժնի վարիչ Հասմիկ Մարտիրոսյանը`ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում հրավիրված «Թմրամիջոցների վերահսկման միջազգային խորհրդի (ԹՎՄԽ)» 2013 թվականի տարեկան զեկույցի ներկայացմանը:

Տիկին Մարտիրոսյանի խոսքերով` վերջերս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանի համապատասխան մարմիններին հարցադրում է կատարել, որպեսզի պարզեր, թե ո՞ր տեսակի թմրամիջոցներն են ենթարկվում չարաշահման. «Որքանով ես եմ տեղյակ, ոստիկանությունը կառավարությանը ներկայացրել է ցանկ` «Սպայսի» եւ նմանատիպ ծխելու խառնուրդների մեջ առկա դիզայներական թմրամիջոցների նկատմամբ որոշակի վերահսկողություն սահմանելու վերաբերյալ»:

Քննարկմանը ներկա Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության 3-րդ բաժնի պետ Վազգեն Շահնազարյանն էլ վստահեցրեց, որ պատահում է, որ ծանրոցներում հայտնաբերում են որոշակի քանակությամբ տարբեր տեսակի թմրամիջոցներ, դեղահաբեր, իսկ ինչ վերաբերում է «Սպայսին», ապա դրա հետ կապված այսօր խնդիր կա Հայաստանում: Եւ չնայած մեր երկրի օրենսդրությամբ փոստային միջոցներով թմրամիջոցների առաքումն արգելված է, սակայն «Սպայսի» բաղադրատարրերը դեռեւս արգելվածների ցանկում չեն. «Դա ընդգրկված չէ որեւէ ցանկում, հետեւաբար դրա շրջանառությունը արգելված չէ: Որքանով ես եմ տեղյակ, «Սպայսի» բաղադրությունը տարբեր ձեւերով հնարավոր է փոփոխել եւ դրա արդյունքում հնարավոր չէ սահմանափակել դրա պրեկուրսորներն ու մտցնել վերահսկման ցանկում եւ դիտարկել որպես արգելված»:

Պարոն Շահնազարյանի եւ տիկին Մարտիրոսյանի դիտարկումների մանրամասները`  տեսանյութում

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկատվության բաժանմունքի պետ, փոխգնդապետ Արթուր Մինասյանն էլ մեր հարցին ի պատասխան ասաց, որ մի շարք երկրներ իրենց օրենսդրությամբ արդեն իսկ արգելել են ծխախոտային խառնուրդների ապօրինի շրջանառությունն ու գործածումը. Հայաստանի Հանրապետությունում միջգերատեսչական համագործակցության արդյունքում ստեղծվել է 114 անվանում սինթետիկ կանաբինոիդների ցանկ, որը վերցվել է տարբեր երկրների օրենսդրությունից: «Օրենսդրական փաթեթը ներկայացվել է կառավարություն, որը հավանություն տվել, ու ներկայացրել Ազգային ժողով»: Այսինքն, Ազգային ժողովի հաստատումից հետո նոր միայն պետք է սկսվի վերահսկումն ու արգելումը «Սպայսի» եւ դրա բաղադրատարրերի:

Aravot.am-ի այն դիտարկմանը, որ եթե նման սինթետիկ թմրամիջոցների կազմն անընդհատ փոփոխվում է, ապա չի բացառվում, որ մինչ ԱԺ-ն հաստատի եւ արգելվի ներկայիս «Սպայսն» ու դրա բաղադրատարրերը, նոր բաղադրատարրեր կհորինվեն եւ, ըստ էության, իրավապահ մարմինները չեն հասցնում ապօրինի թմրամիջոցներ «արտադրողների» հետեւից, պարոն Մինասյանն ասաց. «Այո, չի բացառվում. բոլոր երկրներում էլ հետեւում են եւ եթե նոր բանաձեւով հանդիպում է, նրանք անմիջապես ընդգրկվում են նորից ցուցակում: Մեզ մոտ էլ, եթե հայտնաբերվի, նորից պետք է լրացումներ կատարենք: Դա շարունակական լինելու է: Եւ ոչ միայն մենք, այլ բոլոր երկրները չեն հասցնում, ամբողջ աշխարհում այդ խնդիրը կա»:
«Սպայսի» վտանգավոր եւ կործանարար հետեւանքների մասին դիտեք Ա1+-ի տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31