Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ է սպառնան, քան արհամարհեն լրագրողին»

Մարտ 24,2014 15:38

Գյումրիում վաղն արդեն 7-րդ անգամ կնշվի խոսքի ազատության տոնը, որը խորհրդանշում է ԳԱԼԱ հեռուստաընկերության հաղթանակն՝ ընդդեմ հարկային մարմնի նկարած տուգանքների: Հիշեցնենք, որ 2008 թ. նախագահական ընտրություններին ընդառաջ իշխանությունները սկսել էին հալածել Գյումրու անկախ լրատվական ալիքին, որը «համարձակվել էր» ցուցադրել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Բանը հասավ նրան, որ հեռուստաընկերությանը փրկելու համար գյումրեցիները հանգանակություն կատարեցին ու մուծեցին հարկայինի նկարած մոտ 27 միլիոն դրամը:

Այսօր Aravot.am-ը լրագրող Համլետ Մոսինյանից հետաքրքրվեց, թե խոսքի ազատության, համարձակության առումով ինչպե՞ս կգնահատի Գյումրիի լրատվամիջոցների աշխատանքը, կիսո՞ւմ է արդյոք այն կարծիքը, որ այստեղի հեռուստաընկերությունները շատ ավելի ազատ են, քան հանրապետության որևէ այլ տեղանքի: «Նախ ասեմ, որ խոսքի ազատության օրը երևի թե էն միակն տոնն է մնացել ինձ համար, որ ես նշում եմ: Պատկերացրեք, եթե նույնիսկ Ամանորը կամ իմ ծննդյան օրը ինձ համար սովորական օրեր են համարվում, խոսքի ազատության օրը հարազատ տոն է դարձել իմ, քո, մյուս գյումրեցիների միջոցով: Ինչ վերաբերում է համեմատությանը, ես երևի էն քչերից եմ, որի իրավունքը իսկապես ունեմ, որովհետև աշխատել եմ 3 հյուսիսային մարզերում` Տավուշ, Լոռի, Շիրակ: Եվ իսկապես Գյումրին և առհասարակ Շիրակը առավելություններ ունեն խոսքի ազատության հետ կապված: Իմիջայլոց ասեմ, որ կոմունիստական ժամանակաշրջանում անգամ Գյումրու «Բանվոր» թերթում քննադատություններ կային գործող դատախազի մասին, էդպիսի բան ես մյուս քաղաքներում չեմ տեսել: Հիմա էլ փառք մեր լրագրողներին, կարողացել են էդ նշաձողը պահել, խոսքս վերաբերում է թե տպագիր մամուլին, թե հեռուստաընկերություններին»,- ասաց փորձառու լրագրողը:
Մեր այն հարցին էլ, թե անվտա՞նգ է Գյումրիում լրագրող աշխատելը, Համլետ Մոսինյանը թվարկեց լրագրողներին ահաբեկելու, Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի շենքը ու նրա նախագահ Լևոն Բարսեղյանի մեքենան այրելու փորձերը, ԳԱԼԱ հեռուստաընկերության ձեռքից հեռուստաշտարակը խլելը: Սակայն նա առավել շատ դժգոհեց մարզային իշխանությունների անտարբերությունից` նշելով, որ ավելի լավ է լրագրողներին սպառնան, քան նրանց գրածները քար անտարբերության, լռության մատնեն: Ըստ Համելտ Մոսինյանի, լրագրողները անընդհատ գրում են այն մասին, որ սահմանամերձ գյուղերում առաջին դասարանցիներ չկան, սակայն Շիրակի մարզպետարանի հսկա անձնակազմից մի հոգի չկա, որը արձագանքի, ներկայացնի մարզպետարանի ծրագիրը կործանվող գյուղերը փրկելու ուղղությամբ: «Այնպիսի տպավորություն է, թե մարզում պետական իշխանություն չկա, արձագանք չկա, բացարձակ լռություն, մեկը քեզ դատի չի տալիս, թե սխալ բան ես գրում, որևէ մեկը չի արձագանքում, թե դու ճիշտ ես և որ մենք կաշխատենք վերահսկել: Մարզպետարանը ոչինչ չի անում սահմանամերձ, մեռնող գյուղը փրկելու համար: Գոնե մի ձևական պատասխան չկա, լռությունը նշանակում է, որ դուք ոչինչ չեք անում: Լավ է սպառնան, քան լռության մատնեն, արհամարհեն լրագրողին»,- ասաց Համելտ Մոսինյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. KARAPET says:

    Էս մարդը`Մոսիսինյանը, իրան վաղուց սպառել ա, պի էք խոսացնում, իրան իրա Ալավերդիում չեն ճանաճում, դուք իրան սարքել եք մեկնաբան, չգիտեմ, էլ ինչ, Գյումրիում էլ նորմալ մարդ չկա հա երևի

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31