Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի 12-ին մայրաքաղաքում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ

Մարտ 24,2014 14:56

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ, վարչական շրջաններում տաքսիների նոր կայանատեղիներ կազմակերպելու նպատակով, ՃՈ հետ համատեղ քննարկվել են շահագրգիռ կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկներն ու մասնագիտական լրացուցիչ ուսումնասիրություններից հետո առանձնացվել են տաքսիների նոր, անվճար կայանատեղերի 35 տարածք: Քաղաքապետը հանձնարարել է արդեն իսկ առկա 40 տարածքի օրինակով, ՃՈ հետ համատեղ, սեղմ ժամկետում նշված 35 տարածքները ևս կահավորել համապատասխան ճանապարհային նշաններով: Պատասխանատուներին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է պարբերաբար ուսումնասիրել և հնարավոր նոր կայանատեղերի վերաբերյալ առաջարկներ ներկայացնել:
Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ «Ձեզ համար, կանայք» խորագրով առողջապահական ակցիայի շրջանակում քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ է դիմել շուրջ 14 հազար կին: Հետազոտություններից հետո 1744 կին ուղեգրվել է վիրահատության, որոնցից 342-ն արդեն վիրահատվել են:

Առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող հսկողության շնորհիվ մայրաքաղաքում նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 31 արձանագրություն, որից 28-ը՝ Կենտրոն վարչական շրջանում: Ընդ որում, արձանագրությունների զգալի մասը կազմվել է քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցների կողմից, ինչը քաղաքապետ Տարոն Մարգարյանը գնահատել է անթույլատրելի. «Ըստ էության, այս գործառույթի իրականացման հիմնական պատասխանատուն հենց վարչական շրջանի համապատասխան բաժինն է, որի պարտականությունը ամենօրյա հսկողության իրականացումը և բացօթյա ապօրինի առևտրի դեպքերը հայտնաբերելն ու համապատասխան քայլեր ձեռնարկելն է: Մինչդեռ, ինչպես տեսնում ենք, քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության սակավաթիվ աշխատակիցներն ավելի շատ դեպքեր են հայտնաբերում, քան վարչական շրջանի համապատասխան բաժնի աշխատակիցները: Նման վարքագիծն անթույլատրելի է, ինչը նաև խոսում է այն մասին, որ տվյալ բաժնի աշխատակիցներն ուղղակի մատների արանքով են նայում իրենց պարտականությունների կատարմանը: Ըստ այդմ, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարում եմ խիստ նկատողություն հայտարարել Կենտրոնի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի պետին՝ աշխատանքները ոչ պատշաճ կազմակերպելու և իրականացնելու համար», – նշել է քաղաքապետն ու հանձնարարել պատասխանատուներին շարունակել գործընթացի նկատմամբ խիստ հսկողությունը, մասնավորապես, վարչական շրջանների կողմից իրականացվող աշխատանքների նկատմամբ:

Երևանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ, քաղաքապետի հանձնարարությամբ, մայրաքաղաքի փոքր կենտրոնի երթևեկը բեռնաթափելու նպատակով ուսումնասիրվել և քայլեր են ձեռնարկվում Տերյան փողոցի շարունակությունը հանդիսացող Անտոն Քոչինյանի փողոցի, ինչպես նաև դեպի Բուզանդի փողոց ձգվող Անրի Վեռնոյի փողոցի հատվածները երթևեկելի դարձնելու ուղղությամբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի երթևեկի բեռնաթափման համատեքստում հանձնարարել է գույքագրել և ուսումնասիրել խորհրդային տարիներին նախաձեռնված անավարտ ճանապարհային հատվածներն ու քայլեր ձեռնարկել դրանց հնարավոր շահագործման ուղղությամբ:

Քաղաքապետը հանձնարարել է նաև Կոմիտասի անվան զբոսայգու ողջ տարածքը բարեկարգելու նպատակով ներկայացնել նախագիծ-նախահաշիվ:

Սեփականատերերի կողմից իրենց պատկանող տարածքների մաքրման ու պատշաճ վիճակի բերման աշխատանքների մասով զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում 10 տարածք սեփականատերերի կողմից իրենց միջոցներով մաքրվել և բերվել է համապատասխան տեսքի: Քաղաքապետը հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել նաև վարձակալների կողմից տնօրինվող տարածքների մաքրման և բարեկարգման ուղղությամբ տարվող աշխատանքների նկատմամբ:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև գնումների գործընթացում հաղթող ճանաչված կազմակերպությունների կողմից կատարվող աշխատանքների որակի նկատմամբ խիստ հսկողությունն իրականացնել դրանց մեկնարկից սկսած. «Պետք է որդեգրել աշխատանքային այս մոտեցումը, ինչն, անշուշտ, առավել արդյունավետ կդարձնի թե՛ վերահսկողության կազմակերպման ապահովումը, և թե՛ կազմակերպությունների կողմից աշխատանքների պատշաճ կատարումը», – ընդգծել է քաղաքապետը:

Հանձնարարվել է նաև ամենօրյա հսկողության տակ պահել քաղաքացիների կողմից ստացվող դիմումներին սահմանված ժամկետում պատասխանների տրամադրման գործընթացը:

Քաղաքապետը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել ապրիլի 12-ին համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ կազմակերպելու ուղղությամբ՝ այդ աշխատանքներում ակտիվորեն ներգրավելով ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ պետական և մասնավոր կառույցներին:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև նախապատրաստական աշխատանքներ տանել ՀՀ սահմանամերձ գոտիներում երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների, մասնավորապես, սոցիալապես անապահով ընտանիքների՝ մայիսին զորամասեր այցելությունները կազմակերպելու ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31