Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանը սայթաքելու իրավունք այլեւս չունի

Մարտ 24,2014 14:20

Խանտի-Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարում այսօր հերթական հանգստի օրն է:

Երեկ կայացած իններորդ տուրում Լեւոն Արոնյանը ցանկացավ սկզբնախաղում անակնկալ մատուցել Շախրիյար Մամեդյարովին՝ երկու զինվոր զոհաբերելով, սակայն մրցակիցը կարողացավ ճիշտ կողմնորոշվել եւ հետագայում կշեռքի նժարն իր կողմը թեքելով պարտիան ավարտել իր օգտին:

Ցավալի այս պարտությունից հետո Արոնյանը, թեեւ դիրքը պահպանեց երկրորդ հորիզոնականում, սակայն հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը հերթական հաղթանակը տանելուց հետո կրկին «պոկվեց» նրանից՝ առաջ անցնելով ամբողջ մեկ միավորով: Վաղը կայանալիք 10-րդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի:

1. Վիշվանաթան Անանդ՝ 6,0 միավոր
2. Լեւոն Արոնյան՝ 5,0
3. Վլադիմիր Կրամնիկ՝ 4,5
4. Սերգեյ Կարյակին՝ 4,5
5. Շախրիյար Մամեդյարով՝ 4,5
6. Դմիտրի Անդրեյկին՝ 4,0
7. Պյոտր Սվիդլեր՝ 4,0
8. Վեսելին Տոպալով՝ 3,5
Մրցաշարի ավարտին մնում է ընդամենը հինգ տուր եւ հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը համարվող Լեւոն Արոնյանն այլեւս սայթաքելու իրավունք չունի: Ավելին, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին ձեռնոց նետելու իրավունքը նվաճելու համար, հայ գրոսմայստերից, թերեւս, պահանջվում է պայքարը եզրափակել մաքուր առաջին տեղում: Ըստ կանոնակարգի հավասար միավորների դեպքում հաղթողը որոշվում է առաջին հերթին միմյանց միջեւ խաղացված պարտիաների արդյունքով (Արոնյանը Խանտի-Մանսիյսկում Անանդին պարտվում է 0,5:1,5 հաշվով), ապա՝ հաղթանակների քանակով: Այնպես որ, Լեւոն Արոնյանը մրցաշարի մնացած հատվածում պարտավոր է հնարավորին չափ շատ հաղթել ու պայքարն ավարտել մաքուր առաջին տեղում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ candidates2014.fide.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31