Այսօր խորհրդարանն արտահերթ կարգով սկսեց քննարկել խորհրդարանական ոչ իշխանական խմբակցությունների նախագիծը` «ՀՀ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ 2012-13 թվականների ընթացքում արագաչափերի և տեսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման, Երևանի ուղևորափոխադրումների ուղեվարձի հնարավոր թանկացման, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքների գործադրման ազդեցությունն ուսումանսիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստղծելու» վերաբերյալ: Սույն նախաձեռնության մասին դեռ հինգշաբթի օրը լրագրողներին տեղեկացրել էր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Ըստ նախագծի՝ հանձնաժողովը պետք է քննարկի 2012-13-ին ազգաբնակչության և տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ լրացուցիչ վճարներ, տուրքեր և տուգանքներ սահմանելու օրինաչափությունը և դրանց միջոցով թաքնված հարկային բեռի ավելացման հիմնավորվածությունն ու հետևանքները: Հիմնական զեկուցող, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ բարձրացված հարցին միացել են նաև Երեւանի ավագանու անդամ «Բարև Երևան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները: «ԱԺ չորս խմբակցությունները բազմիցս անդրադարձել են այս հարցերին, սակայն կառավարությունը և իրավասու մարմիններն անպատասխան են թողել մեր բարձրացրած հարցերը,- ասաց Ռուբեն Հակոբյանը՝ հավելելով, որ իրենց նպատակն է ձևավորել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի առկա խնդիրները:
Անդրադառնալով Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղիների կարմիր գծանշումներին, արագաչափերին ու այլ հարցերին, բանախոսն ասաց, որ չի ցանկանում քաղաքական գնահատական տալ: Մինչդեռ, խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումը պատգամավորը համարում է նպատակային: «Ինչքան կարելի է չսիրել Երևանը, երևանցուն, որ նման օրենքներ կիրառել: Որքան կարելի է ժողովրդից «նալոգ» հավաքել, չեմ ասում հարկ, հարկը նորմալ է, սակայն այս դեպքում «նալոգ» է: Մենք գերի չենք առանձին անձերի մոտ, սա արժանապատվության հարց է»,– ասաց նա:
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը դիտարկումներով համեմված հարց ուղղեց հիմնական զեկուցողին. «Ինձ մոտ տպավորություն է, որ իմ օրինաստեղծ գործընկերները ստանձնում են հանձնաժողովաստեղծ պարտականությունը: Տպավորություն է, որ մեր գործընկերները խոսում են խոսելու համար, շահարկումներ անելու համար, կրակի վրա յուղ լցնելու համար: Ձեր նշած ոլորտներում, իհարկե, խնդիրեր կան, սակայն պետք է առաջարկներ ներկայացնել՝ խնդիրների լուծման ուղղությամբ»:
Ի պատասխան Ռուբեն Հակոբյանը կրկնեց, որ իրավասու մարմիններն անպատասխան են թողել իրենց հարցերը, հենց այդ պատճառով էլ ցանկանում են հանձնաժողով ստեղծել. «Ես խուսափեցի քաղաքական գնահատական հնչեցնել, իսկ դուք շտապեցիք դա անել: Դուք ավելի երիտասարդ եք, եթե խորությամբ լսեիք իմ խոսքը, ապա եզրակացություններ կանեիք: Դուք պարզապես խուսափում եք պատասխանել, թե ինչո՞ւ է Երևանը սեփականաշնորհվում, ինչո՞ւ են ոմանք Երևանը տնամերձ տարածք դիտում և գալիս են այստեղ ու «նալոգ» հավաքում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ