Այսօր Aravot.am-ը սփյուռքի նախարարությունից հետաքրքրվեց, թե նախարարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում՝ քեսաբահայերին օգնելու համար:
Հիշեցնենք, որ Սիրիայի հայաբնակ այդ համայնքը մարտի 21-ի առավոտյան զինյալ խմբավորումների կողմից հարձակման է ենթարկվել:
Սփյուռքի նախարարության հաարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանեցին, որ նախարարությունն ուշադիր հետեւում է Քեսաբում տեղի ունեցող իրադարձություններին եւ պարբերաբար կապի մեջ է համայնքի հետ. «Քեսաբի հայ բնակչությանն օգնելու նպատակով որոշակի քայլեր ձեռնարկվել են: Այժմ տեղի հայ համայնքի հետ ճշգրտվում են որոշ մանրամասներ: Թեեւ իրավիճակը տագնապահարույց է եւ քեսաբցիները հայտնվել են չափազանց ծանր իրավիճակում, բայց հույսը չեն կորցնում, որ կվերադառնան իրենց օջախները»:
Կարդացեք նաև
Նախարարությունից նաեւ ասացին, որ զանգվածային ներգաղթի մասին դեռ վաղ է խոսել, ձեռնարկվող միջոցառումներն ուղղված են այն նպատակին, որ քեսաբահայերը վերադառնան իրենց բնակավայրը. «Իրավիճակի ցանկացած պարագայում մեր երկիրը միանշանակ զորավիգ է կանգնելու աղետի մեջ հայտնված մեր հայրենակիցներին: Տեղում իրականացվող միջոցառումների վերաբերյալ առաջիկայում կտեղեկացնենք»,- փոխանցեցին նախարարությունից:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ