«Հայելի» ակումբում այսօր հյուրընկալվել էին Մհեր Մկրտչյանի այրին՝Թամար Հովհաննիսյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը եւ կինոքննադատ Զավեն Բոյաջյանը: Համատեղ նախագծի շրջանակներում լույս կտեսնեն դեռեւս չհրատարակված լուսանկարներ եւ պատմություններ Մհեր Մկրտչյանի մասին: Դրանք կամփոփվեն մի քանի գրքում, նախատեսված են նաեւ ֆիլմեր:
«Շուրջ քսան տարի Զավեն Բոյաջյանը համոզում էր ձեռնարկել այս գործը, այնուհետեւ նա ծանոթացրեց Արմեն Մարտիրոսյանի հետ: Նահանգներում արդեն ծանոթ էի «Անտարեսի» գործունեությանը: Սիրով համաձայնեցի»,-նշեց տիկին Հովհաննիսյանը:
Զավեն Բոյաջյանը մանրամասնեց նախագծի մասին. «Դա հրատարակչական մեծ նախագիծ է, որը մեդիաէլեմենտներ է պարունակում: Այս նախագծի շրջանակներում ամռանը լույս կտեսնի առաջին գիրքը: Նաեւ մեկ-երկու ֆիլմ կլինի: Առաջին գիրքը ավելի շատ ֆոտոալբոմի բնույթ ունի, վիզուալ կողմն է շեշտադրված, այնտեղ ընդգրկված է չհրապարակված 250-300 լուսանկար՝ Թամար Հովհաննիսյանի արխիվից: Լավ կլինի, որ տիկին Հովհաննիսյանի հսկայական արխիվը հանրության սեփականությունը դառնա: Խոսքը ավանդական պատկերացումներով ֆոտոալբոմի մասին չէ, տեքստը զուգորդում է լուսանկարին: Գիրքը համարյա պատրաստ է, Թամար Հովհաննիսյանը իր գործը կատարել է, լուսանկարները մեկնաբանված են, հիմա գիրքը խմբագրական փուլում է: Դիզայներական փուլից սկսած՝ պարոն Մարտիրոսյանի դերը էական կդառնա: Երկրորդ գրքում կլինեն Թամար Հովհաննիսյանի հուշերը Մհեր Մկրտչյանի մասին: Այդ գիրքը եւս կլինի ճոխ լուսանկարներով, գիրքը սակայն անձնական բնույթի կլինի: Մհեր Մկրտչյանը լեգենդար անձնավորություն էր»:
Զավեն Բոյաջյանի խոսքով՝ մինչեւ այժմ բազմաթիվ գրքեր են լույս տեսել Մհեր Մկրտչյանի մասին, որտեղ հաճախ ոչ պատշաճ է ներկայացված քսաներորդ դարի խոշորագույն դեմքերից մեկը. «Մհեր Մկրտչյանն արտիստ է, որին հաճախ մոռանում են անեկդոտիկ պատմությունների հետեւում: Կլինեն նաեւ զանազան նյութեր՝ օտարերկրացի մասնագետների կողմից հրապարակված կամ չհրապարակված, որոնք մեզ մոտ շրջանառված չեն եղել: Մհեր Մկրտչյանի ստեղծագործական խոհանոցը Թամար Հովհաննիսյանից ավելի լավ ոչ ոք չի կարող ներկայացնել: Մի ֆիլմի մասին էլ կուզեի հիշատակել: Ամերիկահայ ռեժիսոր Աննա Տերյանը մի նախագիծ է ունեցել, նա հինգ ժամ տեւողությամբ նյութ է նկարել, որտեղ Թամարը պատմում է Մհերի մասին: Բայց նախագիծը կյանքի չի կոչվել: Հիմա այդ նյութը Թամար Հովհաննիսյանը իր հետ բերել է Երեւան: Գուցե դա լինի հեռուստատեսային ֆիլմի տարբերակով, մի քանի մասից բաղկացած: Ռեժիսոր Արման Երիցյանի հետ ֆիլմն անելու պայմանավորվածություն կա: Նախագիծը կփակի մի ֆիլմ եւս, որ Թամար Հովհաննիսյանի նախագիծն է, դա կլինի վավերական ֆիլմի՝ ռեալիթի-շոուի սկզբունքով»:
Մհեր Մկրտչյանի մասին առաջին գիրքը կլինի երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն՝ արտիստի նկատմամբ հետաքրքրություն կա ոչ միայն ԱՊՀ-ում, այլեւ Սփյուռքում:
Կարդացեք նաև
Արմեն Մարտիրոսյանը նշեց. «Մի տասը տարի առաջ հետազոտություն էինք անցկացնում, թե նախկին ԽՍՀՄ ժողովուրդները ո՞ւմ հետ էին ասոցացնում Հայաստանը: 90%-ը ասում էր՝ Ֆրունզիկ Մկրտչյան, երկրորդ տեղում Ազնավուրն էր, հետո՝ Ջիգարխանյանը, էստեղից միտք հղացավ Մհեր Մկրտչյանի մասին ձեռնարկ ստեղծել: Հետո պարզեցի, որ նման գաղափար ունեն Թամար Հովհաննիսյանը եւ Զավեն Բոյաջյանը: Այսպես մեր ճամփաները «խաչվեցին»: Մեր գիրքը աուդիովիզուալ մշակույթի արդյունք պիտի լինի, շարժվի եւ խոսի»,-ասաց «Անտարեսի» տնօրենը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ