ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանն այսօր ՀՀ գլխավոր դատախազության ուշադրությունը հրավիրեց էպոսագետ Վարդան Սեդրակյանի կնոջ ու Սեդրակյանին մեծ գումարներ տրամադրած ՊՆ ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Ալեքսանդր Աբրահամյանի զրույցի` նախօրեին համացանցում տարածված ձայնագրության վրա:
Ձայնագրությունը, ըստ փաստաբանի, պատմում է, թե ինչպես է Ալեքսանդր Աբրահամյանը Հայրիկյանի դեմ կատարած մահափորձի գործով դատապարտված էպոսագետ Վարդան Սեդրակյանի կնոջից պահանջում միլիոնավոր դոլարները, որոնք տրամադրել էր նրանց:
Պարոն Բաղդասարյանն այսօր «Զարկերակ» ակումբում հիշեցրեց, որ դեռ դատավարության ընթացքում Պարույր Հայրիկյանը միջնորդություն է ներկայացրել՝ հայր եւ որդի Աբրահամյաններին հարցաքննելու մասին:
Նա նաեւ ասաց, որ Աբրահամյանների որդին՝ Էդուարդը, քրեական գործով ցուցմունք էր տվել, որ Սեդրակյանին է տվել $100.000:
Կարդացեք նաև
«Ձայնագրությունում Աբրահամյանը շեշտում է, որ այդ գումարները միայն իրենը չեն, Սեդրակյանի կինն էլ պատասխանում է, որ խուզարկության ժամանակ իրենց տանից գումար չի հայտնաբերվել, հետո անդրադառնում է, որ ինքը խոսել է խուզարկողների հետ: Սա տարօրինակ է, քանի որ, փաստորեն տիրապետել է նախաքննության մարմնի գործողություններին, որի իրավունքը չուներ: Դիմում եմ Ազգային անվտանգության ծառայությանը եւ ՀՀ գլխավոր դատախազին՝ պարզել զրույցում քննարկվող միլիոնավոր դոլարները, որոնք իբր ստացել է այս քրեական գործով դատապարտյալ Վարդան Սեդրակյանը, այդ փողերը որքանո՞վ են առնչվում Հայրիկյանի քրեական գործի հետ :Եվ վերջապես ինչ գումարներ են եւ որքանո՞վ կարող են առնչվել փողերի լվացման հետ : Կան կասկածներ, որ այլ անձինք, որոնց անուններն այս պահին չեն տրվում, մասնավորապես, նրանք, որոնք ֆինանսավորել են Սեդրակյանին, իսկ անմիջապես կալանավորումից հետո շտապել են իրենց զորակցությունը հայտնել նրա հարազատներին, ուղղակի կապ կարող են ունենալ Հայրիկյանի մահափորձի հետ»,- ասաց փաստաբանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ