45 կողմ, 69 դեմ եւ մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, այսօր խորհրդարանը մերժեց չաշխատող մայրերին նպաստներ տրամադրելու մասին ԲՀԿ-ական պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկելու մասին առաջարկը: Նախագծի համահեղինակ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը պատգամավորներին կոչ արեց կողմ քվեարկելով վերացնել աշխատողեւ չաշխատող մայրերի նկատմամբ պետության խտրական մոտեցումը:
Ի դեպ, գլխադասային` սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծին: Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը դա հիմնավորեց նրանով, որ նախագծի հիմնական զեկուցողին առաջարկվել է հետաձգել նախագծի քննարկումը, քանի որ արդեն երկու տարի է, ինչ համանման նախագիծ շրջանառվում է ՕԵԿ խմբակցության կողմից: Հիմնական զեկուցողը հրաժարվել է նախագծի այլընտրանքային քննարկումից:
Մինչ Հակոբ Հակոբյանն այս ամենը ներկայացնում էր, դահլիճից Նաիրա Զոհրաբյանն անհամաձայնություններ էր արտահայտում: Դա չկաշկանդեց Հակոբ Հակոբյանին, եւ նա շարունակեց իր դիտարկումները ներկայացնել առ այն, որ ԲՀԿ-ական պատգամավորների ներկայացրած նախագծով «խոսքը չի գնում չաշխատող մոր երեխային գումար տալու ծրագրին, նախագիծը վերաբերվում է աշխատող մոր անվան տակ չաշխատող մորը գումար տալուն. հարցը գնում է՝ ո՞ր մորը փող տալ`աշխատո՞ղ, թե՞ չաշխատող»:
ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ հավելեց, որ կառավարությունը չի մերժել իրենց նախագիծն, այլ առաջարկել է քննարկումն իրականացնել 2015-ի բյուջեով:
Արդեն քվեարկությունից հետո, ԱԺ նախագահը դիմեց Նաիրա Զոհրաբյանին. «Ես չհասկացա ինչի՞ չեք համաձայնում, տիկին Զոհրաբյան, նորմալ առաջարկ էր անում պարոն Մարգարյանը, ճիշտ կլինի փոխհամաձայնությամբ հարցին լուծում գտնել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ