Լրահոս
Օրվա լրահոսը

Քեսաբահայերի ճակատագիրն ու ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը

Մարտ 24,2014 12:44

Այս օրերին միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է գտնվում Սիրիայի հայաբնակ բնակավայրի` Քեսաբի հարցը: Հիշեցնենք, որ մարտի 21-ի առավոտյան զինյալ խմբավորումների կողմից հարձակման է ենթարկվել Սիրիայի հայաբնակ Քեսաբ բնակավայրը: Հարձակվողները ներխուժել են Թուրքիայի տարածքից: Հարձակման թիրախում սկզբնապես հայտնվել է Քեսաբին մաս կազմող Սեւ աղբյուր գյուղը, որի շրջակա բարձունքները գրավվել են:  Նշենք նաև, որ ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ալ-Ջաֆարին երկու նամակ է ուղարկել ՄԱԿ գլխավոր քարտուղարին և ԱԽ-ի ղեկավարին, որում Թուրքիայի կառավարությանը կրկին մեղադրել է ահաբեկիչներին և «Ալ-Կաիդայի» հետ առնչություն ունեցող խմբավորումներին աջակցելու մեջ:

Փաստերի համադրության արդյունքում պարզ է դառնում, որ Թուրքիան ունի հեռահար նկրտումներ`թուլացնել հայկական համայնքը, մանավանդ, որ Քեսաբը հայաբնակ այն բնակավայրերից է, որն ունի պատմական հզոր ավանդույթներ:

Aravot.am-ը արաբագետ Արաքս Փաշայանից հետաքրքրվեց` Քեսաբի վրա հարձակմամբ Թուրքիան ի՞նչ հեռահար նպատակներ է հետապնդում: Արաբագետը պատասխանեց. «Մեզ համար ամենանուրբ կետը, ամենացավոտ հարցերից մեկը Քեսաբն էր, որը մինչև վերջերս հնարավոր էր լինում զերծ պահել ընդդիմադիր զինյալներից: Բայց հիմա գրեթե ամբողջությամբ բնակավայրը դատարկված է, դրանից ավելի էլ ի՞նչ մարտահրավեր պիտի լինի: Թուրքիայի գործողություններն ուղղված են նաև հայկական համայնքը թուլացնելու ծրագրի իրագործմանը: Ինչ-որ իմաստով դա Թուրքիային հաջողվեց, քանի որ մեծ վնաս հասցրեց Սիրիայում մեր մայր գաղութին` Հալեպին: Այդ առումով Թուրքիան շահած դուրս եկավ սիրիական գործընթացից` թուլացնելով Սիրիան` որպես պետություն»:  

Արաբագետը շեշտեց , որ Քեսաբը «որպես Կիլիկյան Հայաստանի մի բեկոր մնում էր, ու հիմա Քեսաբի վիճակը բոլորին պիտի մտահոգի»:

Հետաքրքրվեցինք` համարժե՞ք էր միջազգային հանրության արձագանքը: Արաքս Փաշայանը պատասխանեց. «Անգամ մեր իշխանությունները, մեր հասարակությունը չեն արձագանքում, ինչո՞ւ պիտի միջազգային հանրությունը արձագանքի: Մեր հասարակության շատ ներկայացուցիչներ անգամ Քեսաբի տեղը քարտեզի վրա չգիտեն, մինչդեռ սիրահայերը երկրաշարժի և արցախյան շարժման ժամանակ Հայաստանի կողքին են եղել: Ուստի մենք` որպես հասարակություն, բացթողումներ ունենք ազգային խնդիրների հեռանկար գիտակցման առումով»:

Արաքս Փաշայանը տեղեկացրեց, որ Քեսաբն այժմ գրավված է զինյալների, ընդդիմադիր իսլամիստների կողմից, բնակչությունը տարհանված է, իսլամիստները ապրում են հայերի տներում և ենթադրվում է, որ նաև կողոպտում են, ավերում: Մեր հարցին` կորցնելով Քեսաբը, ի՞նչ է կորցնում հայությունը, Արաքս Փաշայանը պատասխանեց. «Մենք շատ բան ենք կորցնում. նախ ամբողջ հայության ճակատագիրն է մնում  անորոշ, մենք կորցնում ենք պատմական Կիլիկյան Հայաստանի վերջին շրջանը: Քեսաբը հայաշատ բնակավայր էր, մի քանի գյուղերից կազմված գյուղաքաղաք, համապարփակ հայություն ունեցող բնակավայր, որտեղ մարդիկ զբաղվում  էին գյուղատնտեսությամբ և այլ գործերով: Այստեղ անցկացվում էին սկաուտական բանակումներ, հայ առաքելական և հայ ավետարանական եկեղեցիներն էին  գործում, այստեղ հայերն ապրում էին հայկական ավանդույթներով»:

Aravot.am-ը ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից հետաքրքրվեց` քեսաբահայերին աջակցելու հարցում ԱԳՆ-ն ի՞նչ քայլեր է ձեռնարկում: Պարոն Բալայանը ի պատասխան նշեց, որ «քայլերը հրապարակման ենթակա չեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    ДА! Цинизм “международного сообщества” поражает, когда спокойно смотрят на тысячами гибнувших детей и оооочень беспокоятся, когда ” находят белокурого ребенка в цыганском таборе”(((((. И почему, когда говорят о Сирии, обсуждают только вывоз хим. оружия? И кто финансирует этих бандитов? Турция еще не знает, что следующие 100 лет будет отвечать за сегодняшнее зверства, точно так, как уже 100 лет отвечает за Геноцид.

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31