Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի ելույթը ՀՅԴ միջմարմնական խորհրդաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ

Մարտ 24,2014 12:06

Հարգելի ներկաներ,

Ուրախ եմ, որ առիթ ունեմ հանդիպել ձեզ հետ եւ ողջունել բոլորիդ: Նման հանդիպումները ես պահանջված եմ համարում մի շարք պատճառներով` առաջին հերթին, կարեւորելով Հայ հեղափոխական դաշնակցության տեղն ու դերը համազգային խնդիրների լուծման եւ մեր ժողովրդի շահերի պաշտպանության գործում:
Այս դահլիճում հավաքված են մարդիկ, ովքեր նշանակալի գործունեություն են ծավալում տվյալ ուղղություններով, ինչպես նաեւ ակտիվորեն աշխատում միջազգային ատյաններում արցախյան հիմնախնդրի օբյեկտիվ ներկայացման, Արցախի միջազգային ճանաչման եւ տարբեր պետությունների հետ կապերի հաստատման ու ամրապնդման հարթություններում: Մեր հանդիպումների ժամանակ ես միշտ նշում եմ այդ մասին եւ հիմա, օգտվելով առիթից, ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ` նման հայրենանվեր աշխատանքի համար:
Մենք մշտապես զգում ենք ձեր գործուն աջակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացման եւ զորացման գործում: Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջին իսկ օրից Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչները մասնակցել են մեր պայքարին, ակտիվորեն ներգրավվել Արցախի պաշտպանությանը, մարտնչել թշնամու կողմից մեզ պարտադրված պատերազմի տարբեր ճակատներում, բոլորի հետ միասին կերտել մեր փայլուն հաղթանակները:
Համոզված եմ, որ այս դահլիճում ներկա յուրաքանչյուրիդ համար հետաքրքիր կլինի ծանոթանալ այն խնդիրներին, որոնք մենք այսօր լուծում ենք Արցախի Հանրապետությունում, ուստի կուզենայի հակիրճ ներկայացնել տարբեր ոլորտներում մեր երկրի ձեռքբերումներն ու անելիքները, հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր:

Անդրադառնալով 2013թ. սոցիալ-տնտեսական զարգացման ցուցանիշներին՝ պետք է նշեմ, որ դրանք, ընդհանուր առմամբ, դրական էին: Աճ է գրանցվել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: Տնտեսական աճը բնութագրող ամենակարեւոր ցուցանիշը՝ համախառն ներքին արդյունքը, ըստ նախնական տվյալների, կազմել է գրեթե 167,4 միլիարդ դրամ՝ 2012 թվականի համեմատ աճելով ավելի քան 9 տոկոսով: Ընդհանրապես, վերջին տարիների ընթացքում մեզ հաջողվել է համախառն ներքին արդյունքի ամենամյա աճը պահպանել 9-ից 10 տոկոս շեմի վրա: Ինչպես գիտեք, դա բավականին բարձր ցուցանիշ է, հատկապես՝ հաշվի առնելով այն, որ ներկա դրությամբ նույնիսկ աշխարհի ամենազարգացած տնտեսությունները լավագույն դեպքում ապահովում են համախառն ներքին ադյունքի 3-ից 4 տոկոս աճ:

Իհարկե, վերոհիշյալ ցուցանիշների համեմատությունն առաջացնում է տրամաբանական հարց. ինչպե՞ս է ապահովվում համախառն ներքին արդյունքի աճի նման տեմպերը: Այստեղ որեւէ հրաշք կամ գաղտնիք չկա: Արցախի սոցիալ-տնտեսական ռազմավարության մեջ առաջնահերթությունը տրվում է այնպիսի ճյուղերի զարգացմանը, որոնք ունեն իրականացված կապիտալ ներդրումների դիմաց տնտեսական հատույցի մեծ հնարավորություններ թե ժամանակի, թե ստացված եկամուտների տեսանկյունից: Այդպիսի ճյուղերից են հանքարդյունաբերությունը, էներգետիկան, շինարարությունը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը եւ մի շարք այլ ոլորտներ: Եվ պատահական չէ, որ այդ ճյուղերը որակվել են որպես ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություններ, որոնք ներկա դրությամբ հանդիսանում են մեր տնտեսության շարժիչ ուժը եւ ունեն տնտեսական աճի բարձր տեմպեր:
Հանքարդյունաբերությունը մեր տնտեսության ամենադինամիկ զարգացող ոլորտներից է, որը նաեւ հանդիսանում է պետբյուջեի ամենաեկամտաբեր աղբյուրներից մեկը: Ներկա դրությամբ Արցախի երկրաբանական ֆոնդում գրանցված են 285 հանքավայր եւ օգտակար հանածոների արդյունահանման կետեր: Իրականացվում է մոտ 80 ծրագիր, որի գերակշիռ մասը բաժին է ընկնում արդյունահանմանը: Ունենք մետաղական, ոչ մետաղական եւ վառելիքային հանքավայրեր, որոնցից մի քանիսը բավականին խոշոր են եւ հեռանկարային: Հատուկ ակնկալիքներ ունենք Կաշենի հանքավայրից, որը պարունակում է պղնձի, մոլիբդենի ու ոսկու պաշարներ եւ գալիք տարիներին կդառնա հանրապետության կարեւորագույն տնտեսական օբյեկտներից մեկը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր:
Զարգացնելով հանքարդյունաբերությունը՝ միաժամանակ հաշվի ենք առնում, որ այն թեպետ ապահովում է բարձր տնտեսական աճ, ունի նաեւ յուրահատկություններ: Դա չվերականգնվող ռեսուրս է, եւ անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի ապահովենք Արցախի տնտեսության համապարփակ զարգացումը եւ թույլ չտանք, որ այն կախված լինի միայն մեկ ճյուղից:

Ուստի, բնական պաշարների զարգացման գործում հատուկ կարեւորություն ենք տալիս վերականգնվող ռեսուրսներին, մասնավորապես, հիդրոէներգետիկայի ոլորտին: Այստեղ ունենք շոշափելի դրական տեղաշարժեր: 2008-2012թթ. ընթացքում շահագործման է հանձնվել 6 ՀԷԿ` 21,5 մեգավատ հզորությամբ, մասնավորապես, <<Թրղե-1>>, <<Թրղե-2>>, <<Մադաղիս-1>>, <<Մադաղիս-2>>, Քաշաթաղի շրջանի <<Սյունիք-1>>, <<Սյունիք-2>> ՀԷԿ-երը: 2013 թվականին շահագործման է հանձնվել <<Սյունիք-3>>, <<Սյունիք-4>> ՀԷԿ-երը, իսկ այս տարվա ընթացքում կսկսի գործել <<Թրղե-3>>-ը: Այս ամենն արդեն հնարավորություն է տվել արտադրել մոտ 270 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա` բավարարելով հանրապետությունում էլեկտրաէներգիայի ներքին պահանջարկի մոտ 70 տոկոսը: Պետք է նշեմ, որ փոքր եւ միջին ՀԷԿ-երի կառուցման գործում ակտիվ մասնակցություն են ունենում Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչները, եւ այդ աշխատանքները անհրաժեշտ է շարունակել նաեւ ապագայում:
Այս ոլորտում մեր հիմնական ռազմավարությունը եղել է եւ կմնա ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը մաքսիմալ քանակությամբ էներգիա արտադրելու համար՝ միաժամանակ վնաս չհասցնելով մեր բնությանը եւ շրջակա միջավայրին:
Հանրապետության բնական պաշարների արդյունավետ օգտագործմանը մեծապես նպաստում է շինարարության ոլորտը, որն ապահովում է նաեւ աշխատատեղերի զգալի քանակ: Անցած տարի իրականացվել են մոտ 39 միլիարդ դրամի շինարարական աշխատանքներ հանրապետության տարբեր շրջաններում եւ բնագավառներում` 2007 թվականի ցուցանիշը գերազանցելով ավելի քան 1,8 անգամ:
Շինարարության ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքները տեսանելի են հանրապետության ողջ տարածքում: Դա եւ տարբեր ենթակառուցվածքների, եւ տնտեսական, բնակելի ու հասարակական նշանակության բազմաթիվ նոր օբյեկտների առկայությունն է: Իհարկե, դեռեւս կան իրականացվող աշխատանքների որակի հետ կապված խնդիրներ, սակայն ուրախալի է, որ դրանք աստիճանաբար լուծում են ստանում:
Մեր տնտեսության ավանդական ուղղություններից է գյուղատնտեսությունը: 2013 թվականին 2012-ի համեմատ գյուղատնտեսության համախառն արտադրանքն աճել է ավելի քան 9 տոկոսով: Այս գործընթացում հատուկ ուշադրություն է դարձվում գյուղատնտեսության ինչպես ինտենսիվ, այնպես էլ էքստենսիվ զարգացմանը: Լայնածավալ ծրագրեր են իրականացվում հանրապետության տարբեր վայրերում, մասնավորապես, Արաքսի հովտում: Դա թույլ կտա բարձրացնել գյուղատնտեսական ապրանքների արտադրողականությունը, ինչպես նաեւ նախադրյալներ կստեղծի ժողովրդագրական իրավիճակի բարելավման եւ արցախյան գյուղի զարգացման համար: Իսկ արցախյան գյուղը եւ նրա շարունակական զորացումը մեր ազգային անվտանգության կարեւորագույն խնդիրներից են: Շատ կարեւոր է ուղղակի մշակվող գյուղատնտեսական տարածքներին զուգահեռ այնտեղ կենսունակ բնակավայրերի առկայությունը:
Այս գործընթացում մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում վերաբնակեցման եւ ծնելիության խթանման հարցերին, ինչի ուղղությամբ իրականացվում են լայնածավալ ծրագրեր եւ արդեն իսկ կան դրական տեղաշարժեր: 2013 թվականին հանրապետության բնակչությունը կազմել է 146 հազար 600 մարդ՝ 2010 թվականի համեմատ ավելանալով 3 հազարով, 2008 թվականի համեմատ՝ 6700-ով:
2010 թվականի հունվարի 1-ից ընտանիքում ծնված երկրորդ երեխայի համար վճարվող միանվագ նպաստի չափը բարձրացել է երկու անգամ՝ կազմելով 200 հազար դրամ, երրորդ երեխայի դեպքում՝ 500 հազար դրամ (նույնքան չափով էլ բանկում բացվում է ժամկետային ավանդ), չորրորդ եւ հաջորդ երեխայի դեպքում՝ 700 հազար դրամ (նույնքան չափով էլ բանկում բացվում է ժամկետային ավանդ):
Ինչ վերաբերում է վերաբնակեցմանը, ապա այստեղ նույնպես ունենք դրական տեղաշարժեր: Վերջին տարիներին Արցախում վերաբնակեցվել է մոտ 800 ընտանիք: Ողջունելի է, որ բավականին մեծ տոկոս են կազմում երեխաները: Վերաբնակեցումն իրականացվում է ոչ միայն Արցախի ներքին ռեսուրսի, այլեւ Հայաստանից ու Սփյուռքից ժամանած մեր հայրենակիցների հաշվին: Օրինակ՝ միայն Քաշաթաղի շրջանի հարավային թեւում մշտական բնակություն են հաստատել մի քանի տասնյակ սիրիահայ ընտանիքներ: Պետք է նշեմ, որ մեր սիրիահայ հայրենակիցները չափազանց աշխատասեր են եւ մեծապես նպաստում են ոչ միայն Արցախի հարավային շրջաններում, այլեւ ամբողջ հանրապետությունում աշխատանքի նոր մշակույթի ներդրմանը:
Վերջերս Արաքսի հովտի Հադրութի շրջանի տարածքում հիմնադրվել է նոր բնակավայր` Արաքսավանը: Մենք լուրջ ակնկալիքներ ունենք, որ այդ բնակավայրը կունենա սոցիալ-տնտեսական եւ ժողովրդագրական կարեւոր նշանակություն հանրապետության այդ հատվածի համար:
Ռազմավարական այս քաղաքականության իրականացմանն ակտիվորեն մասնակցում են Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչները:
Պետությունը նպատակասլաց աշխատանք է տանում նաեւ տնտեսության ավանդական ճյուղերի վերականգնման եւ զարգացման ուղղությամբ: Այսպիսի ճյուղերից են գորգագործությունը եւ տեքստիլ արդյունաբերությունը: Վերջին տարիներին մի քանի արտադրամասեր են բացվել Շուշի եւ Ստեփանակերտ քաղաքներում, մասնավորապես, մայրաքաղաքի նախկին Ղարմետաքսկոմբինատի տարածքում: 2013թ. այստեղ կատարված ներդրումները կազմել են 600 միլիոն դրամ, նույնքան պլանավորվում է ներդնել նաեւ ընթացիկ տարում: Այդ արտադրամասերում արդեն իսկ աշխատում է շուրջ 200 մարդ, եւ 300-ից 500 նոր աշխատատեղ է նախատեսվում բացել մոտ ապագայում:
Մեր սոցիալ-տնտեսական օրակարգի ռազմավարական ուղղություններից է զբոսաշրջությունը: Այս ոլորտի զարգացման համար մենք ունենք բարենպաստ բնապատմական պայմաններ: Զբոսաշրջությունը նաեւ համարվում է մեր երկիրն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու, այլ ժողովուրդների ու պետությունների հետ շփումներն ընդլայնելու կարեւոր միջոցներից մեկը, ինչը նպաստում է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին: Ոչ պակաս կարեւոր է այն, որ զբոսաշրջության զարգացման ուղղությամբ համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումը բերում է նոր աշխատատեղերի բացման: Զբոսաշրջությունը մենք դիտարկում ենք նաեւ որպես մատաղ սերնդի դաստիարակության միջոց եւ այդ իսկ պատճառով պատմական հուշարձանները, կենտրոնները, հայ ազգային-ազատագրական պայքարի ակնառու ներկայացուցիչների տուն-թանգարանները դարձնում ենք ոչ միայն զբոսաշրջության, այլեւ ուխտագնացության վայրեր:
Հարգելի ներկաներ,

Այսպիսինն են, ընդհանուր առմամբ, մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ցուցանիշները, որոնք ես հակիրճ ներկայացրի ձեր ուշադրությանը: Իսկ հիմա կանդրադառնամ մի շարք այլ` ոչ պակաս կարեւոր հարցերի:
Մեր հանրապետության կարեւորագույն խնդիրներից մեկն է մարդկային ռեսուրսի եւ մտավոր ներուժի զարգացումը: Այս համատեքստում մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում կրթության եւ գիտության ոլորտին ու այս բնագավառում լայնածավալ ծրագրերի իրականացմանը: Այստեղ պետությանը սատարում են սփյուռքում ապրող մեր հայրենակիցները, որոնց ներդրումների շնորհիվ է նաեւ մեզ հաջողվում կյանքի կոչել տարբեր ծրագրեր եւ ունենալ ժամանակակից չափանիշներին համապատասխանող կրթական հաստատություններ: Օրինակ, բարերարների միջոցներով վերանորոգվել է մայրաքաղաքի թիվ 3 դպրոցը, որի համար ծախսվել է 1 միլիարդ 117 միլիոն դրամ, 2014թ. կավարտվի թիվ 1 միջնակարգ դպրոցի նոր մասնաշենքի կառուցումը, որի ընդհանուր արժեքն է 1 միլիարդ 600 միլիոն դրամ, նախատեսվում է նաեւ իրականացնել թիվ 9 եւ 10 դպրոցների կապիտալ վերանորգումը՝ 1 միլիարդ 900 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ: Այս ոլորտում եւս ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը:
Կուզենայի կանգ առնել նաեւ մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարական ուղղություններից մեկի՝ առողջապահության վրա: Վերջին տարիներին այստեղ նկատվում են դրական տեղաշարժեր: Այս ոլորտում իրականացվող ծրագրերից ամենախոշորը մայրաքաղաքում հանրապետական բժշկական կենտրոնի կառուցումն էր, որի ընդհանուր արժեքը կազմել է 22,5 միլիոն ԱՄՆ դոլար: Այդ գումարը տրամադրել է բարերար Սամվել Կարապետյանը: Հիվանդանոցն արդեն իսկ սկսել է գործել նոր, ժամանակակից չափանիշներին համապատասխանող պայմաններում:
Ֆիզիկապես առողջ հասարակություն ունենալու համար առողջապահության ոլորտի հետ մեկտեղ լուրջ աշխատանքներ են տարվում առողջ ապրելակերպի մշակույթի զարգացման ուղղությամբ: Այս գործընթացի առանցքային բաղադրամսերից է սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի ոլորտը, որտեղ նույնպես վերջին տարիներին նկատվում են դրական փոփոխություններ:
2013թ. մեր մարզիկները, մասնակցելով Հայաստանի, Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին ու միջազգային մրցաշարերին, գրավել են 71 առաջին, 48 երկրորդ եւ 70 երրորդ տեղեր: Մենք ունենք սամբոյի գծով աշխարհի կրկնակի չեմպիոն, նույն մարզաձեւի գծով Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիրներ, կիոկուշինկան կարատե-դոյի գծով աշխարհի բրոնզե մեդալակիր: Եվ այս ցուցակը կարելի է շարունակել: Մեր մարզաշխարհի երախտավորներն իրենց հաղթանակներով բարձր են պահում հարազատ Արցախի, հայ ժողովրդի պատիվը աշխարհի տարբեր ծայրերում: Դա նաեւ նպաստում է մեր երկրի ճանաչմանը միջազգային ասպարեզում:

Հարգելի ներկաներ,

Բնական է, որ դուք հատուկ ուշադրությամբ հետեւում եք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին եւ արտաքին քաղաքական զարգացումներին:
Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, պետք է նշեմ, որ ստեղծված իրավիճակում լուրջ առաջընթաց ակնկալել, բնականաբար, դժվար է, ինչը պայմանավորված է պաշտոնական Բաքվի կողմից տարվող քաղաքականությամբ: 2013 թվականին Ադրբեջանը շարունակել է իր ապակառուցողական քայլերը՝ ակնհայտորեն վարելով ահաբեկչական քաղաքականություն եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները: Դրա վկայությունն են զինադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումները, որոնք հանգեցրել են զոհերի ու կորուստների: Եվ այս ամենի հետ մեկտեղ Ադրբեջանը շարունակում է իր հակահայկական քարոզչությունը՝ ապատեղեկատվություն տարածելով միջազգային ասպարեզում: Նման պահվածք նա ցուցաբերում է ի հակառակ համանախագահների կողմից բանակցային գործընթացի ակտիվացմանն ուղղված քայլերի:
Սակայն, մենք պետք է շարունակենք հակամարտության խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանմանն ուղղված ջանքերը, քանի որ նույնիսկ հարաբերական խաղաղությունը շատ ավելի գերադասելի է լայնամասշտաբ պատերազմից: Դա չի նշանակում, որ մենք ի վիճակի չենք եւ վճռական պաշտպանելու մեր անկախությունն ու ազատությունը՝ կասեցնելով հակառակորդի ցանկացած ոտնձգություն: Ուղղակի յուրաքանչյուր նորմալ հասարակություն, անցնելով պատերազմի միջով, տեսնելով ավերածություններ ու կրելով զրկանքներ՝ չի ցանկանա, որ այն նորից կրկնվի:
Ակնհայտ է, որ առանց խաղաղ գործընթացի բոլոր փուլերին պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք մասնակցության անհնարին կլինի հասնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման: Մենք հետեւողական ենք լինելու բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներում՝ ակտիվ գործունեություն ծավալելով շահագրգիռ բոլոր ատյաններում:
Անդրադառնալով հակամարտության կարգավորման բուն էությանը՝ հարկ եմ համարում եւս մեկ անգամ ընդգծել, որ վերադարձ անցյալին` թե կարգավիճակի եւ թե վարչատարածքային առումով, անթույլատրելի է: Արցախի անկախությունը եւ նրա անվտանգության ապահովումը բոլոր հարթություններում մեզ համար բացառիկ արժեքներ են:
2013 թվականը բավականին արդյունավետ է եղել նաեւ մեր հանրապետության միջազգային ճանաչման տեսանկյունից: Անցյալ տարի Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչել են ԱՄՆ-ի Մեն եւ Լուիզիանա նահանգները, Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո, Լոս Անջելես եւ Հայլենդ քաղաքները: Այդ փաստերը վկայում են նաեւ, որ Արցախը կայացած ժողովրդավարական պետություն է, որի գոյությունը եւ նրա հետ հարաբերությունների զարգացումը կարեւոր է եւ քաղաքական, եւ տնտեսական, եւ բարոյական տեսանկյուններից: Մենք աշխատելու ենք, որպեսզի գալիք տարիներին էլ ավելի ընդլայնենք Արցախի Հանրապետությունը ճանաչած սուբյեկտների աշխարհագրությունը: Չափազանց կարեւոր է նաեւ այլ երկրների, տարբեր վարչական միավորումների հետ կայուն փոխգործակցության հաստատումը եւ կապերի շարունակական ընդլայնումը:
Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման եւ երկկողմ հարաբերությունների հաստատման, արցախյան հիմնախնդրի արդարացի լուսաբանման գործում չափազանց մեծ է Հայ հեղափոխական դաշնակցության եւ նրա տարբեր ստորաբաժանումների դերը: Առանց ձեր մշտական աջակցության եւ տարբեր պետություններում ու միջազգային ատյաններում իրականացվող ամենօրյա քրտնաջան աշխատանքի դժվար կլիներ հասնել շոշափելի հաջողությունների: Ակնկալում ենք վերոհիշյալ ուղղություններում մեր փոխգործակցության շարունակական ընդլայնում ու խորացում:
Հարգելի ներկաներ,

Հատուկ կուզենայի անդրադառնալ մեր զինված ուժերին, մեր հանրապետության կյանքում նրա տեղին ու դերին: Բանակը հանդիսանում է մեր պետականաշինության ամենամեծ ձեռբերումներից մեկը, Արցախի Հանրապետության անվտանգության եւ անկախության ապահովման հիմնական երաշխավորը, ողջ հայության պարծանքը: Եվ բնական է, որ բանակաշինությունը եղել է, կա եւ կմնա հանրապետության կենսագործունեության ամենակարեւոր ուղղություններից մեկը: Ինչքան հզոր լինի բանակը, այնքան ուժեղ ու հպարտ կլինեն մեր պետությունն ու ժողովուրդը, այնքան ավելի հեշտ կլինի հասնել միջազգային ճանաչման եւ զբաղեցնել մեր արժանի տեղը քաղաքակիրթ ժողովուրդների շարքում:
Անցած տարի լուրջ աշխատանքներ են կատարվել զինված ուժերի տեխնիկական հագեցվածության աստիճանի բարձրացման, նոր սպառազինությամբ համալրման, առկա տեխնիկական միջոցների արդիականացման, բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման ուղղությամբ, կառուցվել են նոր զորանոցներ, բարելավվել են ճանապարհները եւ սահմանային գոտու ենթակառուցվածքները: Արդյունքում այսօր բոլոր զորամասերում ունենք արդի չափանիշներին համապատասխան զորանոցային պայմաններ, կոմունալ-կենցաղային, բուժական եւ այլ օբյեկտներ: Իրականացված քայլերը հնարավորություն են տվել բարձրացնել մարտական հերթապահության արդյունավետության աստիճանը՝ հաջողությամբ կասեցնելով հակառակորդի կողմից ձեռնարկված սադրիչ գործողությունները:
2013 թվականը բավականին հագեցած էր համաբանակային տարբեր միջոցառումներով, որոնք մեկ անգամ եւս ցույց տվեցին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մարտունակության բարձր մակարդակը, առաջադրված խնդիրները արդյունավետորեն լուծելու ունակությունը, երկու հայկական պետությունների զինված ուժերի սերտ համագործակցությունը:
Խոսելով հանրապետության պաշտպանունակության բարձրացման մասին՝ անհնար է չանդրադառնալ ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացմանը: Այդպիսի նախագծերի շարքին է դասվում Վարդենիս-Մարտակերտ մայրուղին, որը կառուցվում է համայն հայության մասնակցությամբ: Ակնհայտ է, որ այս շնչերակն ունի ոչ միայն տնտեսական, այլ նաեւ ռազմաքաղաքական կարեւոր նշանակություն: Ինչպես գիտեք, 2013 թվականի հեռուստամարաթոնը նվիրված էր հենց այս ճանապարհի կառուցմանը: Հաշվի առնելով ծրագրի կարեւորությունը եւ պահանջվող միջոցների ծավալը՝ հնարավոր է, որ ամբողջությամբ ավարտին հասցնելու համար անհրաժեշտ լինի այն կրկին ներառել հաջորդ հեռուստամարաթոնի շրջանակներում:

Հարգելի ներկաներ,

Մեր բոլոր հաջողությունների ամենահուսալի գրավականներից մեկը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն է եւ նրա շարունակական ամրապնդումը: Կարելի է վստահաբար ասել, որ արդեն իսկ ստեղծվել է մի համակարգ, որի ներքո աշխարհասփյուռ հայությունը կազմում է մի ամբողջություն՝ անկախ քաղաքական եւ աշխարհագրական սահմաններից ու հեռավորությունից: Գիտակցելով այս ամենը՝ պետք է աշխատենք ավելի մեծ պատասխանատվության զգացումով՝ միշտ մտապահելով, որ հայոց եռամիասնության հզորությունը կախված է նրա յուրաքանչյուր օղակից: Մեր եռամիսնությունն է, որ մեզ դարձնում է անպարտելի: Սա սրբություն է, եւ մեզնից յուրաքանչյուրը պետք է պաշտի այն ու պահպանի՝ հանուն մեր հետագա բոլոր հաղթանակների:

Թանկագին բարեկամներ,

Ես հակիրճ կանգ եմ առել մեր պետության կենսագործունեության այն կարեւոր ուղղությունների վրա, որոնք անհրաժեշտ եմ համարել ներկայացնել այս լսարանում: Դա եղել է օբյեկտիվ վերլուծություն, ինչը չի նշանակում, որ չկան չլուծված խնդիրներ եւ մենք չենք տեսնում դրանց լուծման ուղիները:
Այժմ, եթե կան ելույթներ կամ հարցեր, խնդրեմ:

Շնորհակալություն:
/ք.Ստեփանակերտ, 23 մարտի 2014թ./

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Так держать! АРЦАХ сегодня самая образцовая страна в мире!!

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31