Մարտի 23-ին դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես եկավ լիբանանյան Էմիլ Բուստանի համերգասրահում՝ Al Bustan 20-րդ միջազգային փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում: Երեկոյի առաջին մասում ներկայացվեց Հեկտոր Բեռլիոզի «Ամռան գիշերներ» ստեղծագործությունը, մենակատար` բազմաթիվ ազգային և միջազգային մրցույթների դափնեկիր Ռուքսանդրա Դոնոսե (մեցցո սոպրանո):
Երեկոյի ավարտին Դոնոսեն կիսվեց, որ վայելել է նվագախմբի հետ աշխատանքի և յուրաքանչյուր րոպեն: Նշեց նաև, որ չնայած փորձերի համար հատկացված շատ սուղ ժամանակին, նման պրոֆեսիոնալ և եռանդով լեցուն երիտասարդների հետ համագործակցությունը չափազանց դյուրին էր: Համերգի 2-րդ մասում Երիտասարդականը ներկայացրեց Լյուդվիգ վան Բեթհովենի Սիմֆոնիա թիվ 6 «Հովվերգական»-ը:
Այս համերգով Երիտասարդականը եզրափակեց իր ելույթները Լիբանանում՝ Al Bustan 20-րդ միջազգային փառատոնի շրջանակներում: Երիտասարդականին հաջողվեց գերել հանդիսատեսին և արժանանալ լեփ-լեցուն դահլիճների հոտնկայս ծափահարություններին՝ լսարանին ներկայացնելով դասական երաժշտության լավագույն օրինակներ և համագործակցելով այնպիսի տաղանդավոր երաժիշտների հետ, ինչպիսիք են Անտոնիո Մենեսեսը (թավջութակ), Ջանլուկա Մարչիանոն (դիրիժոր), Ռուքսանդրա Դոնոսեն (մեցցո սոպրանո), Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին (բանդոնեոն) և շատ ուրիշներ:
Համերգները իրենց ներկայությամբ պատվեցին Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան պրն. Աշոտ Քոչարյանը և Բեյրութի հայ համայնքի այլ նշանավոր ներկայացուցիչներ: Հյուրախաղերը կարելի է վստահաբար հաջողված համարել, ընդ որում՝ սպասվածից առավել: Իհարկե, այս ամենը իրական դարձավ նվագախմբի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ, ինչի կապակցությամբ հայտնում ենք խորը երախտիքի խոսքեր:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի
Հասարակայնության հետ կապերի բաժին