Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթում է զուսպը

Մարտ 24,2014 11:10

Ահա թե ինչու «Դեմ եմ» շարժումը պետք է քաղաքականացվի

Կուտակային կենսաթոշակի թեման, կարծես թե, փոքր-ինչ ձանձրալի է դարձել, զուտ լրատվական առումով «գազն անցել է»: Լուծումը, որին, հուսով եմ, կգնա իշխանությունը, օրենքի պարտադիր մասը հետաձգելն է: Եթե մի բան քաղաքացիների 80 տոկոսի սրտով չէ, ապա, անկախ նրանից, առաջարկվող բարեփոխումները ճիշտ են, թե սխալ, դրանցից պետք է հրաժարվել: Ինչո՞ւ է կառավարությունն ուզում երիտասարդներին զոռով լավություն անել: Չեն ուզում` իրենք գիտեն:

Ավելի հետաքրքիր է քաղաքացիական շարժման եւ ընդդիմադիր քաղաքական պայքարի փոխհարաբերությունը: Հասարակական ակտիվիստները պայքարում են կոնկրետ խնդիր լուծելու համար, ընդդիմադիրները` իշխանության համար: (Մի կողմ թողնենք, թե ինչի համար են պայքարում «ոչ իշխանական ուժերը»` դա քննարկվող թեմայի շրջանակներից դուրս է): Ով, ում եւ ինչի համար է օգտագործում: Այս հարցը հնարավոր չէ շրջանցել:

Մի կողմից, «Դեմ եմ» շարժման երիտասարդներն օգտագործում են քաղաքական ուժերին, մասնավորապես, նրանց հնարավորությունները Ազգային ժողովում, Սահմանադրական դատարանում եւ այլն: Մյուս կողմից՝ քաղաքական ուժերը օգտագործում են երիտասարդների շարժումը՝ իշխանության նկատմամբ դժգոհության աստիճանը բարձրացնելու եւ «փողոցի» միջոցով իրենց նպատակներին հասնելու համար: Դա նորմալ փոխշահավետ համագործակցություն է:

Եթե «կուտակայինի» խնդիրը այս կամ այն ձեւով լուծվի (շատ ցանկալի է, կրկնեմ, որ հետաձգվի), ապա պետք է փնտրել համագործակցության ինչ-որ մի այլ «ժողովրդահաճո» թեմա, օրինակ՝ «Վերացնե՛նք արագաչափերն ու տեսախցիկները»: Կարծում եմ, տաքսու բոլոր վարորդները եւ այն քաղաքացիները, որոնք չեն ցանկանում մեքենա վարել օրենքով, կհամախմբվեն այդ քաղաքացիական նախաձեռնության շուրջ:
Բայց վաղ թե ուշ անհրաժեշտություն կառաջանա «ընդհանրացնել» քաղաքացիական շարժումները «Կորչի ռեժիմը» կամ առնվազն «Կորչի կառավարությունը» կարգախոսի տակ, եւ այդ ընդհանրացումներին ոչ բոլոր քաղաքացիական ակտիվիստներն են պատրաստ լինելու: Ինչպես իր վերջին ելույթում իրավացիորեն նշել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, քաղաքացիական շարժումները կա՛մ քաղաքականացվում են, կամ էլ՝ մարում:

«Դեմ եմ» շարժման գործելաոճը տեսնելով, նրանց ներկայացուցիչների հետ շփվելով եւ վերջին հանրահավաքում նրանց ելույթները լսելով, ինձ թվում է՝ որքան շուտ նրանք քաղաքականացվեն, այնքան լավ: Այդ երիտասարդները ի վիճակի են «թարմացնել» քաղաքական համակարգը: Հիմնավորեմ, թե՝ ինչո՞ւ: Նրանք զուրկ են «ավանդական» քաղաքական գործիչների դոգմատիզմից եւ կաղապարվածություննից: Վկայություններից մեկն այն է, որ երիտասարդները հանրահավաքում հնարավորություն են տվել արտահայտվելու «ոչ իշխանական գծից դուրս գտնվող» Նիկոլ Փաշինյանին եւ Ժիրայր Սեֆիլյանին:

«Դեմ եմ»-ի ներկայացուցիչների ելույթները շատ ավելի փաստարկված էին եւ տրամաբանական, քան քաղաքական գործիչներինը (բացառությամբ Հրանտ Բագրատյանի, որը մասնագիտական վերլուծություն է ներկայացրել): «Քաղաքական սեկտորի» անդամները, նույնիսկ երիտասարդ, խոսում էին նույն տրամաբանությամբ եւ նույն բառապաշարով, որը մենք 90-ականների կեսերին լսել ենք Արշակ Սադոյանի եւ Սեյրան Ավագյանի, իսկ 2000-ականների սկզբին՝ Արտաշես Գեղամյանի մոտ: Բացի այդ, ներկայիս կուսակցություններում նույնիսկ 20 տարեկաններն իրենց հայացքները ձեւավորում են եւ շարադրում «պոլիտբյուրոների» կամ գուցե միասնական «պոլիտբյուրոյի» ազդեցության տակ:

«Դեմ եմ»-ի ակտիվիստները չունեն այդ թերությունները, նրանց մոտեցումները, որքան նկատել եմ, մի կողմից ավելի ազատ են, մյուս կողմից՝ ավելի զուսպ ու գործնական: Այդպիսի մարդկանցից իշխանությունն ավելի շատ է վախենում, քան բոցաշունչ հռետորներից կամ կայքերում ու սոցցանցերում հերյուրանքներ գրողներից: Ինչպես ասել է արդեն մեջբերված գործիչը՝ «հաղթում է զուսպը, հաղթում է ինքնավստահը, այլ ոչ թե հախուռնը կամ խելագարը»: Ափսոս, նրա կուսակիցներից եւ մնացած «ոչ իշխանականներից» ոչ բոլորն են հետեւում այդ խորհրդին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31