Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ ես եմ նման Փարաջանովին, ոչ էլ մեր ֆիլմն է նման նրա ֆիլմերին». Սերժ Ավեդիկյան

Մարտ 22,2014 23:20

Այսօր Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ «Փարաջանով» ֆիլմի անդրանիկ դիտումը:

Հարցին, թե արդյոք ի՞նչ է տալիս ֆիլմը ոչ մասնագետ, հասարակ կինոդիտողին, ֆիլմի համահեղինակ և Փարաջանովի կերպարը մարմնավորած հայտնի ռեժիսոր Սերժ Ավեդիկյանը պատասխանեց. «Ես չէի ասի հասարակ կինոդիտող, կասեի բնական, որովհետև հանդիսատեսին երբեք պետք չէ ապուշի տեղ դնել: Ցավոք, դրա փաստերը կան՝ սերիալներից սկսած մինչև հեղինակային կինո: «Փարաջանով»-ը հեղինակային ֆիլմ է, որը պարզ է, հեշտ ընկալելի, «ձևեր չթափող» և, իմ կարծիքով, շատ ազդեցիկ: Ես գրեթե համոզված եմ, որ այն հասու կլինի հանդիսատեսին, որովհետև լիովին բաց է վերջինիս համար: Ես ինքս էլ չէի պատկերացնում, որ այդքան ջերմ ֆիլմ կստացվի»:

Ինչ վերաբերում է մեծ արվեստագետին նվիրված ֆիլմ նկարահանելու իր համարձակությանը, ռեժիսորը գտնում է, որ եթե Սերգեյ Փարաջանովն ինքը համարձակ մարդ չլիներ, ապա այն միջավայրում, որտեղ նա էր ապրում, չէր կարողանա գտնել իր կինոյի լեզուն: «Իսկ իմ համարձակությունը պետք է լիներ հավատալ նրան, որ ոչ թե միստիկայի միջոցով Փարաջանովն ինձ պիտի հուշեր, թե ես կարող եմ, արժանի եմ կամ տեղ կհասցնեմ իր կերպարը, այլ ընդունել, որ մի մարդ, որին ճանաչել եմ, որի «հոտն առել եմ մոտիկից», արժանի է, որ նրա ոչ միայն ստեղծագործական աշխարհը, այլև կյանքը մատուցվի նոր սերունդներին, որպեսզի նրանք իմանան, թե ինչպիսի համարձակ արտիստներ են եղել այդ ժամանակաշրջանում, որոնց պակասը մենք զգում ենք այսօր»,- ասում է ռեժիսորը:

Նա մեծ ուրախությամբ նկատեց, որ կարողացել է շրջանցել այն մեծ վտանգները, որոնք կարող էր իր հետ բերել այս ֆիլմը. «Ես կարող էի ընկնել  Փարաջանովին նմանակելու, նրա «տնազը» անելու թակարդը, կարող էի մտածել, որ պետք է այս ֆիլմը նմանվի նրա ֆիլմերին, բայց, կարծում եմ, ոչ ես եմ նման Փարաջանովին, ոչ էլ մեր ֆիլմն է նման նրա ֆիլմերին: Ես պարզապես հիշեցնում եմ նրան, ես ներկայացնում եմ նրան իմ աչքերով, իմ սուբյեկտիվ էներգիայով»,- ասում է Ս. Ավեդիկյանը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն այս ֆիլմը նշանակալից երևույթ է համարում ինչպես Հայաստանի, այնպես էլ առհասարակ ողջ կինոաշխարհի համար: «Փարաջանով» ֆիլմը բարի լուր է, ավետիս է հետագայում ևս հայ-ֆրանսիական կինեմատոգրաֆիայի ասպարեզում համագործակցելու համար»,- ասում է դեսպանը:

Նկատենք, որ «Փարաջանով» ֆիլմն արդեն ունի փառատոնային լուրջ հաջողություններ, մասնակցել է մի քանի փառատոնների, որոնցից պարոն Ավեդիկյանը ժպիտով հիշեց այն մեկը, որի ժամանակ ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակի՝ 12 շիշ գինի:

Անդրադառնալով ֆիլմի համահեղինակ Օլենա Ֆետիսովայի այն հայտարարությանը, որով նա հրաժարվել էր ՀՀ պետական մրցանակի գումարային մասից, Ս. Ավեդիկյանը չցանկացավ որևէ գնահատական տալ նրա այդ քայլին, որովհետև, ինչպես նկատեց նա, դա խիստ սուբյեկտիվ կլինի. «Մարդն իրավունք ունի ազատորեն որոշում ընդունելու, և ես հարգում եմ Ֆետիսովայի որոշումը: Արվեստագետը կարող է ամբիոնն օգտագործել իր ասելիքն արտահայտելու համար՝ իբրև ազատ մարդ»,- ամփոփեց ռեժիսորը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31