Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթուլ Հակոբյան. «Ինչքան սահմանից հեռանում ես, այնքան թշնամությունը խորանում է»

Մարտ 22,2014 21:44

Ներկայացվեցին  Սիվիլիթասի տարեկան զեկույցը եւ Վ. Օսկանյանի  գիրքը

Լրագրող Թաթուլ Հակոբյանը մարտի 20-ին Նոյեմբերյանում, մարտի 21-ին Իջեւանում ներկայացրեց  Սիվիլիթաս հիմնադրամի  տարեկան զեկույցը, Վարդան Օսկանյանի երկրորդ՝ «Անկախություն ճանապարհով» գիրքը:  Օգտվելով առիթից՝ Հակոբյանը ներկայացրեց նաեւ  իր  «Կանաչ ու սեւ»  եւ «Հայերը եւ թուրքերը» գրքերը:  Նման միջոցառում մարտի 23-ին կկայանա նաեւ Թբիլիսիում՝ տեղի հայության համար:

Նոյեմբերյանում կայացած միջոցառմանը  մասնակցում էին շուրջ երկու տասնյակ մարդ: Սիվիլիթասի տարեկան զեկույցը Տավուշի մարզում  ներկայացնելու վերաբերյալ  Թ. Հակոբյանն  ասաց, որ իրենք որոշել են քաղաքականությունը հնարավորինս տարածել Երեւանից դուրս, պետք է ապակենտրոնացում լինի ոչ միայն կառավարման, այլեւ քաղաքացիական հասարակության, քաղաքագիտական ոլորտներում: Նրան հարցրինք, թե  Նոյեմբերյան քաղաքում, իր հայրենակիցների հետ (Թ. Հակոբյանը ծննդով Նոյեմբերյանի շրջանից է)  կայացած  հանդիպման ժամանակ ի՞նչ ուշագրավ պահեր  եղան: Նա ասաց, որ  բազմաթիվ  հետաքրքիր    հարցեր հնչեցին  եւ հավելեց.
«Հետաքրքրական էին մարդկանց ընկալումները պատերազմի եւ խաղաղության մասին, ընդհանրապես  ի՞նչ են մտածում ադրբեջանցիների մասին: Հատուկ հարց չհնչեց, բայց ինքնին ռեպլիկների կարգով շատ հետաքրքիր էր, որ «թուրքը մնում է թուրք», չէ, ինչո՞ւ, թուրքերն էլ նորմալ մարդիկ են, այստեղ  ապրում էին, մարդկային հարաբերություններ եւ այլն: Դրանք շատ հետաքրքիր են: Այն,ինչ որ  զգում ես սահմանամերձ շրջանում, չի  կարող  զգալ երեւանցին: Երեւանցու համար թուրքը մարդասպան է: Քո եւ ինձ  համար  թուրքը մարդ է, որ կողքին ապրել ենք, եւ այդ իմաստով տարբերությունը շատ է: Ես  միշտ այդ օրինակն  եմ բերում: Երեւանցին պատրաստ չէ կյանքը զոհաբերել հանուն հայրենիքի, կռվել թուրքի դեմ, այստեղի բնակիչն  է պատրաստ դրան: Բայց միեւնույն ժամանակ այդ նույն մարդը պատրաստ է նաեւ լավ արտահայտվել իր նախկին հարեւանի մասին: Դա շատ հետաքրքիր ֆենոմեն է, ինչքան սահմանից հեռանում ես, այնքան թշնամությունը խորանում է: Պետք է որ հակառակը լիներ, սա է հետաքրքիրը»:

 

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31