Թեեւ չորս ոչ իշխանական ուժերը պահանջել էին, որ «Դեմ եմ»-ի հանրահավաքին ելույթ չունենա «Նախախորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, սակայն հանրահավաքում առաջին ելույթներից մեկը՝ «քաղաքացի Կարեն Հովհաննիսյանից» հետո «քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանինն» էր: «Մենք ենք տերը մեր երկրի»՝ ասաց Ժիրայր Սեֆիլյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին, եւ մասնավորապես՝ Ռուսաստանին Ղարաբաղի կամ առավել եւս Հայաստանի միանալու մասին խոսակցություններին: Պարոն Սեֆիլյանի ելույթից հատվածներ կարող եք դիտել տեսանյութում:
Որպես «ՀՀ քաղաքացի» հանդես եկավ նաեւ չորս ոչ իշխանական ուժերի «դաբրոն» չստացած պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց Սերժ Սարգսյանի խոսքերը, որ բնակչության 80 տոկոսը դեմ է այս օրենքին, սակայն պետք է անպայման իրականացվի բարեփոխումը, քանի որ տնտեսությանը պետք են երկար փողեր:
«Պարոնայք Սարգսյաններ,-ասաց ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը,- հեռու մնացեք ժողովրդի գրպանից, դիմեք օլիգարխների գրպաններին, եթե փողեր եք ուզում»:
Ն. Փաշինյանի ելույթից հատվածներ դիտեք տեսանյութում.
Կարդացեք նաև
Ելույթ ունեցան նաեւ «ՀՀ քաղաքացիներ» Րաֆֆի Հովհաննիսյանը, Վահան Բաբայանը, որը հատուկ շեշտեց, որ ոչ որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ է հանդես գալիս, այլ որպես մտահոգ քաղաքացի, Հրանտ Բագրատյանը:
Խոսեց նաեւ «Դեմ եմ» նախաձեռնության անդամներից Կարեն Հովհաննիսյանը, ով շատ վիճահարույց հայտարարություն արեց՝ ասելով, որ 1988-ից հետո մեր ժողովուրդը նման համախմբում չի տեսել:
Մեկ այլ «Դեմ եմ»-ական՝ Արսեն Մանուկյանն ասաց, որ իրենք այստեղ են հավաքվել մեկ նպատակով՝ «թույլ չտալ եւս մեկ անգամ թալանել քաղաքացուն, զրկել նրան իր քրտինքով աշխատած գումարներից, հանապազօրյա հացից, պետք է մեր միջից դուրս գա միտքը, որ ոչինչ չի փոխվելու: Եթե նստում ենք տանը, շատ բան է փոխվում բայց դեպի վատը»: Նա նաեւ ասաց. «Մենք տեսել ենք պատերազմ, երկրաշարժ, մութուցուրտ տարիներ, բայց մնացել ենք Հայաստանում, հույսով, որ լավ է լինելու, մնացել ենք այստեղ, բայց հայը գլուխը կախ փախչում է Հայաստանից, մենք սրա՞ն էինք արժանի»:
«Դեմ եմ» շարժման կազմակերպիչներից Դավիթ Մանուկյանը հիշեցրեց Սահմանադրության 2-րդ հոդվածը, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ քանի որ «դեմ եմ ես, դեմ ես դու, դեմ ենք բոլորս», ուրեմն չի կարող գործել մի օրենք, որին բոլորը դեմ են:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Բայց ինչի նման իրոնիայով և ծաղրով տիկին Մելանյա Բարսեղյան: Այսինքն ինչ՝ ձեր թերթը ծաղրում է այն մարդկանց, ովքեր պայքարում են իրենց իրավունքների համար? ՀՀ քաղաքացին չակերտների մեջ նշելն էլ ընդհանրապես չհասկացա: Կարծում եմ դուք էլ երեկվա հանրահավաքից բան չեք հասկացել
Ընդհանրապես որեւէ ծաղր եւ վիրավորանք չկա: Իսկ չակերտների մեջ նշվել է՝ որպես ուրիշի ուղղակի խոսք: Եթե չակերտներում չդնեի, ընթերցողի համար անհասկանալի կլիներ, թե ես ինչու եմ իմ անունից նրանց ներկայացնում որպես ՀՀ քաղաքացի, արտառոց կհնչեր: Իսկ չակերտներում դրված՝ հասկանալի է, որ դա հենց հանրահավաքում օգտագործված խոսք է: Ոչինչ, որ Դուք չակերտների իմաստը չեք հասկացել, կարեւորը, որ Դուք՝ ի տարբերություն ինձ, երեկվա հանրահավաքից ամեն ինչ հասկացել եք