Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Բալոյանի պատասխանը Վարդան Պետրոսյանին

Մարտ 22,2014 15:32

Վերջերս Վարդան Պետրոսյանի գործով պաշտպանական կողմը հանրությանը ներկայացրեց մի շարք փաստեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Այսինքն, հերթական անգամ փորձ է արվում խեղաթյուրել իրականությունը և հանրությանը ներկայացնել «ցանկալի» փաստեր:

Հրապարակումները կրում են շարունակական բնույթ, ուստի հարկադրված եմ անդրադառնալ դրանց և ներկայացնել իրականությունը.

1. Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպան Ն. Բաղդասարյանը շարունակում է պնդել, որ ամբաստանյալը 5 պաշտպան չունի, որ ներկա պահին վերջինիս շահերը պաշտպանում է միայն ինքը, և 2 փաստաբան էլ պետք է ժամանեն Ֆրանսիայից:

Իրականությունն այլ է.

–         12.11.2013թ. մեղադրյալ Վարդան Պետրոսյանի քույրը՝ Աշխեն Պետրոսյանը դիմում է ներկայացրել քննիչ Հայկ Հակոբյանին, խնդրելով քրեական գործով որպես եղբոր՝ Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպաններ ներգրավվել ևս 4 փաստաբանների (տես՝ քր. գործի հ-2, գ.թ. 226):

–         12.11.2013թ. նույնաբովանդակ դիմում է ներկայացվել նաև ամբաստանյալ Վարդան Պետրոսյանից:

–         Ողջ քրեական գործի նյութերում առկա չէ որևէ դիմում՝ ամբաստանյալի կողմից իր 4 պաշտպաններից հրաժարվելու մասին:

–         Ամբաստանյալ Վ. Պետրոսյանը առաջին դատական նիստի ընթացքում դատարանի հարցին պատասխանեց, որ այո իր շահերը պաշտպանում են ևս 4 փաստաբաններ, մինչդեռ վերջիններիս չներկայանալու առիթով նշեց. «իրենցից հարցրեք»:

Համաձայն ՀՀ քր. դատ. օր-ի 68-րդ հոդվածի 2-րդ մասի՝ անձը պաշտպանի իրավավիճակ ձեռք է բերում մեղադրյալի համաձայնությամբ` նրա պաշտպանությունը ստանձնելու պահից:

Այսինքն, այն պահից սկսած, երբ ամբաստանյալ Վարդան Պետրոսյանը կամահայտնություն է արտահայտել 4 փաստաբաններին ներգրավել որպես իր շահերի պաշտպաններ, վերջիններս ստանձնել են Վ. Պետրոսյանի պաշտպանությունը:

Նույն հոդվածի 3-րդ մասում նշված են պաշտպանի որպես այդպիսին քրեական գործի վարույթին մասնակցելը դադարելու հիմքերը: Դրանք են՝

–    մեղադրյալը լուծել է պաշտպանի հետ ունեցած համաձայնությունը.

–  պաշտպանը  լիազորված չէ մասնակցելու համապատասխան գործով հետագա վարույթին,

– քրեական վարույթն իրականացնող մարմինը պաշտպանին ազատել է քրեական գործով վարույթին մասնակցելուց` հաշվի առնելով քրեական դատավարությանը նրա մասնակցությունը բացառող հանգամանքների հայտնաբերումը.

– քրեական վարույթն իրականացնող մարմինը, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում, ընդունել է կասկածյալի կամ մեղադրյալի հրաժարումը պաշտպանից:

Վերը թվարկված փաստերից և որևէ մեկը հիմնավորող ապացույց պաշտպանական կողմը ինչպես դատարանին, այնպես էլ հանրությանը մամուլի միջոցով չներկայացրեց: Ավելին, ամբաստանյալը դատարանում շարունակեց պնդել, որ իր շահերը պաշտպանում են ևս չորս փաստաբաններ, որոնք առանց հարգելի պատճառների դատարան չէին ներկայացրել՝ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով դատարանի և դատավարության մասնակիցների նկատմամբ:

2. Վերջին հրապարակման ժամանակ Վարդան Պետրոսյանը նշել էր, որ. «… ինձ համար շոուն այն էր, որ փաստաբան Ռուբեն Բալոյանը նախապես տեղեկացված լինելով, որ առաջին դատը հետաձգվելու է (օրենքը պարտադրում է դատը հետաձգել, եթե մեղադրյալի փաստաբանը ներկա չէ), դեռևս ապաքինվող Տաթևիկին տաս րոպեի համար բերել էր դատարան ի ցույց բոլորի, թե տեսեք տեսեք… ինչ անբարո է դատի այս հետաձգումը: Սա էր ինձ համար շոուն: Երբ մարդու հիվանդությունն ու ողբերգությունը շահագործում են…»:

Նախ անհրաժեշտ եմ համարում նշել, որ փաստաբան Ռուբեն Բալոյանը դատական նիստի հետաձգումը որակում է ոչ թե անբարո, այլ դատարանի և դատական նիստի մասնակիցների նկատմամբ պաշտպանական կողմի անհարգալից վերաբերմունքի դրսևորում, գործի քննության անհարգի ձգձգում, դատական նիստի տապալում, ինչը հակասում է քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին: Ինչ վերաբերվում է նշված գործողությունները անբարո լինելուն, դա իմ գնահատելու խնդիրը չէ:

Երկրորդ՝ տուժող Տաթևիկ Հակոբյանին փաստաբան Ռուբեն Բալոյանը չի բերել դատարան, այլ վերջինս դատարան է ներկայացել ծանուցմամբ՝ ենթարկվելով դատարանի օրինական կարգադրություններին:

Երրորդ՝ տուժող կողմը որևէ երաշխիք չուներ (և չէր էլ կարող ունենալ), որ ամբաստանյալ Վարդան Պետրոսյանի 5 փաստաբաններից և որևէ մեկը չի ներկայանա դատական քննությանը և գործի քննության թեկուզ և նախապատրաստական մասը չի սկսվի:

Չորրորդ՝ գործի քննությունը հետաձգվում է ոչ թե պաշտպանի մամուլում հրապարակված հայտարարության, այլև դատարանի որոշման հիման վրա: Ի վերջո, եթե պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի մասնակցությամբ դատական նիստը ժամը 13.15-ին ավարտվելուն պես վերջինս ներկայանար Աբովյանի դատարան,  գործի քննությունը անհիմն չէր հետաձգվի:

3. Եթե Վարդան Պետրոսյանը լիներ «Նուբարաշենի» մեկուսարանում, չեմ կարծում որ կարձանագրվեր դատաքննության անհարգի ձգձգումներ…

Վերը շարադրվածից ելնելով հորդորում ենք պաշտպանական կողմին պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները և իրենց կողմից թույլ տրված օրենքի խախտումները փորձ չանել բարդել տուժող կողմի վրա:

Ռուբեն ԲԱԼՈՅԱՆ

Տուժող Արթուր Հակոբյանի ներկայացուցիչ

Հ. Գ. Հուսով ենք, որ այս հրապարակումից հետո տուժող կողմի փաստաբանների հեռախոսահամարներին անհայտ համարներից զանգեր չեն տեղա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31