Այսօր «Մոսկովյան պուրակում» կկայանա «Արևելքն այստեղ» խորագրով լայնածավալ միջոցառում, որի շրջանակում նախատեսված է՝ «Արևելքն այստեղ» Բուդդայական փիլիսոփայական հարցերի պատասխանների շուրջ մրցույթի արդյունքների ամփոփում, մրցանակների հանձնում, «Լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ անիծել խավարը», ՀՀ քարտեզի պատկերի ձևավորում վառվող փոքրիկ մոմերով, չինա-տիբեթական պարերի ներկայացում և ուսուցանում, Ճապոնական հոկկու-բանաստեղծությունների մրցույթ եւ այլն:
Նախատեսված էր, որ միջոցառմանը ներկա կլիներ տիբեթյան վանական, որը վերջում օրհնության փոքր ծես կկատարեր:
Քիչ առաջ «Տիբեթ» կենտրոնի ֆեյսբուքյան էջում տեղեկություն տարածվեց, որ տիբեթյան վանական-լամայի այցը Հայաստան ձախողվել է: « ՉԺՀ-ում ՀՀ դեսպանատունն անհայտ պատճառներով մերժեց նրա մուտքի արտոնագիրը: Հիշեցնենք, որ այցը նպատակ ուներ Լույս բերելու մեր Հայրենիք՝ դրանով իսկ նպաստելով էներգետիկ դաշտի բարելավմանն ու մեր ազգի հոգևոր զարգացմանը:
Տխուր եզրակացությունները թողնում ենք ձեզ, սիրելի հայրենակիցներ…»,- գրված է Տիբեթ կենտրոնի ֆեյսբուքյան էջում:
«Նոր Հայաստան» կազմակերպության «Տիբեթ» կենտրոնի ղեկավար Էլեանորա Մանանդյանի հետ կապվել չհաջողվեց, իսկ միջոցառման կազմակերպիչներից Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոնի հ/կ-ի նախագահ Արեգ Թադևոսյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ «Արեւելքն այստեղ» խորագրով միջոցառումը կկայանա, սակայն առանց լամայի:
«Ոչ մի առանձնահատուկ պատճառաբանություն չկա, բայց Չինաստանում ՀՀ դեսպանատունը նրան վիզա չի տվել»,-առանց «փակագծեր բացելու» ասաց պարոն Թադեւոսյանը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ «Տիբեթ» կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստան պետք է այցելեր տիբեթյան վանական-լամա Ադեն Պունցոն, իսկ մինչ նրա գալը՝ տիբեթյան վանական-լամա Ադեն Ունցոյի օգնական լամա ՅեշեՆյիման:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ