Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում տարեկան հազարից ավելի մարդ IELTS քննություն է հանձնում

Մարտ 22,2014 13:54

Այս տարի լրանում է IELTS (International English language testing system) քննության հիմնադրման 25-ամյակը: Եվ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանի խոսքով՝ եվրոպական ու ամերիկյան համալսարանների ընդունելության համար անգլերենի թիվ մեկ քննության ստեղծման առթիվ բազմաթիվ միջոցառումներ և համաժողովներ են կազմակերպվում ողջ աշխարհում: «Հայաստանը նույնպես որոշեց միանալ այդ միջոցառումներին, քանի որ մենք շատ ենք կարևորում IELTS թեստը հենց Հայաստանում, և ես ուրախ եմ, որ մեզանում դրա նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է»,- ասաց Ա. Սարիբեկյանը և հավելեց, որ IELTS-ը անգլերենի ամենաճանաչված քննությունն է աշխարհում. «Տարեկան IELTS քննություն է հանձնում ավելի քան երկու միլիոն մարդ: Այսօր աշխարհի շուրջ 8.000 կազմակերպություններ, այդ թվում՝ ակադեմիական և պետական հաստատություններ, ընդունում են IELTS-ը: Իսկ Հայաստանում տարեկան հազարից ավելի մարդ է հանձնում IELTS քննություն և ստանում անգլերենի իմացության միջազգային վկայական»:

Թեև Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրենը տարեցտարի զգալի աճ է նկատում Հայաստանում IELTS քննություն հանձնողների քանակի առումով, բայցևայնպես, նրան ավելի շատ ուրախացնում է ոչ թե այդ հանգամանքը, այլ, ինչպես նա է ասում, այն համագործակցությունները, որոնք Բրիտանական խորհուրդը հաստատում է տարբեր կրթական հաստատությունների հետ, որոնցից են Հայաստանում Ֆրանսիական, Սլավոնական, Ամերիկյան, Մանկավարժական համալսարանները: «Ես հույս ունեմ, որ այս համագործակցությունները կրթական հաստատությունների հետ ավելի կընդլայնվեն, որովհետև սա մեզ համար պարզապես քննության հանձնում չէ, սա ավելի շատ ռազմավարական համագործակցություն է»,- ասում է Ա. Սարիբեկյանը:

Վերջինիս փոխանցմամբ՝ աշխարհի 135 երկրներում այսօր կան IELTS քննություն անցկացնող մոտ ինը հարյուր թեստային կենտրոններ: Հայաստանում այդ գործառույթն իրականացնում է Բրիտանական խորհուրդը, և եթե այս կամ այն կրթական հաստատությունը ցանկություն ունի IELTS-ի քննությունն ընդունելու, դասավանդելու և խորացնելու, իրենք պատրաստ են համագործակցել, տրամադրել նյութեր, դասավանդման մեթոդներ. «Պատրաստ ենք տրամադրել նաև մի նորարական մեթոդ՝ IELTS-ի առցանց դասավանդում, որը հնարավորություն է տալիս ավելի շատ ուսանողներ ընդգրկել»,- ասում է Ա. Սարիբեկյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31