Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պետական մրցանակներ շնորհելիս նախագահն «անտեսեց» թատերարվեստը

Մարտ 22,2014 14:22

Վերջին տարիներին փառատոներով, այդ թվում՝ թատերական, գերհագեցած Երեւանը 2014-ը սկսեց մարտի 19-ին՝ Շեքսպիրյան փառատոնով: Ապրիլի 11-ին կմեկնարկի «Թատրոն X»-ը, 26-ից էլ՝ «Արմմոնոն»: Առաջին հայացքից թվում է՝ բարձրակարգ բեմադրությունների պակաս պետք է որ չլինի, սակայն երեկ ՀՀ նախագահը պետական մրցանակներ շնորհելով տարբեր ոլորտի գործիչների, «անտեսեց» թատերարվեստը: Ի դեպ, այս ոլորտում հայտերի թվում էին «Էդգար Էլբակյան» թատրոնի ներկայացրած Հրանտ Մաթեւոսյանի «Տերը» (բեմադրիչ՝ Արմեն Էլբակյան), Կոմեդիայի թատրոնի՝ Շիրվանզադեի եւ Սաթյանի «Մորգանի խնամին» (բեմադրիչ՝ Երվանդ Ղազանչյան), «Համազգային» թատրոնի՝ «Քեռի Վանյան» (բեմադրիչ՝ Հրաչ Գասպարյան):

Այս առիթով թատերագետ, Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահ, պետական մրցանակներ շնորհող հանձնաժողովի քարտուղար Արա Խզմալյանն «Առավոտին» հայտնեց հետեւյալը. «Ցավոք, հաճախ հայտատուն, հավակնելով պետական մրցանակի, չի գիտակցում դրա «արժեքը», ավելին՝ այդ մրցանակի նշանակությունը հաճախ չեն էլ գիտակցում հանձնաժողովի որոշ անդամներ: Մինչդեռ պետական մրցանակը տվյալ ոլորտի բարձրագույն նվաճումն է, չափանիշն ու կողմնորոշիչը: Անհրաժեշտ է խստացնել հայտերի ընդունման պահանջները, մանրակրկիտ ուսումնասիրել, թե, օրինակ, քանի թատերախոսական է գրվել տվյալ ներկայացման մասին, քանի անգամ է այն խաղացվել, ինչ փառատոների է մասնակցել: Ըստ իս՝ բեմադրությունների երաշխավորներն էլ չպետք է ունենան մեկից ավելի ձայնի իրավունք: Չեմ կարծում, թե պետական մրցանակ չստանալը ոլորտի համար ողբերգություն է, մանավանդ՝ իր գործը պրոֆեսիոնալ, պատվով ու նամուսով անող մարդու համար…»:

Յոթերորդ անգամ իր նախագահությամբ անցնող «Թատրոն X»-ի կապակցությամբ էլ Արա Խզմալյանն ասաց, որ թեեւ նախկինում փառատոնի շրջանակներում մշտապես ընդգրկված են եղել հանրապետության գրեթե բոլոր մարզերը, սակայն այս տարի մշակույթի նախարարության հետ համատեղ նախատեսված է մայիսին Գյումրիում իրականացնել փառատոնի մի ամբողջ ինքնուրույն փուլ: Հիշեցրեց նաեւ, որ նպատակը նույնն է՝ մշակութային պրոցեսները ապակենտրոնացնել մայրաքաղաքից մարզեր՝ հավատարիմ մնալով փառատոնի կարգախոսին, այն է՝ «Մշակութային միասնություն, բանավեճի փառատոն»:

Մեր զրուցակիցը հավելեց, որ Գյումրիում կայանալիք փուլին ներկայացումների դիտումներին կամ հրապարակային քննարկումներին զուգահեռ՝ նախատեսված է անցկացնել նաեւ դրամատուրգիական ընթերցումներ՝ մայրաքաղաքի եւ այլ մարզերի ստեղծագործողների մասնակցությամբ: Դասախոսություններով ու վարպետության դասերով հանդես կգան բեմադրիչներ Ռուբեն Բաբայանը, Զարուհի Անտոնյանը, կինոգետ Դավիթ Մուրադյանը եւ այլք: Իսկ երեւանյան մասնագիտական հանձնախմբին Գյումրիում կմիանան տեղի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի որոշ ներկայացուցիչներ՝ իբրեւ կազմկոմիտեի անդամներ, փառատոնային ծրագրում էլ հանդես կգան թատերական նորահայտ, երիտասարդ անկախ խմբեր: «Այս ծրագրի իրականացման դեպքում մայիսին Գյումրի կժամանեն վրաց մեր գործընկերները»,- հավելեց պարոն Խզմալյանը:

Ցանկացած փառատոն՝ տեղական, թե միջազգային, ըստ էության նույն նպատակն է հետապնդում. նոր անունների բացահայտում: Բացի նման «ավանդական» առաքելությունից, «Թատրոն X»-ը հնարավո՞ր է այլ խնդրի լուծում էլ նախատեսի հարցին՝ Արա Խզմալյանը պատասխանեց. «Թատրոն X»-ով են վերականգնվել նախկինում ավանդական դարձած հրապարակային քննարկումները: Մարզերի եւ մայրաքաղաքի, ինչպե նաեւ Արցախի թատերական գործիչների համար ստեղծվել է իսկապես ստեղծագործական զրույցի հարթակ: Մեր թատրոնի ստուգատեսային ձեւաչափը հստակ վեր է հանում թատերական ոլորտի ձեռքբերումները, թերացումները եւս»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նախագահը ավելի ճիշտ վերաբերվեց թատերարվեստին քան երաժշտարվեստին

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31