«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ չինովնիկների՝ կամուֆլյաժ կրելու եւ գիտնական դառնալու մղումների մասին
«Առավոտը» «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանից, որ ժամանակին ծառայել է բանակում, ուսանող ժամանակ էլ աշխատել Շուշիում, հետաքրքրվեց, թե ինչ կարծիքի է բանակում չծառայած կառավարության անդամների եւ պատգամավորների, պաշտոնյաների՝ որեւէ առիթով զինվորական համազգեստ կրելու մասին: Հիշեցնենք, որ անցյալ տարի կառավարության արտագնա նիստերից մեկը զինվորական հանդերձանքով անցկացնելը բուռն, բացասական ենթատեքստով քննարկումների տեղիք էր տվել: «Արժեքները, ցավոք, փոխվել են… օրինակ, եթե Իսրայելում որեւէ մեկը չի ծառայել բանակում, պետական կարիերայի մասին միանշանակ պետք է մոռանա: Այնտեղ գեներալի աղջիկը պե՛տք է ծառայի, նախագահի տղան մարտական գործողության մասնակցի, էլ չեմ խոսում նրա մասին, որ իրենց մոտ որպես օրենք բոլոր քաղաքական գործիչները որոշակիորեն մարտական փորձ անցած են կամ իրենց պարտքը ամբողջովին տվել են բանակում: Սա շատ կարեւոր բան է: Իրենք ծառայելով՝ որոշակիորեն նաեւ պետական մտածողություն են դաստիարակում: Կամ Մեծ Բրիտանիայի արքայազները, մեկը Աֆղանստանում է ծառայել: Եթե դու ճիշտ արժեքային համակարգ ես մտցնում կառավարման համակարգի մեջ, այնտեղ այլ պրոցեսներ են գնում»,- ասաց պարոն Մարտիրոսյանը:
Նրանից հետաքրքրվեցինք՝ թե ինչ կարծիքի է չինովնիկների՝ անպայման գիտական աստիճան ունենալու՝ վերջին շրջանում մոդայիկ դարձած մղումների մասին:
«Ես կողմ եմ, որ եթե մարդ գիտական գործունեությամբ է զբաղվում, պետք է ծառայությունից ազատվի: Եվ եթե գիտական գործունեությամբ զբաղվելու համար բանակից ազատվել ես, ուրեմն պարտավոր ես քո գիտական գործունեությունը շարունակել, դարձնել կյանքիդ նպատակ, չէ՞ որ պետությունը ռեսուրսներ է ծախսել՝ քո՝ որպես գիտնականի կայանելու համար ու դու ինչ-ինչ արտոնություններից օգտվել ես: Ցավոք, մեր կառավարման համակարգում ոչ միայն դա, այլեւ շատ այլ բացթողումներ կան»,-կարծում է մեր զրուցակիցը:
«Կարծում եմ՝ կառավարման համակարգում գտնվող անձինք չպետք է գիտական ատենախոսություն պաշտպանեն: Ասեմ՝ ինչու: Ես, օրինակ, պատգամավոր եղած ժամանակ ուզում էի դոկտորական պաշտպանել, բայց ժամանակը չէր հերիքում: Առավել եւս, եթե դու պետական բարձրաստիճան պաշտոնյա ես, աշխատանքդ այնքան շատ է, որ ուղղակի չես կարող նման գործունեությամբ զբաղվել: Գիտական գործունեությունը պահանջում է որոշակիորեն նորմալ հոգեկան եւ ֆիզիկական վիճակ, հոգնած հնարավոր չէ գիտությամբ զբաղվել, իսկ կառավարման համակարգը հոգնեցնող է, մտավոր լարվածություն պահանջող: Ցանկացած դեպքում, եթե ունենայինք նորմալ կառավարման համակարգ, երեւի նման երեւույթներն այսպես աչքի չէին զարնվի»,- համոզված է Արմեն Մարտիրոսյանը:
Կարդացեք նաև
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ