Ավարտվեց նաեւ Հայաստանի բռնցքամարտի պատանիների առաջնությունը
Որոշվեցին այս տարիքային խմբի 13 քաշային կարգերի չեմպիոնները: Նրանք են. 46 կգ՝ Ժիրայր Սարգսյան, 48՝ Վահե Բադալյան, 50՝ Արման Անտոնյան, 52՝ Մնացական Հարությունյան, 54՝ Սարգիս Մարգարյան, 57՝ Գեւորգ Հարությունյան, 60՝ Արման Սիմոնյան, 63՝ Արտուշ Հովհաննիսյան, 66՝ Գուրգեն Մադոյան, 70՝ Արթուր-Էրիկ Սիմոնյան, 75՝ Վահե Մելքումյան, 80՝ Էդիկ Մաղաքյան, +80՝ Գուրգեն Հովհաննիսյան:
«Առավոտը» Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանի հետ զրուցեց ստացած տպավորությունների եւ հետագա անելիքների մասին:
– Պարոն Գեւորգյան, մեր նախորդ զրույցներում դուք դժգոհ էիք մնացել թե մեծահասակների, թե երիտասարդների մրցելույթներից: Պատանիների մասին ի՞նչ կասեք:
– Պատանիներից գոհ եմ: Նրանց մեջ օժտված ու տաղանդաշատ տղաներ կան, որոնց հետ մենք, հատկապես՝ մարզիչները դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու: Հսկա աշխատանքային դաշտ կա:
Կարդացեք նաև
– Այսինքն՝ պատանիների որակական մակարդակը, տեխնիկական պատրաստվածության աստիճանն ավելի՞ բարձր է:
– Սա տարիքային այն խումբն է, որտեղ հարկավոր է հիմքերը ճիշտ դնել, եղածը շտկել: Ի տարբերություն մեծահասակների՝ այս տղաներին հնարավոր է նոր բաներ սովորեցնել՝ ճիշտ հարվածել, պաշտպանվել, ռինգում ճիշտ քայլել, տեղաշարժվել եւ այլն:
– Իսկ պատանիների գործողություններում թերություններ չնկատեցի՞ք:
– Ես հետեւում եմ նրանց մրցելույթներին, մտապահում, ինձ մոտ նշումներ անում: Թերություններ, իհարկե, կան, եւ դրանց վերացման ուղղությամբ պետք է աշխատենք մարզչական կոլեկտիվների հետ: Օրինակ՝ տեսանք տղաների, որոնք ռինգում ինչ-որ չափով շոու էին ուզում անել, նմանվել իրենց կուռքերին, երազանքների հերոսներին, ինչպիսիք են, ասենք, Ֆլոյդ Մեդվեյդերը, Ռոյ Ջոնսը: Եվ դա նրանց խանգարում էր: Նրանց պետք է բացատրել, թե իրենց այդ կուռքերը մինչեւ ռինգում շոու անելու «իրավունք» ձեռք բերելն ինչքան երկար ու քրտնաջան ճանապարհ են անցել: Տղաները, օրինակ, չգիտեն, որ նույն Ռոյ Ջոնսը, ի վերջո, ռինգում իր իսկ դերասանության զոհը դարձավ՝ վերջին մենամարտերում նոկաուտով պարտություն կրելով:
– Հիմա պատանիներն ինչո՞վ են զբաղվելու:
– Այսօրվա մենամարտերին հետեւում էին պատանեկան հավաքականների մարզիչները: Ես որոշել էի, որ նրանք պարտադիր լինեն ժյուրիի կազմում, որովհետեւ նրանք կազմելու են հավաքական թիմերը, որոնց հետ աշխատելու են: Վստահ եմ, որ ամենից շատ հենց մարզիչները կցանկանային, որպեսզի հաղթեն ուժեղագույնները, ինչը, կարծում եմ, ստացվեց: Հիմա հավաքականի թեկնածուները կսկսեն ուսումնամարզական հավաքները՝ նախապատրաստվելով աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին:
– Ակնկալիքներ ունե՞նք:
– Կարծում եմ՝ հաջողություններ կունենանք:
– Եթե պատանիներն ընդհանուր առմամբ գոհացրին, հնարավո՞ր է, որ հավաքների հրավիրվեն քաշային կարգերում մրցանակային տեղ զբաղեցրած բոլոր բռնցքամարտիկները:
– Դա մարզիչների որոշելիքն է: Ես չեմ բացառում նաեւ, որ հավաքներում ընդգրկվեն անգամ առաջին մենամարտերում ուժեղագույնին պարտված, սակայն հեռանկարային մարզիկներ՝ նրանց ինքնադրսեւորման հնարավորություն ընձեռելով: Բայց եկեք չշտապենք ու մի փոքր սպասենք:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ