Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այսօր ինձանից խլել են ամեն ինչ, բացի իմ ընտանիքից»

Մարտ 22,2014 14:40

Կալանավորի նամակը՝ ՀՀ նախագահին

Մեծարգո նախագահ, Ձեզ եմ դիմում մեծագույն հույսով եւ հավատով, ակնկալելով Ձեր աջակցությունը, որպեսզի կայանա արդարադատությունը, որպեսզի իրենց ամենակարող պատկերացնող բարձրաստիճան եւ օրինազանց պաշտոնյաներն իրենց արժանի գնահատականը ստանան եւ դրա շնորհիվ իսկ կկասեցվեն հետագա անօրինականությունները:

Այն քրեական գործով վարույթը, որտեղ առկա է անհաղթահարելի ուժ եւ որն էլ խոչընդոտում է քրեական գործի վարույթին եւ դրա արդյունքում հաջողվում է անձեռնմխելի մնալ օրինազանց պաշտոնյաներին, նման քրեական գործով վարույթը պետք է կասեցնել եւ դրանով իսկ կկասեցվեն հետագա անօրինականությունները եւս:

Մեծարգո նախագահ, խոսքս ՀՔԾ-ում քննվող թիվ 13200812 քրեական գործի մասին է:
Քրեական գործի շրջանակներում հայտնված մի շարք բարձրաստիճան վաշխառու պաշտոնյաներ (Վահրամ Մկրտչյան՝ նախկին պետական գույքի կառավարման նախարարության վարչության պետ, այժմ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն, Արման Սարգսյան՝ ՊԵԿ-ի ՕՀՎ-ի բաժնի պետ, Աբրահամ Բախչագուլյան՝ Սննդի անվտանգության տեսչության պետ, Մաթեւոս Մելիքսեթյան, Սուրիկ Տոնոյան, եւ մի շարք այլ պաշտոնյաներ, որոնց անունները ես նշել եմ նախաքննության ընթացքում), օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, ինձ առեւանգեցին, դաժան ծեծի ենթարկեցին, խլեցին ունեցվածքս, բիզնեսներս, ձերբակալել տվեցին եւ հիմա հանգիստ յուրացնում են իմ կողմից ստեղծած եւ ինձանից խլած բիզնեսներից ստացվող գումարներն ու ունեցվածքս:

Այսօր ես գտնվում եմ բանտում այն բանի համար, որ տոկոսով գումար տված վաշխառուները ստեցին, հրաժարվելով իրենց տված գումարներից եւ իրենց ստացած տոկոսներից (ինձ համար հասկանալի պատճառներով, քանի որ չէին կարող հիմնավորել այդ գումարների ծագման աղբյուրները, քանի որ իրենց կողմից ներկայացված հաշվետվություններում ցույց չէին տվել այդ գումարների առկայությունը): Իսկ ՀՔԾ քննիչ Էդ. Հակոբյանը, շահադիտական նպատակներից ելնելով (համենայնդեպս, այդպես էր ինձ ասում քննչական խմբի քննիչ Արթուր Ղազարյանը), հաշվի չառնելով իմ կողմից ներկայացված ապացույցները, անհասկանալի մեղադրանք ինձ առաջադրեց եւ կալանավորեց նախաքննական փուլի 6-րդ ամսում՝ նշելով, որ կալանավորումը, ում հետ որ պետք է՝ համաձայնեցված է:
Նշեմ նաեւ, որ նույն գործը քննող նախկին ՀՔԾ քննիչ Հ. Սարդարյանը, երբ գործը նոր էին հարուցել ՀՔԾ-ում, ինձ քննում էր որպես կասկածյալ, հետո դարձա վկա, հետո տուժող եւ ինձ հայտնեցին, որ հարուցված գործի շրջանակներում իմ կողմից ոչ մի խարդախություն չկա եւ հետո ինչ-ինչ պատճառներով գործը տնօրինեց Էդ. Հակոբյանը, եւ ես դարձա մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 -րդ հոդվածի բովանդակությամբ` խարդախություն, ըստ որի՝ «Խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունքի ձեռք բերելն է»:
Մեծարգո նախագահ, ուսումնասիրելով Վճռաբեկ դատարանի 24.02.2011 թ. ԵԿԴ17619 դատական ակտը, որում ասվում է,
«Սուբյեկտիվ կողմից խարդախությունը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ եւ շահադիտական նպատակով. 26.1 Խարդախությունը կատարվում է միայն ուղղակի դիտավորության մեղքի ձեւով, հանցավորը պետք է գիտակցի, որ խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով հափշտակում է ուրիշի գույքը, ինչպես նաեւ պետք է նախատեսի եւ ցանկանա դա:

26.2 Խարդախության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է նաեւ շահադիտական նպատակի առկայությամբ, այսինքն` մինչեւ գույքը վերցնելը կամ գույքին տիրանալը հանցավորն ի սկզբանե նպատակ է ունենում հափշտակելու այն, չվերադարձնելու գույքը, չկատարելու խոստումը կամ պայմանագրային պարտավորությունները:
Հակառակ դեպքում, երբ գույքը չվերադարձնելու խոստումը կամ պարտավորությունները չկատարելու դիտավորությունն առաջանում է գույքը վերցնելուց հետո (անկախ շարժառիթից), խարդախության հանցակազմը բացակայում է:

26.4 Ընդ որում, եթե ապացույցների բավարար համակցությամբ եւ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով չի հիմնավորվում, շահադիտական չափանիշով չի հիմնավորվում, որ շահադիտական նպատակը ծագել է համապատասխան գործարքի կնքումից առաջ», ապա նման դեպքում խարդախության հանցակազմ առկա չէ:

Ինձ համար անհասկանալի է քննիչ Հակոբյանի եւ նրա նմանների վարքագիծը: Անհասկանալի է նաեւ տնտեսական մեղադրանքների դեպքում կալանքի տակ պահելու նրա որոշումը: Եթե քրեական հետապնդման իմաստը վաշխառուների չակերտավոր «վնասի» փոխհատուցումն է, ապա բանտում գտնվող մեղադրյալն ինչպես է դա անելու բանտում, երբ ոչ մի հնարավորություն չկա դա անելու, իսկ ազատության մեջ գտնվելով՝ կկարողանա աշխատել եւ «վնասը» փոխհատուցել:
Խնդրում եմ Ձեզ, փրկեք ճահճում խորտակվող մեր գործարարներին, նրանց մեծ մասը խարդախ չեն, նրանք աշխատասեր, բարի մարդիկ են, ուղղակի ընկել են ճզմող համակարգի անիվի տակ: Օրինազանց պաշտոնյաները հանրության գիտակցությունը մանիպուլյացիայի են ենթարկել: Ես հավատում են Ձեզ եւ վստահ եմ, որ մեր երկրին փայլուն ապագա է սպասվում:

Այս առեղծվածային քաոսը ստեղծվել է նպատակային, որպեսզի ինձ կալանավորեն եւ դրանից հետո հանգիստ վայելեն ինձնից խլած, տարիների ընթացքում տառապանքով ստեղծված գույքերը եւ բիզնեսները; Մինչ օրս նրանց մոտ ստացվում է խուսափել օրենքի առաջ պատասխանատվությունից: Այսօր նրանք հանգիստ իրենց հանցավոր ծրագրերն են շարունակում իրագործել: Առայժմ չկա մի ուժ, որ նրանց սթափեցնի:
Մեր հույսն ու հավատը Դուք եք ու Տեր Աստված:

Հարգելի նախագահ, այսօր ինձանից խլել են ամեն ինչ, բացի իմ ընտանիքից, որն այսօր անօթեւան է, անչափահաս երեխաներս գտնվում են ծայրահեղ վիճակում: Չորս ամիս ՀՔԾ-ի քննիչ Հակոբյանի կողմից դրած էր արգելանք հանդիպումների եւ հեռախոսազանգերի վրա: Նման մարդկանց ոչ մարդկային արարքների արդյունքում ես զրկված եմ ազատությունից արդեն յոթ ամիս:

Խնդրում եմ Ձեզ իմ եւ իմ ընտանիքի անունից՝ օգնեք, որ վերականգնվի արդարությունը, թույլ մի տվեք խաղան մեր ճակատագրերի հետ:

ԱՐՏԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ

«Երեւան-Կետրոն» ՔԿՀ, կալանավոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31