«Այսօր ալերգիկ հիվանդությունները որակավորվում են որպես համաճարակ: Դրան նպաստում են մթնոլորտի աղտոտվածությունը, սննդի մեջ տարբեր սննդային հավելումների օգտագործումը, դեղորայքի եւ կոսմետիկ միջոցների լայնածավալ կիրառումը կենցաղում»,- մեզ հետ զրույցում այս մասին ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկ-ալերգոլոգ Կրիստինա Ջամալյանը:
Ըստ նրա՝ ամբողջ աշխարհում ալերգիկ հիվանդություններն ավելացել են 20-30 տոկոսով: Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ալերգիայով տառապում է զարգացած երկրների բնակչության մոտ 50 տոկոսը: Այն համարվում է դարի հիվանդություն, չունի տարիք եւ կարող է անհանգստացնել ինչպես նորածնին, այնպես էլ տարեց մարդուն: Բժիշկ Ջամալյանը ալերգիկ հիվանդություններից առանձնացնում է ալերգիկ րենիտը, որն, ըստ նրա, կրում է ոչ միայն սեզոնային բնույթ, այլ նաեւ մարդու մոտ կարող է արտահայտվել ողջ տարին: Բժշկի խոսքերով՝ ալերգիայի այս տեսակը շատ վտանգավոր է եւ պատճառ է հանդիսանում բրոնխիալ ասթմայի. «Այսօր՝ հուրախություն բոլորիս, մեզ մոտ կիրառվում է դիագնոստիկ մեթոդ. նախաբազկի առաջնային մասում կաթեցվում է ալերգենը եւ քերծման հետեւանքով որոշվում զգայունությունը, թե ալերգիան ինչի նկատմամբ է: Այնուհետեւ կատարվում է ալերգենի պատվաստում՝ սկսելով քիչ չափաբաժնից՝ աստիճանաբար ավելացնելով, որպեսզի օրգանիզմը ընտելանա դրան»:
Մասնագետները խորհուրդ են տալիս չզբաղվել ինքնաբուժմամբ եւ ալերգիայի դեպքում անպայման դիմել բժշկի:
ԼՈՒՍԻՆԵ ՔՈԹԱՆՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ