Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար. «Որոշ մարդիկ իրենց քաղաքական նախասիրությունները փորձում են պարտադրել ժողովրդին » («Հայոց աշխարհ»)

Մարտ 22,2014 10:39
hayoc ashxarh

Մեր հարցերին պատասխանում է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար, քաղաքագետ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ


Հայրենի «արեւմտամետները» սվիններով ընդունեցին, որ արցախահայությունը հրապարակ դուրս եկավ ողջունելու Ղրիմի հանրաքվեն. իբր դա ոչ միայն ծանր հարված էր ՀայաստանԱրեւմուտք հարաբերություններին, այլեւ «իմաստազրկում» է Արցախի անկախացման իրավական գործընթացը։ Համամի՞տ եք այդ գնահատականներին։
-Հարցին հարցով պատասխանեմ. երբ Արցախը տոնում էր Հարավային Սուդանի, Կոսովոյի ինքնորոշման հանրաքվեները, ինչո՞ւ չէին քննադատում, չէին ասում՝ դրանով արժեզրկում ենք ԼՂՀ անկախության հռչակումը, չէին մեղադրում աշխարհաքաղաքական այս կամ այն կենտրոնի դիրքորոշումը պաշտպանելու համար. որովհետեւ Ղրիմը որոշել է միանալ Ռուսաստանի՞ն։
Մենք, ի տարբերություն իրենց, տարանջատում չենք դնում Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, խնդիր չունենք պաշտպանելու «կողմերից» մեկի տեսակետը՝ մեր շահերը բոլորովին այլ բան են թելադրում. ստիպված ենք, ավելին՝ պարտավոր ենք վարել փոխլրացման քաղաքականություն՝ հաշվի առնելով նախ եւ առաջ Սփյուռքի գործոնը։ Հարյուր հազարավոր հայրենակիցներ ունենալով ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ արեւմտյան երկրներում՝ ինչպե՞ս կարող ենք մեկը մյուսից տարանջատել կամ մեկի հետ հարաբերություններն առաջ տանել մյուսի հաշվին։
Մեր դիրքորոշումը հստակ է. Ղրիմի հանրաքվեն ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակ է. մարդիկ ընտրության հնարավորություն ունեին՝ կարող էին մնալ Ուկրաինայի կազմում, բայց գերադասեցին դառնալ Ռուսաստանի մի մասը։
Կարծում եմ, ամեն ինչ ավելի քան պարզ է՝ ուղղակի որոշ մարդիկ իրենց քաղաքական նախասիրությունները փորձում են պարտադրել ժողովրդին՝ նեղություն չքաշելով նայել տարածաշրջանի քարտեզին, մոռանալով մեր պատմությունը, մոռանալով, թե ովքեր են մեր հարեւանները։
   –Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը, որի ընթացքում կողմերն արձանագրել են, որ Ղրիմի հանրաքվեն ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հերթական դրսեւորում է, հարուցեց ոչ միայն մեր երդվյալ արեւմտամետների, այլեւ Արեւմուտքի, մասնավորապես, ԱՄՆ դեսպան Հեֆերնի դժգոհությունը։
-Ղրիմի դեպքն ի՞նչ կապ ունի ԱՄՆ-ի կամ Եվրոպայի հետ. սա ազգի ինքնորոշման հարց է, եւ մենք, մեր կարծիքը արտահայտելով, ոչ թե հակադրվում ենք ԱՄՆ-ին, որը մեզ բարեկամ երկիր է, ինչպեսեւ Ռուսաստանը, այլ արձանագրում ենք փաստը՝ այս գործընթացը նոր թափ է հավաքում, եւ Արցախի ինքնորոշման փաստը նույնպես պիտի ճանաչվի։
Նույն արեւմտամետները, Արեւմուտքը, չգիտես ինչու, չդժգոհեցին, չըմբոստացան, երբ որոշում կայացվեց համաեվրոպական առաջին խաղերը Բաքվում անցկացնել։
Ի՞նչ է ստացվում. մի կողմից՝ մեզ մեղադրում են Ղրիմի հանրաքվեն ողջունելու համար, մյուս կողմից, կուլ են տալիս այնպիսի մի ճչացող անարդարություն, որը հարվածում է ե՛ւ եվրոպական արժեհամակարգին, ե՛ւ վարկաբեկում բուն համաեվրոպական խաղերի գաղափարը։ Մենք չենք ուզում խնդիրներ ունենալ Արեւմուտքի հետ, բայց դա չի նշանակում, որ պիտի լռենք, չասենք ճշմարտությունը՝ որ անարդար է համաեվրոպական խաղերը անցկացնել մի երկրում, որտեղ ռասիզմը, այլատյացությունը դարձել են պետական քաղաքականություն։

Լիլիթ Պողոսյան

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31