Ինչպես են փոքրիկ մարգինալ խմբերը դառնում ազդեցիկ,
եթե դեմը չես առնում
Վերջերս պատգամավորներից մեկը խոստովանել է՝ «գենդեր» բառը նույնիսկ Ազգային ժողովում դարձել է հայհոյանք, միասեռական այլասերման հոմանիշ: Խոսքն այն մասին էր, որ համապատասխան մթնոլորտում ծայրահեղական, մարգինալ խումբը դառնում է ազդեցիկ եւ մեծապես ազդում է հասարակական տրամադրությունների վրա: Նման բազմապատկման էֆեկտի օրինակին մենք վերջերս ականատես էինք Ուկրաինայում, երբ «Մայդանի հեղափոխության» շարժիչ ուժը դարձավ «Պրավի սեկտորը» («պրավի», այսինքն՝ ճիշտ, իրավացի, ոչ թե աջ): Դա պատրվակ տվեց ռուսաստանյան պաշտոնական քարոզչությանը նույնականացնել Ուկրաինայի ժողովրդի ընդվզումը, համընդհանուր գողության եւ կոռուպցիայի դեմ պայքարը ծայրահեղ ազգայնական, անշուշտ, դատապարտելի դրսեւորումների հետ:
Նույն բազմապատկման էֆեկտը գործում է նաեւ Հայաստանում: Խաչիկ Ստամբոլցյանն այս պահին չի դասվում ամենաազդեցիկ քաղաքական գործիչների շարքին: Բայց երբ նա իր մի խումբ համախոհների հետ ցույցեր է անում «գենդերի» դեմ, դա արժանանում է Աշոտ Մանուչարյանի նման ծայրահեղ ռուսամետ գործիչների «տեղեկատվական աջակցությանը» (որի նպատակներն արդեն զուտ քաղաքական են) եւ դառնում լայն քննարկման առարկա: Այդպիսով չափազանց ոչ ակտուալ թեման ձեռք է բերում խիստ արդիական գծեր: Մոտավորապես նույն մեխանիզմը նկարագրված է Լիոն Ֆեյխտվանգերի «Հաջողություն» վեպում, երբ Ռուպերտ Կուտցների մարգինալ խմբակը դառնում է ազգի «մտքի տիրակալը»: Վեպում խոսքը, հիշեցնեմ, գերմանական նացիզմի ծագումնաբանության մասին է:
Այսօր մոդայիկ է ծաղրել եվրոպական «քաղաքական կոռեկտությունը», մասամբ նաեւ՝ նույն ռուսաստանյան պաշտոնական քարոզչության ազդեցության տակ: Իհարկե, այս «կոռեկտության» շրջանակներում իսկապես հանդիպում են զավեշտալի դրսեւորումներ: Բայց սա այն դեպքն է, երբ ավելորդ չափավորությունը շատ ավելի շահեկան է, քան սանձարձակությունը: Մենք մեր բառապաշարից պետք է հանենք ցանկացած անպատեհ բառ՝ ազգային, սեռական կամ կրոնական փոքրամասնությունների հասցեին, որքան էլ հակառակն անելով «ազգասեր» եւ «սկզբունքային» երեւանք:
Որ ընդդիմությունը անողոք պայքար է ծավալում իշխանության համար՝ դա նորմալ է: Որ իշխանավորները «անողոք կերպով» ցանկանում են մնալ իրենց աթոռներին՝ դա նույնպես նորմալ է: Աննորմալ է, երբ մտավորականության ներկայացուցիչները կամ հասարակական գործիչները, չցանկանալով խառնվել իշխանություն-ընդդիմություն «վտանգավոր» վեճին (ով գիտի, թե ով որ աթոռին կնստի), մամուլի ակումբներում ժամանակ առ ժամանակ բոցաշունչ ելույթներ են ունենում՝ իբր ի պաշտպանություն ազգային արժեքների եւ հայ ընտանիքի: Իրականում նրանց ոչ արժեքներն են հետաքրքրում, ոչ էլ ընտանիքը: Հարձակվելով միասեռականների եւ աղանդների վրա՝ նրանք լավագույն դեպքում ցանկանում են հիշեցնել իրենց գոյության մասին, իսկ վատագույն դեպքում՝ աշխատում են նույն «մաքսային» (այսինքն՝ հակաեվրոպական) քարոզչության համար:
Կարդացեք նաև
Ցավոք սրտի, Ուկրաինայում վերջին իրադարձություններից հետո ազգային խնդիրները սրվել են, եւ որոշ հայեր իրենց պարտքն են համարում ռուսների նկատմամբ իրենց սերը եւ ուկրաինացիների նկատմամբ իրենց անհամերաշխությունն արտահայտել: Կամ նույն «մաքսային քարոզչության» շրջանակներում, կամ էլ ինքնաբուխ ոմանք գալիս են այն եզրակացության, որ «ուկրաինացիներն ընդհանրապես ազգ չեն»:
Բայց ամենահետաքրքիր մեկնաբանությունն այս առումով ես կարդացի մեր կայքում: Հեղինակը, հարձակվելով «ուկրաինական նացիստների» վրա, այնուհետեւ ապացուցում է, որ նրանք, իբր, իշխանության են եկել «հրեական դավադրության» արդյունքում, եւ ամեն ինչի մեղավորը հենց հրեաներն են, որոնք մարմնավորում են համաշխարհային չարիքը: Ստացվում է՝ «կորչեն նացիստները, իսկ բոլոր հրեաներին պետք է տանել գազային խցիկ»: Տրամաբանական է:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ