Լրահոս
Օրվա լրահոսը

Ղրիմ. միացո՞ւմ, թե՞ բռնակցում

Մարտ 22,2014 14:15

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում թեման քննարկում են ԱԺ պատգամավորներ՝ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը եւ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը:

Արամ Աբրահամյան.- Ուզում եմ սկսել պարզ հարցից, որը երեկ շատ էր քննարկվում. հայ գեներալներից մեկը, որն իր ավանդն ունի արցախյան պատերազմում, ասել էր, որ Ղրիմը Ռուսաստանին միացնելուց հետո Ղարաբաղը պետք է ընդգրկել Ռուսաստանի կազմի մեջ: Արդյոք դուք դա համարո՞ւմ եք՝ ա) հնարավոր, բ) ցանկալի:

Ալեքսանդր Արզումանյան.- Ես ոչ միայն կտրականապես դեմ եմ նման մոտեցմանը, ես նույնիսկ վտանգավոր եմ համարում այս թեմայի արծարծումը: Ընդհանրապես դա անարգանք է Լեռնային Ղարաբաղում բնակվող մեր հայրենակիցների կատարած որոշման նկատմամբ: Բոլորս հիշում ենք, որ 22 տարի առաջ Լեռնային Ղարաբաղը ինքնորոշվեց, եւ այդ ինքնորոշումը, ի տարբերություն Ղրիմի, կատարվեց ազատ պայմաններում, դա ժողովրդի կամարտահայտությունն էր, ավելին` քաջ գիտակցելով համաշխարհային կոնյունկտուրան այդ օրերի, Ղարաբաղը միակողմանի հրաժարվեց Հայաստանին միանալու իր ցանկությունից եւ, անցկացնելով հանրաքվե, որոշեց որպես միջանկյալ քայլ իր անկախությունը հռչակել, որին մենք ամբողջովին սատար կանգնեցինք: Դրանից հետո պարտադրված պատերազմում 2 տարի շարունակ առաջին փուլում նաեւ սովետական բանակի դեմ Արցախը պաշտպանեց իր անկախությունը, ավելին՝ անվտանգության ապահովության գոտի ստեղծեց: Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն խնդիրներից մեկը այդ օրվանից սկսած եղել է ԼՂ ապահովության երաշխավոր լինելը եւ միջազգայնորեն ճանաչման տանելը` որպես անկախ պետականության:
Գուրգեն Արսենյան.- Ես գեներալների բանավեճին խառնվելու ցանկություն չունեմ, որովհետեւ մարդիկ են, ամեն մեկը իր տեսակետն ունի, իսկ տեսակետ ունենալը հանցագործություն չէ:

Ա. Ա.– Ես մի տեղ կարդացի, որ Պանդորայի արկղը բացվեց ոչ թե Ղրիմից, այլ Կոսովոյից: Համաձա՞յն եք:

Ալ. Արզումանյան.- Ամենեւին ոչ: Նախ ես կարող եմ համաձայնվել, որ յուրաքանչյուր երկիր առաջնորդվում է իր ազգային շահով եւ հաճախակի է միջազգային ասպարեզում լինում երկակի ստանդարտի կիրառում, դա նորմալ է: Կոսովոյի ժողովուրդը՝ ալբանացիները, իրենք որոշեցին անցկացնել հանրաքվե, որից հետո միջազգային դատարանը այն քննության առավ եւ հայտարարեց, որ միակողմանի հռչակումը նորմալ է: Սա լավ նախադեպ է մեզ համար, եւ զարմանալի է, որ ԼՂ-ում մեր եղբայրներն ու քույրերը այն ժամանակ որեւէ ձայն չհանեցին: Այստեղ ես համաձայն չեմ, որ օգտագործեցիք «միավորում» բառը, այստեղ եղել է բռնակցում, այսինքն՝ Ռուսաստանի զորքը, որը տեղակայված է Ղրիմում, պարտադրել է անցկացնել հանրաքվե, որեւէ դիտորդ չի եղել: Իմ բոլոր կապերը, հնարավորությունները օգտագործելով՝ այնպիսի տպավորություն ունեմ, որ բացառված է, որ Ղրիմում բնակչության 83 տոկոսը մասնակցած լինի եւ այլն:

Ա. Ա.– Բռնակցո՞ւմ, թե՞ միավորում, եւ 97 տոկոսը սո՞ւտ է, թե՞ ճիշտ:

Գ. Ա.– Ղրիմում եղել է ժողովրդի կամքի դրսեւորում: Ինչո՞ւ, մի քանի փաստարկ ներկայացնեմ. իհարկե, ռուսական զինուժի ներկայությունը կա՝ այնտեղ տեղաբաշխված է Սեւծովյան նավատորմի ռուսական բազան, որտեղ տասնյակ հազարից ավելի զինծառայող կա: Եթե մենք դիտարկենք Ղրիմի բնակչությունը էթնիկ կազմի տեսանկյունից՝ առաջին հերթին Ղրիմի բնակչության ճնշող մեծամասնությունը էթնիկ ռուսներ են, ոչ թե ուկրաինացիներ, թաթարներ, այլ ռուսներ, եւ ռուսական միջավայրում վերջին 20 տարվա ընթացքում այս խմորումը կար՝ ինչո՞ւ է Ղրիմը Ուկրաինայի կազմում: 1954թ. Խրուշչովի որոշումը բերեց նրան, որ իրենք, լինելով էթնիկ ռուսներ, ապրում են իրենց հայրենիքից դուրս՝ այլ պետության կազմում: Այդ խմորումները կային, Ռուսաստանի կազմի մեջ մտնելու այդ շարժումը անընդհատ եղել է, դա պատահական չհայտնվեց Ղրիմում եւ պատահական չդարձավ առարկայական գործընթաց: Չեմ բացառում, որ հանրաքվեի արդյունքների վրա որոշակի ազդեցություն եղել է, սակայն կարծում եմ, որ նույնիսկ ամենաթափանցիկ, ամենադեմոկրատական պայմաններում հանրաքվե անցկացնելու դեպքում 75 տոկոսանոց արդյունքը երաշխավորված էր: Մի քանի գործոն կար, առաջին հերթին ուկրաինական պետության կենսագործունեության ընթացքում Ղրիմը Ուկրաինայի այն տարածքն էր, որը գտնվում է ամենացածր սոցիալ-տնտեսական մակարդակի վրա, ամենացածր եւ ամենաքիչ ուշադրության էր արժանանում կենտրոնական իշխանությունների կողմից: Չմոռանանք նաեւ, որ Ղրիմում 1,7-1,8 մլն բնակչության պայմաններում 500 000 թոշակառու էին՝ հիմնականում ռուս, եւ այդ թոշակառուների մոտ կար որոշակի ձգտում, որ իրենք, լինելով Սովետական Միության քաղաքացի, Սովետական Միության կառուցման մասնակից, իրենց ավանդը ներդնելով` տեսնում էին, որ ստանում էին 2.5 անգամ քիչ թոշակ, քան Ռուսաստանի թոշակառուները:

Քննարկումն ամբողջությամբ`

Պատրաստեց ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31