Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող մեզ չմեղադրեն, որ 3-4-րդ դասարաններում մաթեմատիկայի դասերին չենք մասնակցել». «168 ժամ»

Մարտ 22,2014 10:07

Հարցազրույցն ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի հետ

Նախօրեին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխանելով մեր հարցին` հավաստիացրել է, թե Կառավարությանն անվստահություն հայտնելու ոչ իշխանական ուժերի նախաձեռնությանը ՀՀԿական պատգամավորները կողմ չեն քվեարկելու: Դիմելով քառյակին` նա ասել է. «Եթե տեսականորեն իրենք երեք, չորս կամ տասը պատգամավորի հույս ունեն, մենք էլ նույն կերպ կարող ենք քսաներեսուն պատգամավորի հույս ունենալ այլ դաշտից, դրա համար եկեք չմրցակցենք…»: Հնարավո՞ր է, որ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչ պատգամավորները չքվեարկեն Կառավարությանն անվստահություն հայտնելու` քառյակի նախաձեռնությանը, անցնեն ՀՀԿի ճամբարը, ինչպես ասել է Է. Շարմազանովը:

– Քանի դեռ իրադարձությունը տեղի չի ունեցել, ես չեմ կարող հաստատել կամ հերքել այն: Դա նման կլինի սուրճի բաժակով գուշակություններ անելու զբաղմունքին: Օրը կգա, հարցը կդրվի ԱԺ օրակարգում, տեղի կունենա քվեարկություն, և եթե նման բան լինի, կարող եք հարցերն ուղղել նրանց, ովքեր չեն մասնակցել քվեարկությանը կամ դեմ են քվեարկել: Հակառակ դեպքում՝ կարող եք Է. Շարմազանովից հարցնել՝ ո՞ւր մնացին այդ երկու տասնյակ պատգամավորները, որոնք իբրև ձեր օգտին պետք է քվեարկեին: Սպասեք, քվեարկությունը կլինի, ամեն ինչ կպարզվի, ինչո՞ւ եք շտապում:

Պարոն Արսենյան, քառյակի հասցեին քննադատություններ են հնչում, թե ոչ իշխանական խմբակցությունները չեն հաշվարկում, որ ԱԺում մեծամասնություն չունեն, ուստի նախաձեռնությունն անցկացնել չեն կարող: Չե՞ք հաշվարկել, թե՞ իսկապես հույս ունեք, որ ՀՀԿական պատգամավորները կսատարեն ձեր նախաձեռնությանը:

– Թվաբանության հետ կապված` ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներից և ոչ մեկի մոտ խնդիր չկա, մենք մաթեմատիկայի հետ կապված պրոբլեմներ չունենք: Գիտենք, որ իշխանությունը ներկայացնող պատգամավորների քանակն ավելի շատ է, քան ընդդիմադիր ուժերինը` իրար հետ վերցված, և թող մեզ չմեղադրեն, որ 3-4-րդ դասարաններում մաթեմատիկայի դասերին չենք մասնակցել: Մասնակցել ենք: Խոսքն այն մասին է, որ կառավարությանն անվստահության հարցը բարձրացնող պատգամավորները, որոնք բնակիչների շահերն են ներկայացնում, ասում են՝ չենք վստահում Կառավարությանը, դրա գործունեությանը, արդյունավետությանը: Եվ մենք բարձրաձայնում ենք բնակիչների դժգոհությունն այս առումով, մեզ հետ են ՀՀ քաղաքացիները, որոնք դժգոհ են գործադիրի աշխատանքից: Մենք բարձրացնում ենք այդ հարցը, իսկ նրանց, ում դուր է գալիս այդ աշխատանքը, ովքեր շահառու են կառավարությանը, մենք ցույց ենք տալիս հակառակ կողմը, ռենտգենի նման, ռենտգենը ո՞նց է՝ նկարում ես, ցույց ես տալիս, որ ոսկորը կոտրված է: Այնպես չէ, որ քաղաքական ուժերը, այդ թվում` մեր բլոկը, որը կոչվում է ընդդիմադիր բլոկ, համակերպվել է վատ աշխատող կառավարության հետ: Ո՛չ, մենք չենք համակերպվել ու դրա համար կառավարությանն անվստահություն ենք հայտնում՝ դրսևորելով քաղաքական առողջ մոտեցում: Իսկ եթե կգտնվեն մարդիկ, ովքեր իրականությունը կփորձեն ներկայացնել այլ գույներով՝ իրենց խնդիրն է:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168  ժամ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31