Այս անգլիական թխվածքը յուրահատուկ համ ունի, շատ սննդարար է, արագ է պատրաստվում, եւ երեխաները շատ են հավանում:
Խմորի համար
250 գրամ արմավ (խուրմա)
1 բաժակ թունդ սեւ թեյ
1 թեյի գդալ սոդա
150 գրամ սենյակային ջերմաստիճանի կարագ
1 բաժակ շաքարավազ
3 ձու
0,5 բաժակ մածուն կամ թթվասեր
դարչին
մուսկատի ընկույզ
1 բաժակ ալյուր+ 1 թեյի գդալ սոդա կամ փխրեցուցիչ
Թոֆֆի թանձրահյութի (սոուս) համար
150 գրամ կարագ
150 գրամ եղեգնաշաքար (սուպերմարկետներում վաճառվում է «դեմերերա» կամ «մոսկովադո» դարչնագույն շաքար)
150 գրամ կաթնասեր
վանիլ
Կարդացեք նաև
Պատրաստման եղանակը
Արմավները կորիզահան արեք, լցրեք փոքր կաթսայի մեջ, վրան լցրեք թունդ թեյը, դրեք կրակին, երբ 5-7 րոպե եփվի, ավելացրեք սոդան, թող էլի եփվի, մինչեւ ամբողջությամբ փափկի, եւս 5-6 րոպե: Մի քիչ սառելուց հետո բլենդերով հարեք կամ կարտոֆիլի ճզմիչով տրորեք:
Պատրաստեք խմորը՝ շաքարավազը լավ հարեք նախապես մի քանի ժամ առաջ սառնարանից հանած կարագի հետ՝ մինչեւ սպիտակի, ավելացրեք ձուն, էլի հարեք, ավելացրեք մածունը (կամ թթվասերը), ապա հարած կամ տրորած արմավները, կրկին լավ հարեք, ավելացրեք համեմունքները եւ ալյուրը՝ սոդայի հետ, խառնեք, որ դառնա միատարր զանգված, լցրեք համապատասխան ամանի մեջ, որը կարող է լինել ինչպես մետաղյա, այնպես էլ՝ կերամիկայից, ապակյա, սիլիկոնե, ինչպես ուղղանկյուն, այնպես էլ շրջանաձեւ, կամ կեքսիկների համար նախատեսված, եւ դրեք նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցը:
Թողեք թխվի մինչեւ լրիվ պատրաստ լինելը, որը ստուգեք փայտիկի օգնությամբ՝ եթե փայտիկը խմորի միջից չոր դուրս եկավ, ուրեմն պատրաստ է: Եփվում է մոտավորապես 30-45 րոպե՝ կախված ջեռոցի ամանի չափերից եւ տեսակից:
Մինչ խմորը եփվում է, պատրաստեք թոֆֆի սոուսը:
Կարագն ու շաքարը կրակի վրա հալեցրեք, քիչ-քիչ ավելացրեք կաթնասերը, որի մեջ լցրեք վանիլի էքստրատը կամ վանիլի փոշին:
Երբ պուդինգը պատրաստ լինի, մատուցեք՝ վրան առատորեն թանձրահյութ լցրած:
Բարի ախորժակ: