ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցից հետո Գյումրիում արձանագրվեց Հայաստանի հանրապետության պատմության մեջ թերևս ամենախայտառակ փաստը. նոճիները, որոնք տնկել էին Վլադիմիր Վլադիմիրովիչի այցից ժամեր առաջ, գիշերով թատրոնի շենքին գեղեցիկ տեսք տալու ու ՌԴ նախագահին ակնահաճո երևելու համար, նրա այցի հաջորդ օրը հանեցին ու տարան: Սա դարձավ միջազգային քննարկման թեմա. թե համացանցում, թե Գյումրիում հասնողը թուքումուր էր տալիս նոճիները գյումրեցիներին կամ չտեսնողներին:
Aravot.am-ի այս փաստը հրապարակելուց անմիջապես հետո Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ու ՀՀ ոստիկանության այն ժամանակվա Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանին: Լևոն Բարսեղյանը, գտնելով, որ գողություն է կատարվել, ոստիկանությանը հասցեագրված իր գրության մեջ պահանջել էր. «Գյումրու թատերական հրապարակում, թատրոնի սանդղաշարին 2013 թվականի դեկտեմբերի 1-ին տնկված մի քանի ծառեր անհետացել են դեկտեմբերի 4-ին: Դատելով Aravot.am կայքի հրապարակման մեջ եղած լուսանկարներից` դրանք տարվել են հապճեպ և չեն հասցրել անգամ փոսերը հողով լցնել: Կարծում եմ գողություն է տեղի ունեցել: Խնդրում եմ ՀՀ գործող օրենսդրությամբ այս հաղորդումը ընդունել ի գիտություն, ձեռնամուխ լինել դրանից բխող բոլոր գործողություններին և նեղություն քաշել` ինձ կամ հանրությանը պարբերաբար տեղեկացնել գործի ընթացքի մասին»:
Այսօր Aravot.am-ը Լևոն Բարսեղյանից հետաքրքրվեց, թե ոստիկանությունը բացահայտեց արդյո՞ք նոճիների գողին, որին ի պատասխան նա տեղեկացրեց, որ ոստիկանությունը «ցրողական, աբսուրդ, հիմար» պատասխան է տվել իր հայտարարությանը: «Ես շեշտը դրել էի նրա վրա, թե ո՞վ է տարել նոճիները, սակայն ոստիկանությունը ցրողական, հիմար պատասխան է գրել` նշելով, որ քաղաքապետը դրանք փոխարինել է այլ ծառերով: Ըստ էության ոչ մի պատասխան չի տվել իմ հարցին, թե ովքե՞ր են նոճիների կողոպտիչները»,- ասաց Լևոն Բարսեղյանը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ