Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոստյում-գալստուկով ու մի երկու գիրք կարդալով` ճակնդեղ չես արտադրի». ճակնդեղագործի թոռ

Մարտ 21,2014 22:31

Երեկ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի  առանձնասենյակում  գործարարների հետ հանդիպման ժամանակ խոսելով ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի` Ախուրյանում կառուցած շաքարի գործարանի մասին, կարծիք էր հնչել, թե Մաքսային միությանն անդամակցելու դեպքում հնարավոր է  շաքարավազի գինը բարձրանա, քանի որ հումքը ներկրվում է դրսից, մաքսազերծումը կթանկանա, հետևաբար և անհրաժեշտ է մտածել տեղում հումքը արտադրելու մասին:

Aravot.am-ի հետ զրույցում Ազատանի ավագանու անդամ Գևորգ Աբրահամյանն ասաց, որ դա ուշացած մտածմունք է, քանի որ, ըստ իրեն հասած տեղեկությունների,  Սամվել Ալեքսանյանի «Ալեքս գրուպ» ընկերությունը Արևիկի լավագույն հողատարածքներ է վերցրել ճակնդեղ ցանելու համար, սակայն այդպես էլ չի կարողացել բերք ապահովել: «Եվրոպական ձևերով Հայաստանում ճակնդեղ չի արտադրվում, Բելոռուսիայում, Ուկրաինայում հատուկ կոմբայններով են կազմակերպում ճակնդեղի արտադրությունը, բայց մեզ մոտ, կոնկրետ Շիրակի մարզում տեխնիկան էլ չի փրկում: Մեր հողը քարքարոտ է, և ագրեգատորները քար են հավաքում, ստիպված կոմբայնը պիտի քանդի, մարդը սկսի ձեռքով հավաքել: Այսինքն` մարդկային ուժի գործոնը մեծ է, իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուր հեկտարի վրա առնվազն 30-40 հոգի բանվոր պիտի աշխատի: Սա իր հերթին կբարձրացնի ճակնդեղի ինքնարժեքը: ԽՍՀՄ տարիներին էլ ճիշտ այսպես է եղել, բայց էսօր մարդիկ առողջություն չունեն, շատերին գիտեմ, ովքեր տառապում են մեջքի ցավով, ի վիճակի չեն այդքան ծանր ֆիզիկական աշխատանքի: Մեր երկրի վատն էն է, որ կաբինետներում նստած խոսում են: Էսօր ճակնդեղ արտադրելը ոչ արտադրողին է ձեռնտու, ոչ էլ վերամշակողին: Սա իմ կարծիքը չէ, սա հին ճակնդեղագործների համոզմունքն է:

Ես ինքս ճակնդեղագործուհու թոռ եմ, ով ժամանակին Լենինի շքանշանին է  արժանացել ճակնդեղ արտադրելու համար: 100 կիլոգրամ ճակնդեղից ստացվում է 16 կիլոգրամ շաքարավազ, այսինքն` եթե շուկայական գների անցնենք, ապա գյուղացուն լավագույն դեպքում 25-30 դրամ կտան մեկ կիլոգրամի դիմաց: Բայց վերամշակողի ծախսերն էլ շատ են` թե բանվորին պիտի վարձատրի, թե բերքը բարձողին,  պիտի նաև  ջրի, ոռոգի, քաղհան անի,  պարարտացնի, դեղերով սրսկումներ անի… Սովետական տարիներին ճակնդեղագործները ճակնդեղը ձեռքով դանակով քերել, մաքրել են հողից, բայց մեզ մոտ և մոլախոտն է  շատ, և հողի 50 տոկոսը  կճաքար է, շատ նրբություններ կան,  այնպես որ տեխնիկա ունենալու դեպքում էլ աբսուրդ եմ համարում ճակնդեղի արտադրությունը:

10 տարի առաջ Հոլանդիայից կարտոֆիլի մշակման համար տեխնիկա բերեցին մեզ մոտ, սակայն չաշխատեց հենց նույն քարքարոտ հողերի պատճառով: Օրինակ` մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ղարսում  հողը այդպիսին չէ, զերծ է քարերից, բայց մեզ մոտ…Կոստյում, գալստուկով եկել, հեռվից դաշտերը տեսել են, մի երկու գիրք  էլ  կարդացել են, մի հատ էլ դիսերտացիա են գրել, թեորապես սովորել են, բայց չեն մտել դաշտի մեջ , հողի հետ գործ չեն ունեցել, դրա համար էլ գործի ոչ էֆեկտը գիտեն, ոչ էլ դեֆեկտը»,-ասաց Ազատանի ավագանու անդամը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31