Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանը կանգնեց Հյուսիսային Կորեայի եւ Բաշար Ասադի շարքերում»

Մարտ 21,2014 21:17

«Հայաստանում Ուկրաինայի դեսպանի հետկանչումը դա զգալի հարված է Հայաստանի միջազգային վարքին, Հայաստանի դիրքերին միջազգային հարաբերությունների թատերաբեմում»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն անդրադառնալով Ուկրաինայի արտգործնախարարության  այն հայտարարությանը, որ Ուկրաինան հետ է կանչել Հայաստանում իր արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Կուխտային:

Դեսպանի հետկանչումը, ըստ պարոն Մեհրաբյանի, խիստ վտանգավոր  է այն առումով, որ պարզապես Հայաստան-Ուկրաինա միջպետական հարաբերությունները կարող են երկար ժամանակով վտանգվել.«Իսկ դրա պատճառը ամենեւին էլ ուկրաինական կողմը չէր, այլ` հայկական, որն ուղղակի Ռուսաստանից իր ստորացուցիչ կախվածության պատճառով առաջնորդվում է, ոչ թե իր ազգային, պետական շահերով, այլ` միմիայն Ռուսաստանի կայսերապաշտական շահերով` ի վնաս Հայաստանի շահերի»:

Aravot.am-ի այն դիտարկմանը, որ գուցեեւ այս պահին, երբ Մաքսային միություն ենք պատրաստվում մտնել եւ մեծապես կախված լինելով Ռուսաստանից, Հայաստանը գտավ, որ Ռուսաստանն ավելի կարեւոր երկիր է, պարոն Մեհրաբյանն ասաց. «Խնդիրը միայն Ուկրաինան չէ, փչացնելով հարաբերությունները Ուկրաինայի հետ` Հայաստանը կանգնեց նույն շարքում, ինչ Հյուսիսային Կորեան, ինչ Բաշար Ասադը, եւ գուցե էլի նման կարգի պետությունների, կանգնեց ընդդեմ ամբողջ միջազգային հանրության, ընդդեմ Եվրոմիության, ընդդեմ ԱՄՆ-ի, որոնք այսօր բավականին դաժան պատժամիջոցներ են կիրառում Պուտինի հանցագործ ռեժիմի անմիջական շրջապատի ներկայացուցիչների նկատմամբ` անուն առ անուն նշելով նրանց: Ես կարծում եմ, որ պաշտոնական Երևանի այս քայլը, այսինքն` Հայաստանի իշխանությունների, ուղղակի հարված է Հայաստանի ապագային»:

Մեր այն հարցին էլ, հնարավո՞ր է, դեսպանի հետկանչումն ու հարաբերություններ փչացնելն ազդի նաեւ Ուկրաինայի հայ համայնքի եւ աշխատանքային հայ միգրանտների վրա,քաղաքագետը նկատեց, որ Ուկրաինայում մոտ կես միլիոն հայ է ապրում, որոնք տարբեր զբաղմունքի, հայացքների ու տարբեր հաջողությունների հասած մարդիկ են.«Հայ համայնքն այնտեղ դարերով է ապրում, Ուկրաինայի պատմության մեջ մեծ ներդրում ունեն ու հպարտանալու առիթ են: Սա ավելի լուրջ է, քան ստամոքսայինը: Ի վերջո, այո, այնտեղ կարող են ՀՀ քաղաքացիների նկատմամբ կիրառել այն մոտեցումները, որը հարմար կգտնեն: Ուկրաինայում արդեն դեմոկրատական, պրոեվրոպական իշխանություն է, որը առաջնորդվում է ազգային շահերով, այլ ոչ թե նախորդի պես, միայն ոսկե զուգարաններ բազմապատկելու շահերով: Այս ամենը պետք է հաշվի առնել, եւ հնարավոր չէ դա շրջանցել»:

Իսկ հնարավոր համարում է քաղաքագետը, որ  Հայաստանի հետ հարաբերությունները խզվեն ու մեր դեսպան Անդրանիկ Մանուկյանին էլ հետ վերադառնա Հայաստան, պարոն Մեհրաբյանը դա դիվանագիտական պրոտոկոլային ոլորտից է, եւ դեպքերի հետագա զարգացումները ցույց կտան, թե ինչ կլինի:

Հիշեցնենք, որ Интерфакс-Украина պարբերականը՝ հղում կատարելով Ուկրաինայի արտգործնախարարության տեղեկատվական քաղաքականության վարչության տնօրեն Եվգենի Պերեբիյնիսին, գրել էր` Ուկրաինան հետ է կանչել Հայաստանում իր արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտային: Միաժամանակ Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Կիեւն ակնկալում է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը Ռուսաստանի կողմից Ղրիմի անեկսիայի կապակցությամբ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31