Երեկ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի առանձնասենյակում Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի նախաձեռնությամբ քննարկում էր կազմակերպվել շիրակցի գործարարների հետ՝ Մաքսային միությանն անդամակցելու թեմայով: Այստեղ խոսք ընկավ նաև Ախուրյանում կառուցված շաքարի գործարանի մասին, որը թեև աշխատում է, սակայն հումքը ներկրում է դրսից: Վազգեն Սաֆարյանը նկատեց, որ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում դրսից ներկրված հումքի մաքսատուրքը կավելանա, հետևաբար և այլևս ձեռնտու չի լինի դրսից բերել ու արդիական թեմա կդառնա շաքարի հումքը տեղում արտադրելը: Սակայն Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հակադարձեց, թե փող պիտի տաս գյուղացուն, որ մշակի, հաշվարկը ճիշտ պիտի արվի:
«Տես, ցորեն է ցանում, ինքը գիտի, որ մեկ կիլոյից ունի իրա 120-130 դրամը, եթե ինքը գիտի, ինչո՞ւ պիտի էնպիսի բան ցանի, որ ստանա 80 դրամ, փող պիտի տան, եթե փող չտվեցին, չի մշակի», -ասաց մարզպետը:
Այսօր Aravot.am-ը Ախուրյանի գյուղապետ Արծրուն Իգիթյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ գումար է առաջարկում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը գյուղացիներն, որ վերջիններս ոչ միայն հրաժարվում են ճակնդեղ ցանել, այլ մեզ հետ զրույցներում բավական վրդովված են խոսում պատգամավորի մասին: Ընդհուպ մինչև մի անգամ գյուղացիներից մեկն ասաց. «Էդ օլիգարխը ուզում է մեզ էշի տեղ դնի»: Ախուրյանի գյուղապետը մեզ փոխանցեց, որ Սամվել Ալեքսանյանը բավական ժամանակ է հումքը տեղում արտադրելու խնդրանքով իրենց չի դիմել: Վերջին քննարկումը գյուղացիների հետ եղել է ուղիղ երկու տարի առաջ, որի ժամանակ իրենց առաջարկել են մեկ կիլոգրամ ճակնդեղի համար 40 դրամ վճարել, հետն էլ սերմի տրամադրում` վարկով, սակայն սա ձեռնտու չի եղել ու իրենք հրաժարվել են:
«Այստեղ կա նպատակահարմարության հարց, շաքարի ճակնդեղի արտադրությունը ավելի աշխատատար է, կա պարզ հաշվարկ, թվաբանություն. եթե գյուղացին ցորեն է ցանում, դա քիչ աշխատատար է, մինչև օգոստոսի 10-15-ը հնձում, ավարտում է, միակ վտանգը բնական աղետն է, կարկուտը, սակայն այսօր բոլոր գյուղերը, այդ թվում և Ախուրյանը տեղադրել ու շատացնում են հակակարկտային կայանները: Ամեն ինչ մեքենայացված է, ցորենն արագ իրացվում է, եթե անգամ 2-3 տարի պահես, չի նեխվում, չի փչանում, չի սառում: Նույնը չես կարող ասել ճակնդեղի համար, եթե ժամանակին չիրացրեցիր, խնդիր կունենաս, հետո ճակնդեղ ցանելը ժամանակատար է, այլ բան է, եթե մշակումը մեքենայացվի, ասենք ձեռքով քաղհան չլինի: Գիտեք, էստեղ ժողովրդի ցանկության հարց կա, չես կարող պարտադրել, բայց, իհարկե, հնարավոր է ճակնդեղի արտադրությունը տեղում կազմակերպել:
Կարդացեք նաև
Ես մի խորհուրդ կտամ Սամվել Ալեքսանյանին այս թեմայով, թող ոչ թե գյուղացիներին դիմի ճակնդեղ արտադրելու առաջարկով, այլ ֆերմերային տնտեսություններին: Այդ դեպքում նա գործ կունենա ոչ թե 100 հոգու հետ, այլ 10 հոգու: Օրինակ` Ախուրյանում ամեն մի ընտանիքին միջինը մեկ հեկտար հողատարածք է ընկնում, այսինքն շաքարի գործարանի սեփականատերը պիտի դիմի 100 ընտանիքի հումք արտադրելու համար, բայց նա կարող է դիմել ընդամենը 2-3 ֆերմերային տնտեսությունների: Նորից եմ ասում, հնարավոր է ճակնդեղը տեղում արտադրելը, եթե, իհարկե, մշակումը մեքենայացվի ու պարզ թվաբանություն արվի: Այսօր անգամ հողը պարարտանյութերով հարստացնելու խնդիր չկա. ազոտականից բացի նախատեսել են սուպերկալորիական պարարտանյութ տրամադրել: Մեզ` գյուղապետերիս, արդեն իսկ ասել են հայտ ներկայացնել, թե ում ինչքան է պետք սուպերկալորիական պարարտանյութ ստանալու համար , ներկրել են արդեն այդ պարարտանյութերը ու եթե չեմ սխալվում ապրիլի մեջ կստանաք: Այնպես որ ճակնդեղ արտադրելու թեմայի շուրջ արժե լրջորեն մտածել», -ասաց Արծրուն Իգիթյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ շաքարի գործարանը այս պահին աշխատում է, և իրենց գյուղից կան աշխատողներ: Իսկ թե քանիսին է աշխատանքով ապահովել օլիգարխ- պատգամավորը, Ախուրյանի գյուղապետը հստակ թիվ չգիտեր:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ