Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի Խնձորեսկ գյուղում մտադիր են չեխական գարեջրատուն հիմնել

Մարտ 21,2014 20:51

Երեկվանից երկօրյա ճանաչողական այցով Սյունիք է ժամանել Հայաստանում Չեխիայի Հանրապետության  դեսպանատան գործերի հավատարմատար Պետր Միկիսկան: Հավատարմատարն երեկ եղել է Գորիսի ու Սիսիանի տարածաշրջաններում, իսկ այսօր շրջել է Կապանի տարածաշրջանի լեռնահանքային ձեռնարկություններում, սննդի վերամշակման գործարանում, այցելել փոքր եւ միջին այլ  ձեռնարկություններ: Պարոն Միկիսկան մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ առաջին անգամ է Սյունիք այցելում, ծանոթացել է տարածաշրջանի տնտեսական հնարավորություններին, քննարկել համատեղ ծրագրերի իրականացման հավանականությունները, արդեն իսկ կան հստակ ծրագրեր, սակայն նախընտրեց այս պահին չմանրամասնել դրանք: «Այստեղ կան համագործակցության մեծ հնարավորություններ, կան  հստակ պլաններ, այդ թվում նաեւ գյուղատնտեսության ոլորտում: Հուսով ենք բիզնես համագործակցությունից բացի, Սյունիքի եւ Չեխիայի մեկ այլ տարածաշրջանի միջեւ բարեկամական հարաբերությունների սերտացման հիմքը կդրվի», – ասաց Պետր Միկիսկան:

 

DSCN6283 Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր մարզ այցելած պատվիրակությանը ներկայացրեց մարզում առկա ներուժը, քննարկեցին համագործակցության ոլորտների ու ներդրումների հնարավորությունների մասին եւ որոշ ծրագրեր նախագծեցին: Մարզպետի խոսքով` առաջիկայում փորձ կարվի համատեղ ֆորում կազմակերպել բիզնեսմենների մասնակցությամբ եւ ավելի հստակեցնել համագործակցության ոլորտները:

«ժամանակին չեխական երկու խոշոր գարեջրի գործարաններ ենք ունեցել, կփորձենք աշխատանքներ տանել դրանց վերագործարկման ուղղությամբ: Հատկապես մենք հետաքրքրված ենք նաեւ ջրերի շշալցման սարքավորումների ձեռքբերմամբ, չեխական արտադրությունը բավականին հաջողված փորձ ունի, կան ոլորտներ, որոնց մասին պետք է  քննարկումներ անենք, եթե այդ մի քանի ծրագրերից մեկն իրականություն դարձնենք` բավականին լավ կլինի: Մեր ամբողջ նպատակն այն է, որ այդ ծրագրերի ներդրումով գործազրկության մակարդակը նվազեցնենք, նոր եւ որակյալ աշխատատեղեր ստեղծենք, ինչպես նաեւ փորձենք չեխական բիզնեսի փորձը  ներդնել մեր տարածաշրջանում: Խնձորեսկում բավականին հետաքրքիր ծրագիր ունեն, փոքրիկ գարեջրատուն են ուզում հիմնել` խթանելով տուրիզմի զարգացմանը», -նշեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:

 

chexia

Պարոն Միկիսկայի հետ Սյունիք այցելած, արմատներով Խնձորեսկ գյուղից, «Չեխիայի տուն» հայաստանյան ընկերության գլխավոր տնօրեն Սենիկ Ջուլհակյանը մեզ հետ ունեցած զրույցում անկեղծացավ, որ նաեւ իր սյունեցի լինելն է պայման  հանդիսացել, որպեսզի ծրագրերն իրականացվեն հենց Սյունիքի մարզում, բացի այդ Սյունիքի մարզն ընտրելիս հաշվի են առվել նաեւ մի շարք այլ կարեւոր գործոններ: «Առաջին գործոնը եղել է այն, որ Սյունիքը ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջան է: Մենք չպետք է թողնենք, որ գործակցություն լինի, այլ ամեն ինչ պետք է անենք, որ աշխատատեղ լինի ու սյունեցին մնա Սյունիքում: Երկրորդը` Սյունիքն մյուս մարզերի համեմատ` ունի ամենահզոր տնտեսությունը, եւ երրորդը` Սյունիքը տարածքային առումով ամենամեծ  մարզն է: Ես դեսպանատան հավատարմատարին հատուկ  խնդրել եմ, որ  ներդրումները հեռացնենք Երեւանից, որովհետեւ Երեւանով չի ամեն ինչ սահմանափակվում», – ասաց պարոն Ջուլհակյանը եւ հավելեց, որ  սա հայ-չեխական համատեղ տնտեսական գործունեության սկիզբն է, ուստի ճանաչողական այցով ժամանել են Սյունիք` գնահատելու Սյունիքի մարզի պոտենցիալն ու այն  օգտագործելու հայ-չեխական տնտեսական հարաբերությունների սերտացման համար: «Հույս ունենք, որ դա կբերի շատ մոտ ապագայում աշխատատեղերի բացմանը, որովհետեւ ունենք նախնական  նախագծեր Սյունիքում տուրբին գեներատորների հայ-չեխական համատեղ արտադրություն հիմնելու (հիդրոէլեկտրակայանների համար), ունենք նախագիծ Կապանում սերտիֆիկացիոն կենտրոնի մասնաճյուղ տեղադրելու համար եւ այլն: Չեխիայի դեսպանատան հետ մենք ունենք Երեւանում Չեխիայի տուն բացելու  պայմանավորվածություն, որը կլինի կորդինացիոն կենտրոն հայ-չեխական բիզնես հարաբերությունների համար, այսինքն` չեխական ընկերությունները կարող են գալ կենտրոնանալ Հայաստանում եւ մտածել, թե ինչ ոլորտներում նրանք կարող են կատարել ներդրումներ: Դա կբերի Հայաստանում աշխատատեղերի ավելացմանը, տնտեսության փոխգործակցությանը»,- նշեց  Սենիկ Ջուլհակյանը: Նա նաեւ Ռուսաստանում գործող նմանատիպ` «Чешский двор» ընկերության տնօրենն է: Զրուցակիցս հավաստիացրեց, որ համագործակցության ծրագրերը չեն սահմանափակվելու նշվածերով, կլինեն նաեւ համատեղ ծրագրեր կրթության, գյուղատնտեսության, մշակութային ոլորտներում եւ, որ ամենակարեւորն է, շարունակելու է իր գործունեությունը Սյունիքի տնտեսության հզորացման ու զարգացման համար: «Ամբողջ հայությունը պետք է իմանա, որ ժամանակը գա  զղջալու են չարածի համար»,- ասաց գործարարը` կոչ անելով մյուսներին հետեւել իր օրինակին եւ օգտակար լինել հայրենիքին, քանի ուշ չէ:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31