Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյան. «Ինչ-որ մեկի կողքը կանգնելն ուղղակի իմաստ չունի Հայաստանի համար»

Մարտ 21,2014 18:58

«Ես կարծում եմ, որ այստեղ ուսումնասիրության հարց կա: Դա իսկապես, պետական ուսումնասիրության լուրջ հարց է: Հայաստանը, հայերս, աշխարհի ցանկացած կետում, որտեղ տեղի են ունենում ինքնորոշմանը վերաբերվող գործընթացներ, մենք արագ դա տեսնում ենք, իբրեւ նախադեպ`ԼՂՀ հարցի համար եւ անկեղծ գտնում ենք, որ հանրաքվեն արտահայտում է ժողովդի կարծիքը եւ ամեն ինչ պետք է արտահայտվի այդ կերպ: Ինչ վերաբերվում է Ուկրաինայի եւ ՌԴ-ի միջեւ ստեղծված բարդ իրավիճակին`առանձին քննարկումների հարց է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի նախագահ, նախկին բարձրաստիճան պաշտոնյա Վազգեն Մանուկյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի`ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցից ու Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ դրական դիրքորոշում արտահայտելուց հետո, Կիեւում առաջարկ հնչեց`ՀՀ-ից ետ կանչել Ուկրաինայի դեսպանին եւ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել:

Այսօր արդեն, պաշտոնական Կիեւը նոտա է հղել պաշտոնական Երեւանին` բացատրություն պահանջելով Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ դիրքորոշման մասին: Այս առիթով ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակին ուղղված մեր հարցը դեռեւս անպատասխան է: Հեռախոսազանգերին չեն արձագանքում նաեւ իշխղ ՀՀԿ-ի պատգամավորները:

Հիշեցնենք, որ որոշ ընդդիմադիր ուժեր, մասնավորաբար, ՀԱԿ-ը, արդեն հայտարարել են Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ իրենց դրական վերաբերմունքի մասին:

Վազգեն Մանուկյանից հետաքրքրվեցինք`ճիշտ չէ՞ր լինի, որ պաշտոնական Երեւանն ի սկզբանե եւ անկեղծորեն ներկայացներ իր դիրքորոշումը`նման անհարմար վիճակի մեջ չհայտնվելու համար: «Ես կարծում եմ, որ սա այն հարցը չէր, որ Հայաստանն առաջ անցներ եւ սկսեր ինչ-որ բաներ խոսել: Ինչ-որ մեկի կողքը կանգնելն ուղղակի իմաստ չունի Հայաստանի համար: Մեծ աշխարհաքաղաքական խաղ է գնում, բավականին բարդ իրավիճակ է, այս հեղափոխությունը Ուկրաինային եւ ուկրաինացի ժողովրդին բավականին բարդ, ծանր դրության մեջ դրեց, դժբախտացրեց: Ես չեմ կարծում, որ Ուկրաինայի ժողովրդին պետք չէ կարեկցանքով վերաբերվել: Բայց նաեւ պետք է հասկացությամբ վերաբերվենք Ղրիմի ժողովրդին, որն ուզում է հանրաքվեով պրծնել այդ ամենից`դառնալ անկախ պետություն, միանալ ուրիշ պետության, իրենց որոշելիքն է»,- ասաց մեր զրուցակիցը:

Մեր դիտարկմանը, որ Ուկրաինայում մեծ հայկական համայնք ունենք, պարոն Մանուկյանը հավելեց, որ մեծ հայ համայնքներ ունենք եւ ՌԴ-ում, եւ ԱՄՆ-ում:

Իսկ եթե իրադարձություններն այնպիսի ընթացք ստանան, որ հայ-ուկրաինական դիվանագիտական հարաբերությունները խզվեն`ինչպե՞ս կազդի մեր պետության վրա` հարցին, էլ պատասխանեց. «Շատ վատ կազդի: Դեռ այդ իրադարձությունների սկզբում, մի հարցազրույցում ես կոչ էի արել, որ հայերն այնտեղ չեզոքություն պաշտպանեն: Ղրիմում էլ`քվեարկեն ոչ թե միասնական, այլ անհատական որոշումներով: Չլինի հայկական կողմ: Դա մեզ բացարձակապես պետք չէ»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31