Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն է անցկացվել

Մարտ 21,2014 18:44

Մարտի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին մի շարք վարչությունների կողմից իրականացված աշխատանքները, քննարկվեցին հաշվետու ժամանակահատվածում իրականացված միջոցառումներն ու շտկման կարիք ունեցող բացթողումները:

IMG_3

Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, պաշտպանության նախարարի խորհրդականներ, բարձրաստիճան զինվորականներ:

Բացման խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ կատարված աշխատանքների համակողմանի վերլուծության դեպքում միայն կարելի է բացառել նախկինում թույլ տրված բացթողումները, ճշգրտել հետագա անելիքները, ուղենշել առաջիկա աշխատանքային ուղղությունները:

Խորհրդակցության ընթացքում զեկույցով հանդես եկավ ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Տիրան Խաչատրյանը: Նշելով, որ հաշվետու ժամանակահատվածում մեծ ուշադրություն է դարձվել սպայակազմի մարտական պատրաստության մակարդակի բարձրացմանը, Տ. Խաչատրյանն անդրադարձավ անցկացված պլանային և անակնկալ ստուգայցերի արդյունքներին, համաբանակային, մարտական և զորահավաքային պատրաստականության միջոցառումներին: Ներկայացվեցին ԶՈւ սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակը, զորքերի ծրագրականոնադրային ապահովման գործընթացը, արձանագրված թերություններն ու դրանց շտկման համար առաջարկվող լուծումները։

ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետ, գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանն իր զեկույցում փաստեց, որ 2013 թվականին անցկացված ստուգումներն ու զորավարժությունները ցույց են տվել, որ զինված ուժերի հրթիռահրետանային ստորաբաժանումներն ունակ են կատարելու իրենց առաջադրված խնդիրները: Զեկույցում ընդգծվեց, որ ենթակա անձնակազմի մարտավարական-մասնագիտական մակարդակի բարձրացման և լավագույններին խրախուսելու նպատակով հաշվետու ժամանակահատվածում առաջին անգամ զինված ուժերում անցկացվել է «Լավագույն ականանետային դասակ» մրցույթը։

Խորհրդակցության ընթացքում հաշվետու զեկույցներով հանդես եկան նաև ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի վարչության պետ, գնդապետ Կ. Աբրահամյանը, ՀՀ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության վարչության պետ, գնդապետ Ս. Արզումանյանը, ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման  վարչության պետ, գնդապետ Հ. Կարապետյանը, ովքեր ներկայացրեցին ենթակա կառույցների կողմից իրականացված աշխատանքները, դրանց բարելավմանը միտված մի շարք առաջարկներ և նախաձեռնություններ։

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերհանեց շտկման կարիք ունեցող խնդիրները, նախանշեց առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները:

 

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31